Ովքե՞ր են հավակնում Երևանի քաղաքապետի պաշտոնին․ Կարգին Հայկոյից՝ մինչև «անկարգ» ավագանի
 
Երևանի ավագանու աևտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 16-ին կամ 23-ին։ Կառավարության պաշտոնական որոշումը դեռ չկա, սակայն ոչ պաշտոնական քարոզարշավն արդեն մեկնարկել է․ համենայն դեպս՝ առանցքային քաղաքական ուժերն արդեն ներկայացրել են իրենց քաղաքապետացուներին։
 
Կողմնորոշվածները.
 
Քաղաքական ավանդույթի համաձայն՝ առաջինը թեկնածու առաջադրեց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ անցած շաբաթավերջին ներկուսակցական փրայմերիզի արդյունքում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու ընտրվեց դերասան Հայկ Մարությանը։ Այս դեպքում, սակայն, փրայմերիզը ֆորմալություն էր, որովհետև բոլորին էր հայտնի՝ Կարգին Հայկոն նիկոլ Փաշինյանի թկնածուն է, իսկ դա այսօրվա Հայաստանում բավարար գործոն է՝ ոչ միայն կուսակցության թեկնածու, այլ նաև՝ քաղաքապետ ընտրվելու համար։ Մարությանի թեկնածության շուրջ հասարակությունը, նույնիսկ Փաշինյանի ամենահավատարիմ էլեկտորատը միանշանակ կարծիք չունեն, սակայն դա չի խանգարում, որպեսզի նա համարվի այս ընտրարաշավի անվիճելի ֆավորիտը։ Ռեյգանի ու Շվարցենեգերի հետ համեմատվող թեկնածուն քաղաքապետ է ընտրվելու վարչապետի բարձր վարկանիշի ստվերում։ Դրանից ինչքանով կշահի մայրաքաղաքը՝ ցույց կտա ժամանակը։
 
ՔՊ-ում վստահ են՝ ով է Երևանի հաջորդ քաղաքապետը, սակայն դեռևս հստակություն չկա ընտրություններին մասնակցության ձևաչափի հարցում։ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով թերևս համարվում է Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական խոսնակը, «Ելքի» դաշնակիցներին անցյալ շաբաթ ակնարկեց, որ միասնական ցուցակի գինը մեկ կուսակցություն դառնալն է։
 
«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին այս հեռանկարը չի խանդավառում, և նրանք արդեն հայտարարել են, որ եթե «Ելքի» ձևաչափը չպահպանվի, երկուսով կձևավորեն միասնական ցուցակ՝ առաջին համարում ներկայացնելով արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանին։ Վերջինս օպտիմալ թեկնածու է՝ համադրելով քաղաքական և կառավարչական հատկանիշները։ Ամբողջ խնդիրն այն է, որ քաղաքապետի թեկնածու դառնալու պարագայում Արատակ Զեյնալյանը կանգնելու է իր այսօրվա պաշտոնից հեռանալու երկընտրանքի առաջ, ինչը փաստացի նշանակում է «Ելքի» դաշինքային ձևաչափի փաստացի բացառում նաև խորհրդարնական ընտրությունների ժամանակ։
 
ԲՀԿ-ում պնդում են, որ Նաիրա Զոհրաբյանին քաղաքապետի թեկնածու առաջադրել են քաղխորհրդի միաձայն որոշմամբ։ Սակայն որոշման հրապարակումից ընդամենը ժամեր անց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարապարակավ դեմ արտահայտվեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը։ Այս փաստը խորհրդանշորեն վկայում է, որ առաջիկա ընտրությունները ԲՀԿ-ի համար ավելի շատ փորձության են նմանավելու, մանավանդ, որ չի գործելու այս կուսակցության ամենահզոր հաղթաթուղը՝ «տաս հազար դրամի» ինստիտուտը։ Այնուամենայնիվ, ԲՀԿ-ին է պատկանում այս ընտրական գործընթացի նոուհաուն․ կուսակցությունը որոշել է ընտրություններին մասնակցել երկու ճակատով՝ ՀՀՇ-ով առաջարկելով իրենց խմբակցության անդամ Արարատ Զուրաբյանի թեկնածությունը։ Զուրաբյանի ՀՀՇ-ն, ըստ ամենայնի, պետք է աշխատի Փաշինյանի էլեկտորալ դաշտում՝ հնարավորինս շատ ձայներ «պոկելով» ՔՊ-ից։
 
Ընտարական գործընթացի էպատաժն ապահովելու է «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի դեմքով, որի «անկարգությունների» թիրախն արդեն ՔՊ-ն ու նրա թեկնածուն են։ Միայն թե՝ այս անգամ ավագանիում հայտնվելու «Երկիր ծիրանիի» շանսերը խիսը մշուշոտ են․ մրցակցությունն է մեծ։
 
Նոր թեկնածուներ.
 
Հաջորդ շաբաթվա սկզբին մենք կիմանանք քաղաքապետի նոր թեկնածուների մասին։ ՀՅԴ-ն խոստացել է շաբաթվա առաջին օրերին հրապարակել իր համամասնական ցուցակը։ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը «Առաջին լրատվական»-ի եթերում հայտարարել է, թե իրենց կուսակցությունը դիտարկում է քաղաքապետի առնվազն հինգ թեկնածուների, որոնց շրջանակից էլ կկայացնի իր որոշումը:
 
Հասարակությանն անհայտ «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ընտրություններին իր մասնակցության մասին։ Այս կուսակցության մասին հասրակությունը լսել է՝ մեկ էլ, 2003-ին, երբ նա, ամենայն հավանականությամբ, իշխանությունների նախաձեռնությամբ հայտնվեց ընտրական գործընթացում՝ ընդդիմադիր «Արդարություն» դաշինքից ձայներ խլելու նպատակով։
 
Հնչակյան կուսակցությունը նույնպես հայտարարել է ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, բայց ձևաչափի հարցում տակավին հստակություն չկա՝ ինչպես ՍԴՀԿ-ի, այնպես էլ՝ Միքայել Հայրապետյանի Պահպանողական կուսակցության պարագայում, որը նույնպես հաղորդագրություն է տարածել՝ նախընտրական կոնսուլտացիաներ սկսելու մասին։
 
Քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր են պտտվում, որ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները քաղաքապետական ընտրություններին մասնակցելու են Արնդրեաս Ղուկասյանի Հայ կառուցողական կուսակցության դեմքով՝ քաղաքապետի պաշտոնում առաջադրելով վերջինիս կոջ՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի թեկնածությունը։
 
Առայժմ ավագանու ընտրություններին մասնակցության առումով ոչ մի հստակ ուղերձ չեն հասցեագրել Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ և Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունները։
 
Եվ իհարկե՝ բաց է մնում Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցը՝ թեև ենթադրելի է, որ Սերժ Սարգսյանի կուսակցութոյւնը չի ցանկանա խորհրդարանական ընտրութոյւններից առաջ գնալ կանխատեսելի ձախողման․ մի խոսքով՝ քաղաքային ընտրություններում յոլա ենք գնալու առանց հակահեղափոխության խորհրդանիշի։
 
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի