«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի նախկին անդամ, գործարար Աշոտ Աղաբաբյանը։
 
–Պարոն Աղաբաբյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն ու կալանավորումը մեծ իրարանցում է առաջացրել, որի ֆոնին Ձեր կուսակցությունը փորձ է անում պաշտպանել Քոչարյանին, կատարվածը որակում է որպես հետապնդում, 41 պատգամավոր էլ ստորագրահավաք է սկսել նրա ազատության համար։ Ինչպե՞ս եք առհասարակ գնահատում այս ամենը։

-Երկրում երեք նախագահների օրոք էլ անօրինականություններ են եղել, ով ինչքան կարողացել է, թալանել է, մինչև վերջ լափել են։ Բայց այս երկրում պետք է վերջապես օրինականություն սահմանվի, երեք նախագահներն էլ պետք է թալանած գումարները բերեն հետ վերադարձնեն, այդ գումարների հաշվին հնարավոր կլինի մեր երկրի արտաքին պարտքը փակել։ Ես համաձայն եմ բոլոր այն քայլերի հետ, որ անում է Նիկոլը։ Նա սկզբունքային մարդ է և հայտարարել է, որ իրենք չեն թալանելու, երկրի պատիվն էլ բարձր են պահելու։ Թե չէ, Քոչարյանը կլինի, Լևոնը կլինի, կարևոր չէ։ Աշխարհում շատ ղեկավարներ ու թագավորներ են դատվել։ Վաղը, եթե ուզում են, թող գան ինձ էլ ստուգեն։ Եթե պարզվի, որ մեկին կաշառք եմ տվել կամ վերցրել, կամ պետության բյուջե մի կոպեկ պակաս հարկ եմ տվել, ես պատրաստ եմ պատասխան տալու։ Նիկոլը մաքուր ապրած մարդ է, այսօր ամենաուժեղ մարդն է ու իր խղճին դեմ չի գնում։
 
–Իսկ Ձեզ համար առնվազն տարօրինակ չէ, որ Ձեր կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, փորձում է պաշտպանել Քոչարյանին։
 
-Խնդրում եմ, այլևս չօգտագործել «ձեր կուսակցություն» ձևակերպումը։ Հանրապետական կուսակցությունը նավասարդյանական կուսակցություն է, իսկ ներկայիս Հանրապետականը Աշոտ Նավասարդյանի հետ կապ չունի։ Սերժին հաջողվեց դառնալ այդ կուսակցության տերն ու իր կողմից կուսակցություն ներմուծած մարդկանցով ապականեց այն։ Ես ասել եմ, որ այդ կուսակցությունը վաղուցվանից չի կարող կոչվել Հանրապետական։ Այդ կուսակցության մեջի աղբը մաքրել է պետք։ Նիկոլը թավշյա հեղափոխություն արեց, որը հանգեցրեց սերնդափոխության, կուսակցության ներսում էլ է սերնդափոխություն պետք, եթե չլինի, ուրեմն ՀՀԿ-ն որակապես չի փոխվի։ Հանրապետականներից շատերը հիմա կեղտի մեջ են ու իրենց փրկելու համար Քոչարյանին են պաշտպանում։ Պաշտպանում են մի մարդու, որը երկիրը թալանել է, քանդված երկրի մեջ 10 տարում, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ 10 միլիարդ հարստություն է դիզել։ Փորձում են պաշտպանել մի մարդու, որը երկրի սահմանադրական կարգ է տապալել։ Այնպես որ, Աստված Նիկոլին պահապան լինի, էդ տղային բան չլինի։

–Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքին գործերին արդեն միջամտում է Ռուսաստանը, բավականին հիստերիկ արձագանք եղավ նախօրեին։ Ձեր կարծիքով՝ ռուսական միջամտությունը կարող է Մարտի 1-ի գործով ինչ-որ եղանակ փոխել։

-Լավրովն էլ մի բարի պտուղը չէ։ Նրանից բացի՝ կան էլի մի քանի փորձագետ կոչվածներ, ովքեր փորձում են հաճոյանալ Պուտինին։ Ոնց են Հայաստանում Հանրապետականները Քոչարյանին սապոնվում, նրանք էլ ուզում են Պուտինին սապոնվել։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ դարավոր շահեր ունեցող պետություն է։ Այնպես չէ, որ մենք Ռուսաստանի աչքի լույսն ենք։ Շահեր կան: Ճիշտ է, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց իրավունք չպիտի վերապահի իրեն՝ միջամտելու մեր երկրի ներքին գործերին: Նիկոլի այս մարտահրավերն աշխարհին աննախադեպ է ու ճիշտ։ Ճիշտ է նաև Նիկոլի վարած արտաքին քաղաքականությունը: Հայաստանը բոլոր պետությունների հետ պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի՝ չհիմնվելով բացառապես քաղաքական շահերի վրա, քանի որ բոլոր երկրներում էլ մենք Սփյուռք ունենք, և մեր հայրենակիցներին որևէ կերպ վնասելը ճիշտ չէ։

–Պարոն Աղաբաբյան, Քոչարյանի շահերից հանդես գալը, Քոչարյանին պաշտպանելը չի՞ վնասի ՀՀԿ-ի հեղինակությանը արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ։

–Քոչարյանին պաշտպանողները անտեղի փորձում են իրենց տղու տեղ դնել, իբր իրենց կամանդիրին չեն գցելու։ Բայց այդ կամանդիրը իրենց վաղուց վարի է տվել։ Բայց Քոչարյանը նստելու է, ժողովրդի փողերը վերադարձնելու է ու դուրս գալուց հետո էլ թող մեզ նման հասարակ մարդու պես ապրի։ Ի՞նչ է եղել, որ։ Իսկ Հանրապետականի վարկանիշը վաղուց էր ընկել։