Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրեթե համոզված էր, որ հայրենիքում նրան բանտարկում է սպասվում, սակայն ամեն դեպքում վերադարձավ։ Փորձագետները մի քանի վարկած են առաջ քաշում նման որոշման համար։
 
 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը նոր ընդդիմադիր բևեռի ձևավորման կբերի։ Երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հակոբյանը համոզված է, որ հենց բևեռ կառաջանա, ոչ թե ուժ, քանի որ այսօր մնացած բոլոր կուսակցությունները, բացառությամբ Հանրապետականի և մասնակի Դաշնակցության, կա՛մ գործող իշխանության մի մաս են կազմում, կա՛մ ընդհանուր առմամբ աջակցում են դրան, համոզված է Հակոբյանը։
 
«Նոր իրավիճակ է ստեղծվել, որի պարագայում ՀՀԿ–ն և ՀՅԴ–ն, ըստ էության, կարող են նոր ընդդիմություն ստեղծել։ Այդ գործընթացին, անկասկած, նպաստում են, նախկին նախագահ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձությունները», – կարծում է քաղտեխնոլոգը։
Երկրորդ նախագահը, փորձագետի կարծիքով, անկասկած գիտեր, որ Հայաստան վերադառնալով, նրան կկալանավորեն։ Երբ Քոչարյանի նախագահության օրոք պաշտպանության նախարարի պաշտոն զբաղեցնող Միքայել Հարությունյանը հեռակա կերպով կալանավորման է դատապարտվում և հետախուզում է հայտարարվում նրա նկատմամբ, ապա Քոչարյանին դժվար չէր հասկանալ, որ հայրենիքում իրեն նույնպես կարող է բանտ սպասել, նշեց Հակոբյանը։
 
Սակայն, անկախ նման մռայլ հեռանկարից, պետության նախկին ղեկավարն ամեն դեպքում վերադարձավ և ներկայացավ մարտի 1-ի գործով հարցաքննությանը։ Քաղտեխնոլոգի կարծիքով` Քոչարյանի նման որոշման վրա մի քանի գործոն կարող էր ազդեցություն ունենալ։

«Կամ երկրորդ նախագահը անձեռնմխելիության արտաքին կամ ներքին երաշխիքներ ուներ, կամ նա լրջորեն որոշել է մեծ քաղաքականություն վերադառնալ, նույնիսկ եթե դա քրեական հետապնդում է ենթադրում։ Կամ բոլոր այդ գործոնները միասին», – ասաց Հակոբյանը։

Փորձագետի տեսանկյունից` հարցազրույցի ժամանակ մինչև վերջ պայքարելու մտադրության մասին Քոչարյանի արած հայտարարությունը «անմիջական հայտ էր քաղաքական գործունեության համար»։

«Նրա հենասյունը տվյալ պարագայում ՀՀԿ–ն է, իսկ հետագայում, հավանաբար, նաև ՀՅԴ–ն», – կարծում է Հակոբյանը։
Եվս մեկ քաղաքական ուժ, որը երկար տարիներ ասոցացվում էր Քոչարյանի հետ` «Բարգավաճ Հայաստանը», դեռ դադար է վերցրել։ Փորձագետի կարծիքով, հավանաբար, ԲՀԿ–ում սպասում են արտասահմանյան դեսպանատների` Քոչարյանի կալանավորման վերաբերյալ բարձրաստիճան անձանց մեկնաբանությունների տեսքով արված ազդակներին։ Չի բացառվում, որ եթե այդ ազդակները հաճախակիանան, ԲՀԿ–ում կկողմնորոշվեն իրենց հետագա գործողությունների և հռետորաբանության հարցում։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։