Երեկվա ՀՔԾ պետի հայտարարույունը հերթական փորձն էր՝ արդարացնել քաղաքական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«ՀՔԾ-ն դեռ պետք է կարողանա ապացուցել անապացուցելին, որովհետեւ նման փաստեր, վստահ եմ, գոյություն չունեն: ՀՔԾ-ն պետք է ապացուցի, որ փետրվարի 23-ին կանխատեսվել է, որ «մարտի 1» է լինելու, որ բանակը ներգրավվել է: Հետո ոչ մի խոսք չկա, որ ինչ էլ գրված է 0038 հրամանում, արդյո՞ք եղել է բախում ցուցարարների եւ զինվորների միջեւ, ոչ մի խոսք դրա մասին»,- հայտարարեց Սողոմոնյանը: 
Սողոմոնյանի համոզմամբ՝ ցանկացած հերթական ելույթ ապացուցելու է, որ այս գործը ծայրից ծայր քաղաքական հետապնդման դրսևորում է, որևէ ապացույց չկա, որևէ հիմնավորված փաստարկ չկա, որ նախագահը, օրինակ, մեղավոր է 10 զոհերի սպանության մեջ:
Վ.Սողոմոնյանը հայտարարեց, որ չկա որևէ փաստ, որի հրապարակայնացմանը դեմ է Քոչարյանը:
«Սա հերթական փորձ է՝ արդարացնելու քաղաքական հետապնդումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»,- ասաց Վ.Սողոմոնյանը:
 
Նրա խոսքով՝ միայն անորոշ հայտարարություններ են: «Այսքան փամփուշտ կրակվել է, այսքան պարկուճ է գտնվել, փորձաքննություն չի անցել, դժվար էլ թե անցնի: Էդ որ դժվար էլ անցնի, բա ինչի՞ խափանման միջոցը կալանք ընտրված, այսինքն՝ թող նստի, մենք հլը կտեսնենք: 
 
Բա գործի մյուս մասնակիցները ինչի՞ նստած չեն, կալանավորված չեն, էդ ներքաշողները, ովքեր ներքաշում էին բանակը քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են, տեսագրություններ էլ կան, և նրանցից մեկը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է:
 
Էդ ինքը շրջապատ չունի՞, որ ազդի իր շրջապատի վրա, ի՞նչ ընտրողականություն է»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման անհրաժեշտության մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի պարզաբանմանը: