Մեր տեղեկություններով, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանը: Նա այսօր առավոտյան հավաքել է վարչության աշխատակազմին, հորդորել է վարչության աշխատակիցներին շարունակել նույն ոգով ու տեմպով աշխատել ու հրաժեշտ է տվել:

Մհերյանը վերջին տարիներին աշխատում էր գազի համակարգում, քաղաքապետարան էր եկել նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք՝ 2011-ի փետրվարից: Նա մասնավորապես 1997թ. սեպտեմբերից մինչև 2008թ. մարտ ամիս աշխատել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում՝ որպես «Երևանգազ» ՓԲԸ-ի փոխտնօրեն, տնօրեն, գազիֆիկացման ԾԻԳ-ի տնօրեն։ 2008թ.-ից աշխատել է «Էյ-Ի-ՋԻ» սերվիս ՍՊԸ-ի տնօրեն, այնուհետև «Էներգոնորոգում» ՓԲԸ-ի տնօրեն։ Աշխատանքից ազատված վարչության պետին այդ պաշտոնում փոխարինում է նույն վարչության պետի տեղակալ Գարիկ Գրիգորյանը: