Վերին Լարսի խափանման կանխավարկածը.
 
Նախօրեին կրկին կիլոմետրերով հերթեր են գոյացել Վերին Լարսում: Հայաստանի տրանսպորտի նախարար Աշոտ Հակոբյանը մեկնել է Վերին Լարս, հանդիպում ունեցել հայ վարորդների, նաև վրացի գործընկերների հետ: Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, որ խնդիրը քաղաքական չէ:
 
 
Մյուս կողմից խիստ ուշագրավ է, որ այն առաջանում է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայաստանյան բուռն քննարկումների ֆոնին, որոնք սկսեցին Լավրովի հայտնի հայտարարությունից: Այնուհանդերձ, Վերին Լարսի խնդիրը այսպես ասած հավերժական խնդիր է արդեն և ծագում է պարբերաբար, ամենատարբեր պատճառներով: Միևնույն ժամանակ, այդ անցակետը, որ Վրաստանի տարածքով Ռուսաստան գնացող միակ բաց ճանապարհն է, սպասարկում է ոչ միայն հայ բեռնափոխադրողներին, այլ թե վրացի, թե թուրք: Սա իհարկե մեզ շատ քիչ է մխիթարում, որովհետև չի կարող փոխհատուցել հայ տնտեսվարողների կրած վնասները: Իսկ դա ազդում է Հայաստանի տնտեսության վրա: Եվ հաշվի առնելով այն, որ նոր կառավարությունը, նոր իշխնությունը դնում է ստվերի ու կոռուպցիայի դեմ խիստ պայքարի խնդիր, տնտեսությանը հասցվող վնասներն ըստ էության շատ ավելի ցավալի են դառնում այդ պարագայում, քանի որ շատ կարևոր է յուրաքանչյուր օրիօնական լուման, որ մտնում է Հայաստանի տնտեսական դաշտ: Սակայն ակնառու է նաև, որ խնդրի հիմնարար լուծման հարցում Հայաստանի թե նախորդ, թե նոր իշխանության հնարավորությունները սուղ են, անգամ նորի բարձր լեգիտիմության պայմաններում, որովհետև տվյալ դեպքում ըստ էության գործ ունենք երրորդ երկրների՝ ռուս-վրացական անցակետի հետ:
 
 
Միաժամանակ հետաքրքիր է, որ անցակետում հերթական խնդիրը ծագում է Վրաստանում ամերիկա-վրացական զորավարժության մեկնարկին զուգահեռ: Այդ զորավարժությանը մասնակցում է նաև Հայաստանը: Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան դժգոհել էր, որ Վրաստանի հարևանները մասնակցում են դրան: Այդ դժգոհությունն ըստ երևույթին առնչվում է Հայաստանին ու Ադրբեջանին: ՌԴ վարչապետ Մեդվեդևն էլ հայտարարել էր, որ Վրաստանի ՆԱՏՕ անդամակցությունը խիստ վտանգավոր իրավիճակ և հետևանք կունենա տարածաշրջանի համար: Արդյո՞ք Վերին Լարսի հերթական խնդիրը Վրաստանի դեմ ռուսական ինչ որ դեմարշ չէ: Այսպես, թե այնպես, հարվածը ստանում ենք մենք և ակնհայտ է մի բան, տեսանելի ապագայում շատ դժվար է լինելու թե Վերին Լարսի հարցի լուծումը, թե այլընտրանքային ճանապարհի, որի շուրջ բանակցում են Վրաստանն ու Ռուսաստանը:
 
 
Մյուս կողմից Հայաստանը չի կարող հրաժարվել  ռուսական ապրանքային շուկայից: Այլ բան չի մնում, քան Հայաստանի տնտեսության կազմակերպումն իրականացնել այսպես ասած Վերին Լարսի խափանման կանխավարկածով, այլ կերպ ասած պատրաստ լինել ամենավատին, իսկ եթե լավ եղավ, ապա ինչպես ասում են ավելի լավ: Սա գուցե հնչի տարօրինակ, սակայն պետք է ի վերջո հաշվի առնել և արձանագրել՝ իրավիճակը շտկլու անդադար ջանքերով հանդերձ իհարկե, որ այստեղ Հայաստանից պահանջվելու են ոչ ստանդարտ լուծումներ, որովհետև ստանդարտ լուծումների արդյունավետության հեռանկարը մեծ չէ, խնդրի այսպես ասած երրորդ կողմերի միջև լինելու պատճառով: Դա չի նշանակում չաշխատել այդ կողմերի հետ ստանդարտ լուծումների մասով: Բայց Հայաստանից առնվազն միջնաժամկետ հեռանկարում պահանջվում են թերևս ոչ ստանդարտ մոտեցումներ և լուծումներ, որոնք թույլ կտան նվազեցնել Հայաստանի տնտեսության համար Վերին Լարսի պարբերական խափանումների ազդեցությունը:
Աղբյուրը՝ 1in.am
Հեղինակ՝ Արամ Ամատունի