«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ գեներալ, պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որ գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երեւան-Կենտրոն ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եւս մի քանի կալանավորներ կան։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքով համախցեցիների հետ, քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում.  հեռուստացույց կա, սառնարան, հիգիենայի պարագաներ»,-մանրամասնեց պաշտպանը։

Հարցին՝ ինչով է խցում ամբողջ օրը զբաղվում Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանն ասաց. «Նրանով, ինչով որ մնացած կալանավորներն են զբաղվում. ժամանակ առ ժամանակ հանդիպում է փաստաբանների հետ, հետաքրքրվում է իր գործով, քննչական մեկումեջ աղքատիկ գործողություններ են արվում։ Դա է»։ Փաստաբանը մեզ հետ զրույցում դժգոհեց, որ քրեական գործի շրջանակներում մինչեւ հիմա 2 հարցաքննություն է տեղի ունեցել, իսկ առաջիկայի համար հստակ ժամկետ չկա՝ նոր հարցաքննություն սպասվում է, թե ոչ»։
 
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/829283/