«Քոչարյանին կալանքի տակ պահելը ճիշտ է. նա պետք է պատասխան տա, որովհետև նա էր երկրի նախագահը և հրամանն ինքն է արձակել»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Գագիկ Մելքոնյանը: Նա նաև նշեց, որ ինքն արդեն մասնակցե է ՀՔԾ-ի հարցաքննությանը. «Մարդիկ պրոֆեսիոնալ են, այնպիսի տպավորություն թողեցին, որ Մարտի 1-ն իրոք կբացահայտվի և ամեն մեկը պատասխան կտա իր արարքների համար»:

«Խոսակցություններ կային, որ ամեն մի կորպուսից 1-12 մարդ բերվեր քաղաք, մենք դեմ էինք, որ զորք բերվեր քաղաք, որովհետև 96թթ.-ին արդեն մի անգամ սխալվել էինք. և այդ սխալի համար ժողովուրդը ատեց իր երեխային՝ բանակին: Դրանից 12 տարի էր անցել, և ժողովուրդն էլի բանակին ընդունում էր որպես իր երեխայի: Երբ որ խոսակցություն կար, որ բանակը պիտի խառնվի, մենք դեմ գնացինք իշխանությանը՝ ասելով, որ բանակի գործը սահմանները պաշտպանելն է»,- նշեց Գ. Մելքոնյանը: Գեներալի խոսքով՝ այդ օրերին հրամանին չենթարկվելու և ընդդիմությանն աջակցելու համար իրեն ազատել են պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. «Մեր խնդիրն այն էր, որ աշխատենք, որպեսզի զորքը դուրս չգա ժողովրդի դեմ: Մեզ հետ էր նաև Մանվել Գրիգրյանը, Հատուկ գնդի տղաների 8 տոկոսը: Վախի մթնոլորտ էր, վախենում էին հրապարակ գալ:

Երբ որ կոլեգիայի նիստ եղավ, Քոչարյանը պաշտպանության նախարարին և նրա տեղակալներին հրավիրեց իր մոտ, Մանվելն այդ ժամանակ արդեն այնտեղ չէր, չեկավ: Հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին Ռ. Քոչարյանը Գլխավոր շտաբում ժողով էր հրավիրել, հավաքել էր սպայակազմին և հրահանգներ տվել, ես արդեն այնտեղ չեմ եղել»: Նա նաև հավաստիացրեց, որ Մարտի 1-ին փողոց են հանել պայմանագրային զինվորների և սպաների, նրանց մեջ 18-19 տարեկան զինվոր չի եղել: Գ. Մելքոնյանի խոսքով՝ Քոչարյանն անսպասելի անուններ կտա:
 
«28-ին ժողովուրդը կանգնած էր, արդարությունն այդ ժամանակ էլ կարող էր հաղթանակել, եթե որոշ մարդիկ չփախչեին, հաղթանակը շատ մոտ էր»,- նշեց Գ. Մելքոնյանը:
 
Մանրամասն՝ տեսանյութում: