Ավստրալացի գիտնականները ստեղծել են նոր նյութ, որը մեկընդմիշտ «կքնեցնի» քաղցկեղի բջիջները: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ գիտնականները հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature պարբերականում:
 
Մասնագետների խոսքով՝ նոր նյութն ազդում է KAT6A և KAT6B սպիտակուցների վրա, որոնք շատ  կարևոր դեր են կատարում քաղցկեղի բջջի զարգացման հարցում:
 
Արյան քաղցկեղից տառապող լաբորատոր մկների վրա անցկացրած գիտափորձերը ցույց են տվել, որ այս նյութի օգնությամբ այդ սպիտակուցների ակտիվության ճնշումն օգնում է 4 անգամ երկարացնել կրծողների կյանքի տևողությունը: Բացի այդ, նոր դեղամիջոցը նաև կանխում է չարորակ բջիջների աճն ու տարածում՝ միևնույն ժամանակ չվնասելով առողջ բջիջների ԴՆԹ-ն:
 
Ներկայում քաղցկեղի բուժման ամենատարածված մեթոդները, ինչպիսին են քիմիաթերապիան ու ճառագայթային թերապիան, չարորակ բջիջները ոչնչացնելու հետ մեկտեղ լուրջ վնաս են հասցնում նաև առողջ բջիջներին, ինչի հետևանքով հիվանդների մոտ ի հայտ են գալիս այնպիսի լուրջ կողմնակի բարդություններ, ինչպիսին են մազաթափությունը, իմունային համակարգի թուլացումն ու անպտղությունը:
 
Սակայն այս նոր նյութը պարզապես զրկում է չարորակ բջիջներին բջջային կենսացիկլը վերարտադրելու հնարավորությունից: Այս դեպքում տեխնիկապես բջիջները պարզապես ծերանում են: Դրանք չեն մահանում, սակայն միևնույն ժամանակ չեն կիսվում և չեն բազմանում:
 
Այժմ գիտնականները փորձում են ստեղծել դեղամիջոց այս նյութի հիման վրա՝ ենթադրելով, որ այն կարող է շատ օգտակար լինել օնկոլոգիական հիվանդությունների բուժման առաջնային կուրսից հետո անցկացվող թերապիայի ժամանակ: