Tert.am-ը գրում է. ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի պայմանների հետ, այդ հարցով վարույթն իրականացնող մարմինը փորձաքննություն է նշանակել:

Այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: «Վարույթ իրականացնող մարմինը փորձաքննություն է նշանակել հիվանդությունների վերաբերյալ, մոտ օրերս կլինեն փորձաքննության արդյունքները, և, ըստ այդմ, մի շարք միջնորդություններ կներկայացնենք՝ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ: Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասաց Մկրտչյանը:
 
Պաշտպանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկի բժշկական սակավ հնարավորությունները բավարար չեն անգամ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կայունացնելու:

 Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այնուհետև գործն ուղարկվել էր ՀՔԾ, և քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Մանվել Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: