«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդ, գրում է գերմանական Kicker պարբերականը: Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի վերադարձի միակ խնդիրը կարող է լինել նրա բարձր աշխատավարձը:   
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ  «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հունվարին վաճառել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուկ Շոուին: «Կարծում եմ՝ արդեն հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի առաջարկներ Մխիթարյանի եւ Շոուի վերաբերյալ, եթե լավ գին լինի: Այդպիսին է իմ մոտեցումն այն դեպքերում, երբ ակումբն ինձ որևէ բան է առաջարկում խաղացողների վաճառքի հարցով:
 
Ամեն ֆուտբոլիստ ունի իր արժեքը: Եթե խաղացողը երջանիկ չէ թիմում և խնդրում է վաճառել իրեն այն գնով, որն ընդունելի կլինի ակումբի համար, ապա ես չեմ կարող մերժումով պատասխանել: Անցյալում այդպես է եղել Դեպայի եւ Շնեյդերլինի դեպքում»,- ասել է Մոուրինյոն: Նշենք, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիան» և «Ինտերը»: