Արդեն իսկ պետբյուջե է վերադարձվել մի քանի տասնյակ միլիոն դոլար. Տիգրան Ավինյան.
 
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշում է, որ այս պահին բյուջետային քննարկումներ են, սակայն աշխատավարձերի, նպաստների, թոշակների բարձրացումը կախված է լինելու տնտեսական ցուցանիշներից: Օգոստոսի 7-ին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Ավինյանը նշեց, որ այս պահի դրությամբ պատկերը դրական է, և եթե միտումն այս կերպ շարունակվի, կարծում է՝ մոտ ապագայում կարող են քննարկել նաև այդ հարցը:
 
Փոխվարչապետը, անդրադառնալով բյուջե վերադարձրած գումարներին, նշեց, որ խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարի մասին է:
 
«Կարծում եմ՝ սա շատ փոքր թիվ է, սա ընդհանուր առմամբ այն երևացող մասն է եղել, որը շատ արագ հայտնաբերվել է և վերադարձվել, բայց արդեն քաղաքականության մակարդակով կա որոշակի շերտի՝ սև շուկայից հանելու, մաքուր աշխատելու մոտեցումը նրանց մոտ ներդնելու խնդիր: Կարծում եմ՝ մեր հիմնական նպատակը սա պետք է լինի, որ բոլորը ցանկանան և բոլորին շահավետ լինի աշխատել հարկային դաշտում»,- ասաց նա:
 
Փոխվարչապետը հավելեց, որ դա լրիվ այլ պատկեր կլինի, խոսքը ոչ թե 10-20 մլն դոլարի մասին կլինի, այլ հարյուրավոր միլիոնների:
 
«Այնուամենայնիվ կարող եմ ասել, որ բեռից բացի, այսինքն՝ այսպես ասած այդ սև կասայից բացի, որ գործարարները վճարում էին, խոսքը խոշոր գործարարների մասին է, նաև պետք է հասկանալ գործարարների օբյեկտիվ խնդիրները, որ կապված են հարկային օրենսդրության հետ: Մենք փորձում ենք շարժվել հարկային օրենսդրությունը պարզեցնելու և տոկոսադրույքները վերանայելու ընդհանուր տնտեսական քաղաքականության շրջանակներում»,- նշեց Ավինյանը: