Ռոբերտ Քոչարյանը պիտի մնա կալանքի տակ, միանշանակ է, որովհետև նա եթե ոչինչ էլ չանի, նա քննությանը խոչընդոտող սուբյեկտ է իր կարգավիճակով։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահի կալանքի որոշումը։
 
 
 
Փաստաբանն անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում որոշ մեկնաբանություններին՝ իբր նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել միայն Wikileaks-ի հրապարակումների հիման վրա։
 
«Ընդդիմախոսները նկատի ունեն, որ քրեական գործ հարուցելու առիթն է բացակայել։ Քրեական գործ հարուցելու առիթներն են՝ դիմում-բողոքները, իրավաբանական անձի հաղորդումը, մամուլի և ԶԼՄ-ների հաղորդումները։ Դա նկատի ունեն, որովհետև այլ պատճառ չի կարող լինել ապօրինության մասին խոսելու։ ՀՔԾ պետն էլ (Սասուն Խաչատրյանը-խմբ.) ասում է, որ եղել է հաղորդագրություն՝ որպես առիթ, ուսումնասիրություն են կատարել, որը իրավաբանական ժարգոնով կոչվում է նյութեր նախապատրաստել, ստուգվում է՝ հիմքը կա՞, թե՞ ոչ, ինչ գրած է՝ համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Եթե հիմքերն ու առիթը կան, պարտավոր են քրեական գործ հարուցել, ինչը և արել են»,- ասել է Սիրունյանն ու հավելել. «Ասում են՝ Wikileaks-ը չի կարելի, որպես ի՞նչ։ Որովհետև այնքան էլ լավ ԶԼՄ չէ՞։ Բա մյուս գործերով, որ «պաչկեքով» մարդկանց դեմ քրեական գործեր են հարուցում Հայաստանում այս կամ այն մամուլի, նույնիսկ անլուրջ կայքերի հաղորդումների հիման վրա, դա ո՞նց են դիտարկում։ Ինձ թվում է, որ այսօրվա իրողության մեջ մամուլի և ԶԼՄ-ի հաղորդում պետք է դիտարկվի Wikileaks-ի հրապարակումը»։
 
Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը ծանր հանցագործությունէ համարվում, ըստ փաստաբանի՝ եթե պատժաչափը հոդվածով նախատեսվում է հինգ տարի և ավելի, այդ հանցանքն արդեն իսկ ծանր հանցագործություն է համարվում։
 
Դիտարկմանը, թե Գևորգյանին մեղսագրվող արարքի համար խափանման միջոց են ընտրել ստորագրությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ կալանքը, Ալեքսանդր Սիրունյանը պարզաբանել է. «Ես ասեմ թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես իրավաբան։ Քոչարյանը որ պիտի մնա կալանքի տակ՝ միանշանակ է, որովհետև նա եթե ոչինչ էլ չանի, նա քննությանը խոչընդոտող սուբյեկտ է իր կարգավիճակով։ Այդքանով քննությանը խոչընդոտող սուբյեկտ է և կարող է ազդել այլ անձանց վրա, ինչն արդեն ակնհայտ երևաց՝ մարդը բանտում, 45 հոգի «յալվար» ընկած ստորագրություն են հավաքում։ Արմեն Գևորգյանն այդքան հնարավորություն չունի այժմ ներազդելու։ Կարող է հանգիստ մնալ ազատության մեջ, մինչև դատապարտվի»,- ասել է Սիրունյանն ու հավելել. «Ընդ որում, չեմ բացառում, որ այդ 45 պատգամավորների մեջ կան նրանք, ովքեր առնվազն տեղյակ են, եթե ոչ մասնակիցներ»։
 
Հարցին՝ արդյոք Մարտի 1-ի գործով մեղադրյալների քանակը չորսով կսահմանափակվի՞, թե՞ այլ անձանց ևս մեղադրանք առաջադրելու հիմքեր է տեսնում, Ալեքսանդր Սիրունյանը պատասխանել է. «Զուտ իմ մասնագիտական և քաղաքացիական կարծիքն եմ ասում. իմ կարծիքով՝ այսքանով չի սահմանափակվելու, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, տեղի չի ունեցել միայն մարտի 1-ին։ Դրա նախապատրաստումը սկսվել էր դեռ նախորդ տարվա աշնանը, երբ շինծու քրգործ հարուցվեց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ և այդ գործը պահվեց։ Ամեն ինչը սկսվել էր ամիսներ առաջ։ Դա չորս մարդու բան չէ, և դրանցով չի սահմանափակվելու։ Ով մասնակից է եղել այդ հեղաշրջմանը՝ բոլորը պիտի պատասխան տան, ու չեմ կասկածում»։
 
Անդրադառնալով Քոչարյանի փաստաբանների հայտարարություններին՝ իբր քրգործը շինծու լինելու մասին, Սիրունյանն ասել է. «Քանի որ երկու կողմերն էլ ասում են, որ փաստեր ունեն, մենք դիտորդի դերում ենք, թող ներկայացնեն։ Առաջին հերթին նկատի ունեմ պաշտպանական կողմին։ Նախաքննական մարմինն ամեն ինչ գաղտնազերծել չի կարող, բայց իմ կոլեգաները, որ ասում են՝ փաստեր ունենք, կարող են հրապարակել։ Թեկուզ ինչ-որ մի տոկոսը, որ մենք էլ օբյեկտիվության դաշտ մտնենք։ Ես և իմ նմաններն այսօր օբյեկտիվ չենք, ասում ենք՝ այո, պիտի պատժվի, եթե հակառակը ապացուցող կա, հրապարակեն, քննարկենք։ Որովհետև այս գործով բոլորն են հետաքրքրված՝ տաքսու վարորդից մինչև վարչապետ։ Թող հրապարակեն, գոնե մի տոկոսը, բայց ասել, թե սուրբ է, այդպես չէ, բոլորս էլ դա գիտենք»։
 
Փաստաբան Հովիկ Արսենյանն էլ անհեթեթ է համարում խոսակցությունները՝ իբր Արմեն Գևորգյանին մեղադրանք են առաջադրել բացառապես Wikileaks-ի հրապարակումների հիման վրա. «Անհեթեթություն է։ Իրավագիտություն կա, քրեագիտություն գոյություն ունի։ Գոյություն ունի մարդկային քաղաքակրթության արդյունքում ապացուցման ինստիտուտ, որ ապացույցները ձեռք են բերվում, ստուգվում են և գնահատվում են որպես ապացույց։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայերենով հստակ բացատրեց, որ Wikileaks-ի հրապարակումների ստուգման արդյունքում և դրա հետ կապված քննության արդյունքում ապացուցվել է և մեղադրանք է առաջադրվել։ Այսինքն՝ այն մարդիկ, որ այդտեղ շոշափվել են. խոսքը վերաբերում է ՍԴ անդամ Պողոսյանին, նրա եղբորը և կողքից այլ ապացույցներ։ Հասկանալի է, որ հարցաքննել են այդ մարդկանց, նրանք հաստատել են այդ հանգամանքները, բավարար ապացույցներ են ձեռք բերվել, և նոր ապացույցներ են առաջադրել, ոչ թե Wikileaks-ի թուղթը վերցրել ու առաջադրել են»։
 
Հովիկ Արսենյանը համոզված է՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալների թիվը չորսով չի սահմանափակվելու։ «Առնվազն մի զրո էլ պետք է ավելացնել։ Չափազանց շատ մարդիկ են ներգրավված, պիտի պատասխանատվության ենթարկվեն։ Ես առնչություններն եմ տեսնում, քանի որ և այն կողմը, և այն կողմը լավ ուսումնասիրել եմ, վստահ եմ, որ մի քանի տասնյակը գերազանցելու է, այլապես կհամարեմ դեռ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ չի բացահայտված»,- ասել է Արսենյանը։
 
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարությունների մասին՝ փաստաբանը նշել է, թե դա ընդամենը մարտավարություն է, այն էլ՝ սին։ «Պատճառաբանություններն անհիմն են։ Մի քանի օր առաջ կանխատեսեցի, իսկ նախօրեին հայտնի դարձավ, որ մեղադրանքի հիմքում էլ դրել են հենց 0038 հրամանը և արտակարգ դրության հրամանագիրը։ Այդ երկուսը լիովին բավարար են Քոչարյանին առանց հարցաքննելու էլ մեղադրանք առաջադրելու»,- ասել է Հովիկ Արսենյանը։
 
Նշենք, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու, ճնշումների ենթարկելու մեջ։ Այդ գործը միացվել է Մարտի 1-ի գործին, որով արդեն մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին և Յուրի Խաչատուրովին։
 
Հեղինակ՝ Արտակ Եղիազարյան