Սերժ Սարգսյանի նոր խաղն ու երկրորդ մաղը.
 
 
Սերժ Սարգսյանի նախագահության գրեթե ամբողջ տասնամյակը անցավ «Ռոբերտ Քոչարյանի» վերադարձի «թավշյա» խաղարկումով: Սարգսյանի համար բավականին բարդ և ծանր պահերին հրապարակ էր իջնում «վերադարձող» Ռոբերտ Քոչարյանը, որն ըստ էության հարվածներ էր հասցնում Սարգսյանին, սակայն դրանք գործնականում ունենում էին լրիվ հակառակ նշանակություն, և խաղարկելով Քոչարյանի այդ «հարվածները», Սերժ Սարգսյանը միավոր էր հավաքում դրանով, ոչ թե զրկվում միավորներից: Պայմանավորվա՞ծ էր այդ մարտավարությունը, թե՞ պարզապես Սերժ Սարգսյանն էր կարողանում հմտորեն խաղալ Քոչարյանի վրա, լավ ճանաչելով նրա բնավորությունն ու անհրաժեշտության դեպքում մի փոքր քայլով կամ գործողությամբ նրան «հանում բնից»:
 
Բանն այն է, որ 2015-ի փետրվարից, Սերժ Սարգսյանը գործնականում փակեց Քոչարյանի վերադարձի հարցը, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ այդ հանգամանքը, այդուհանդերձ, կառավարվում էր, պարզապես խնդիրն այն է, թե ինչպես՝ երկուստե՞ք, թե՞ միայն Սարգսյանի ձեռամբ: Մեծ է հավանականությունը, որ կառավարվում էր Սարգսյանի ձեռամբ, որովհետև Ռոբերտ Քոչարյանը կալանավորման որոշումից հետո բավականին անհանգիստ բացառիկ հարցազրույցում թափանցիկ կերպով ակնարկում էր իր դժգոհությունն ու կասկածները Սերժ Սարգսյանի կապակցությամբ, ասելով, թե Մարտի 1-ին միայնակ չի կայացրել որոշումները և ակնարկելով, թե ինչո՞ւ չկան այլ պատասխանատուներ, ինչու է ամեն ինչ բարդվում իր վրա:
 
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պայմանավորվածության թեման ընդհանրապես նախորդ քաղաքական տասնամյակի կամ պարզապես նախորդ շրջափուլի առանցքային թեմաներից էր: Հանրությունն անընդհատ, պարբերաբար փորձում էր հասկանալ՝ նրանք գործում են պայմանավորվա՞ծ, այսինքն՝ նրանց միջև իբրև թե հակասությունը պայմանավորվա՞ծ է, թե՞ խաղ է, որի արդյունքում Սերժ Սարգսյանը 2018-ին իշխանությունը պարզապես փոխանցելու կամ հանձնելու է Ռոբերտ Քոչարյանին: Որքան էլ տարօրինակ չհնչի, այդ հանգամանքը արդիական է դառնում նաև այժմ, իհարկե որոշակիորեն այլ համատեքստում, որը թելադրված է նոր իրողությամբ, սակայն, ըստ էության, նույն սխեմայի շրջանակում: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը այսպես ասած վերցնում է ՀՀԿ-ն: Բայց վերցնում է Սերժ Սարգսյանի՞ փոխանցումով, թե՞ պարզապես օգտագործելով պահն ու խլելով այն: Այսինքն՝ ինչ նա չկարողացավ անել նախորդ տասնամյակում, թեև փորձում էր պարբերաբար, անում է այժմ, ու թեև իշխանությունը վերցնել Սերժ Սարգսյանից նա չկարողացավ, այժմ, կարծես թե, կարողանում է վերցնել «ընդդիմությունը»: Սերժ Սարգսյանը չի՞ դիմադրում, որովհետև ներկայիս փուլում առավել արդյունավետ է համարում Քոչարյանի՞ «առաջնորդությունը», թե՞ այդպիսով, ըստ էության, տեսնում է ՀՀԿ ինքնամաքրման մի նոր փուլ կամ նոր ֆիլտր իր հետագա պլանների համար, որոնք, օրինակ, օրեր առաջ քննարկում էր «Կոնրադ Ադենաուեր» գերմանական հիմնադրամի տարածաշրջանային ներկայացուցչի հետ, ՀՀԿ բարեփոխումների համատեղ ծրագրի շուրջ:
 
ՀՀԿ-ն, իհարկե, բոլոր դեպքերում ընդդիմություն կարող է լինել միայն խիստ պայմանական տարբերակով, պարզապես այդպես անվանելով ինքն իրեն: Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությունը, սակայն, ստեղծում է հետաքրքիր իրավիճակ, և այդպիսով ՀՀԿ-ն դարձյալ հայտնվում է համընդհանուր թիրախում: Պատահական չէ, որ Քոչարյանի կալանքից ազատվելու, այսպես ասած, երաշխավորագիրը ստորագրած ՀՀԿ պատգամավորները չեն շտապում բացահայտվել, հասկանալով, թե ինչ ահռելի հանրային թիրախավորում է սպասում իրենց այդ դեպքում: Մյուս կողմից, հնարավոր չէ մնալ գաղտնի անվերջ, այն էլ փոքր Հայաստանում: Ավելին, շատերն ուղղակի բացահայտ են դիրքորոշում հայտնում Քոչարյանի գործի կապակցությամբ ու այստեղ է թերևս առանցքային հարցը: Ովքե՞ր են, որ ՀՀԿ-ում լռելու են այդ գործով: Եվ սա խիստ հետաքրքիր է նաև Սերժ Սարգսյանի լռության ֆոնին: Ու թերևս պատկերացնելի է, թե ինչպիսին կլինի հանրային ընկալումը լռողների հանդեպ, որոնք չեն ստորագրի ու նաև բանավոր հայտարարություններով չեն միանա Քոչարյանի պաշտպանությանը:
 
Արդյո՞ք այդ նկատառումով չէ, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանը ներկայումս «դնում է» Քոչարյանի տրամադրության տակ, այսպես ասած ավելի մանր «մաղով» մանրելու համար: Սերժ Սարգսյանի համար այդ խաղն իհարկե խաղ է առանց պարտության: Եթե Քոչարյանը հաջողի, ապա կստացվի, որ Սարգսյանը օժանդակել է նրան, նրա տրամադրության տակ դրել մի ամբողջ կուսակցություն: Եթե չհաջողի, ապա Սերժ Սարգսյանի տրամադրության տակ կմնա փաստորեն երկրորդ ֆիլտրով անցած կուսակցություն: Այլ է հարցը ՀՀԿ այն անդամների համար, որոնք արդեն կլինեն կոնկրետ աջակցողներ, որովհետև նրանց սպասում է կամ հաղթանակ, կամ պարտություն:
 
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի