ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելն ու կալանքը՝ իբրեւ խափանման միջոց կիրառելու միջնորդությունը հասկանալով, նկատենք, որ Մարտի 1-ը բազմաթիվ շերտեր ունի: Հիշենք՝ քաղաքական ի՞նչ իրադարձություններ նախորդեցին Մարտի 1-ին՝ պատճառ դառնալով ողբերգության:
 
2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանը, ըստ պաշտոնական տվյալների, ստացավ ձայների 52.82, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 21.5, Արթուր Բաղդասարյանը՝ 17.7 եւ ՀՅԴ-ի թեկնածու Վահան Հովհաննիսյանը՝ 6.2 տոկոս: ԲՀԿ-ն սեփական թեկնածու չէր առաջադրել՝ սատարելով Սերժ Սարգսյանին:
 
Ընդդիմությունը՝ չընդունելով ընտրությունների արդյունքները, Ազատության հրապարակում բողոքի շուրջօրյա ակցիա էր անում:
 
Նախագահական ընտրություններին երրորդ տեղում հայտնված ՕԵԿ թեկնածու Արթուր Բաղդասարյանը թեեւ խոսեց ընտրությունների զանգվածային խախտումների մասին, բայց Մարտի 1-ից մեկ օր առաջ հուշագիր ստորագրեց Սերժ Սարգսյանի հետ (ավելի ուշ, մայիսի 4-ին, նշանակվեց ԱԱԽՔ):
 
ՀՅԴ-ն էլ ընտրություններից հետո հանդես եկավ բազմիմաստ ու անորոշ հայտարարությամբ. «Ընտրարշավի ամբողջ ընթացքում գերակայեցին փոխադարձ թշնամանքն ու ատելությունը, անհանդուրժողականությունն ու սպառնալիքները: Հասարակությունը արհեստականորեն երկփեղկվեց ու բեւեռացվեց: Մի կողմից ցանկացած եղանակով իշխանափոխություն իրականացնելու նախկինների մոլեռանդությունն էր, մյուս կողմից` ամեն գնով սեփական դիրքերը պահպանելու ներկաների ձգտումը»: Արձանագրելով բազմաթիվ ընտրախախտումները, ընդ որում, «առաջատար թեկնածուների կողմնակիցների» կողմից՝ ՀՅԴ-ն չբողոքարկեց ընտրությունների արդյունքները:
 
(Արդեն մարտի 21-ին, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը ստորագրեցին կոալիցիոն հուշագիր)։
 
Մարտի 1-ի իրադարձությունների մասին արժեքավոր են երեք նախագահների վկայությունները: Նրանցից յուրաքանչյուրն իր մասնակցությունն, այդուհանդերձ, ունեցել է այս ողբերգության մեջ:
 
Մարտի 1-ի արյունոտ դեպքերից մեկ օր առաջ՝ Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց իր պատկերացումները՝ ինչպես է հնարավոր հանգուցալուծել Ազատության հրապարակում բողոքող հազարավոր քաղաքացիների ու իշխանությունների միջեւ լարվածությունը:
 
 
«Առաջինը` համբերատար սպասել՝ երբ է այդ թատերական բեմադրումը Թատերական հրապարակում ինքը իրենով մարվելու… Երկրորդ տարբերակը` ոստիկանական գործողություններ կիրառելով՝ մաքրել այդ հրապարակը, եւ այդ ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ ապրել»,- հայտարարեց նա։
 
Իշխանությունը՝ հանձինս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի,  ընտրեց երկրորդ տարբերակը։ 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում սպանվեց ՀՀ տասը քաղաքացի, հայտարարվեց 20-օրյա արտակարգ դրություն։ 
 
Սերժ Սարգսյանի դերը Մարտի 1-ի ողբերգության առումով անկյունաքարային է: Մարտի 1-ը եղավ, որպեսզի իշխանությունը փոխանցվի հատկապես Սերժ Սարգսյանին:
 
Նա պատրաստ էր իշխանության մնալ ամեն գնով, անգամ բանակը բողոքող քաղաքացիների դեմ հանելու գնով: Հակառակ դեպքում, եթե նա չցանկանար, որ տասը անմեղ մարդու արյունը կապվի իր հետ, Մարտի 1-ից հետո հրաժարական կտար: Թեեւ արդեն 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանն իր հրաժարականի տեքստում փորձեց 2008-ի մարտի 1-ի պատասխանատվությունն իրենից հեռացնել. «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը»։
 
 
Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, Մարտի 1-ի առավոտյան իրադարձություններից հետո, երբ Ազատության հրապարակում վրաններում գիշերած խաղաղ ցուցարարների վրա հարձակվեցին ոստիկանական ուժերը, մարդիկ մնացել էին միայնակ` իրենց շփոթմունքի, նվաստացման հետ: Առաջնորդ չկար, եւ բոլորը տարերայնորեն սկսեցին հավաքվել այս անգամ արդեն Մյասնիկյանի արձանի մերձակա հրապարակում:
 
 
Եվս մեկ բան. բոլորը` թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը, թե՛ անգամ չեզոք մարդիկ, որոնց Մյասնիկյանի արձանի մոտ էր բերել առավոտյան Ազատության հրապարակում կատարվածի հանդեպ բողոքը, միաբերան պնդում էին, որ հավաքված հազարավոր ցուցարարների զայրույթը, հետեւաբար եւ՝ ոստիկանական ուժերի ու ցուցարարների արյունալի բախումը, կարող էր մեղմել բացառապես Տեր-Պետրոսյանի ներկայությունը: Հայտարարվեց, թե նա տնային կալանքի տակ է, նրա տեղաշարժման ազատությունը խախտված է:
 
 
 
Սակայն նույն օրը արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց. «Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի գտնվում տնային կալանքի տակ»: Նրա խոսքերով, երկրի բարձրագույն պաշտոնատար անձանց պաշտպանությունը կառավարվում է Սահմանադրությամբ: «Եթե պաշտոնատար անձի կյանքը, որը գտնվում է պաշտոնին, կամ պաշտոնաթող է, վտանգված է, ապա նրան պաշտպանում է ՀՀ պետական պահպանության ծառայությունը: Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացրել են Ազատության հրապարակից հենց այդ պատճառով: Ներկա դրությամբ նա կարող է լքել իր նստավայրը, սակայն մինչ այդ նա պետք է գրավոր հաստատի, որ հրաժարվում է պաշտպանությունից, որը նրան հասնում է ըստ օրենքի: Նրան այդ տարբերակն է առաջարկվել, սակայն նա հրաժարվել է»:
 
 
Հրաժարվել է, որովհետեւ ոչ մի երաշխիք չկար, որ նրա կյանքը վտանգի տակ չէ: Սակայն շարժման առաջնորդի համար սեփական կյանքն ու անվտանգությունը գնահատելը թեեւ կարեւոր է, սակայն նույնքան կարեւոր է պատասխանատվությունը այլ մարդկանց կյանքի ու անվտանգության համար:
 
Պատասխանի սպասող հարցերը շատ են անգամ Մարտի 1-ի ողբերգությունից տասը տարի անց: Բարեբախտաբար, այսօր երեք նախագահներն էլ ողջ-առողջ են, Հայաստանում են, եւ կարող են միասին մասնակցել հեռուստատեսային քննարկմանը:
 
Մարտի 1-ը օբյեկտիվ քննելու համար ՀՔԾ-ի հայտարարություններն արժեքավոր են, սակայն անաչառության պատկերն ամբողջության մեջ հասկանալու համար՝ ոչ այնքան բավարար: Երեք նախագահների հանդիպումը՝ նույն սեղանի շուրջ, անփոխարինելի կլինի՝ պատկերն ամբողջացնելու եւ հասկանալու համար:
 
 
Երեք նախկին նախագահներն այլեւս անմատչելի չպետք է մնան լրագրողների համար:
 
Գուցե հանրային հեռուստաընկերության նոր ղեկավարները մտածե՞ն այս մասին:
 
Խմբագրության կողմից. - Հոդվածն արդեն պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել:
 
Հեղինակ՝ Լիլիթ Ավագյան