Պատգամավորներից ովքեր են կողմ և դեմ Քոչարյանի ազատ արձակմանը․ գաղտնի ստորագրությունների հետքերով.
 
 
Մինչ հանրությունը ոգևորված է Ռոբերտ Քոչարյանի կալանքի լուրով, ԱԺ պատգամավորները անձնական երաշխավորագիր են ներկայացնում՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար։ Եվ այն էլ՝ փաստորեն, խիստ գաղտնի։ Ոչ մի հստակ տեղեկատվություն չկա, թե ովքեր են նրանք։ 
 
 
 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ևս չի շտապում փակագծերը բացել. «Ստորագրահավաքին մասնակցել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում եմ մի քանի անուն էլ է ավելանալու»,-ասաց Սողոմոնյանը՝ նշելով, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և երկու փոխխոսնակները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը ևս ստորագրել են ձևաթղթի տակ: 
 
 
 
 
 
 
 «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է այն Հանրապետականների անունները, որոնք չեն ստորագրել միջնորդությունը։ Նրանք են՝ Մուրադ Մուրադյան, Սեյրան Սարոյան, Կնյազ Հասանով,Ալիկ Սարգսյան ու Հակոբ Հակոբյան` Կիլիկիայի Հակոբ:
 
 
 
 
 Հայտնի է նաև, որ ստորագրահավաքին միացել են ՀՅԴ և ԾԴ ներկայացուցիչները ևս։ Ծառուկյան դաշինքից միացել է Իշխան Զաքարյանը, որը տևական ժամանակ է՝ չի շփվում դաշինքի անդամների, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի հետ։ 
 
 
 Իսկ ՀՅԴ-ից, լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ստորագրահավաքին միացել են 2 կին պատգամավորները՝ Ռուզաննա Առաքելյանը, Արմենուհի Կյուրեղյան:
 
 
 
 Այսօր արդեն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ ևս միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ կիրառված կալանավորումը փոխարինելու հետ՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում»։
 
 
 
 Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, ինչը բավարարվել է: Օգոստոսի 9-ին Վերաքննիչ դատարանում կլսվի Քոչարյանի փաստաբանների բողոքը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ են մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: