ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առաջարկում են վերացնել վերջինիս նկատմամբ կալանքը կամ կիրառել գրավ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին Ազատության եթերում հայտարարել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
 
 
Ալումյանի խոսքերով, գրավի չափը կորոշի դատարանը, եթե Քոչարյանը հնարավորություն չի ունենա այն վճարելու, չի վճարի և կմնա կալանքի տակ. «Առաջին ատյանի դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել՝ որպես հիմք ընդունելով այն, որ Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից, կամ քննությանը խոչընդոտել: Քննությունից թաքնվելու մտադրություն նա ի սկզբանե չի ունեցել, չունի նաև հիմա»:
 
 
 
Ինչ վերաբերում է քննությանը խոչընդոտելու հավանականությանը, Ալումյանի խոսքերով, դատարանն ասում է՝ նա կարող է խոչընդոտել քննության, որովհտեև ունի մեծ կապեր, սակայն քննիչը պետք է հիմնավորի, որ այդպիսի հավանականություն կա, ինչը չի արել:
 
 
 
Բացի դրանից, Ալումյանի պնդմամբ, օրենքով, եթե կա ավելի մեղմ խափանման միջոց, որը կարող է բացառել անձի կողմից քննության վրա ազդելը կամ քննությունից թաքնվելը, պետք է կիրառվի այդ միջոցը: Խոսքը մասնավորապես գրավի և անձնական երաշխավորության մասին է: Իսկ նման երաշխավարություն 46 պատգամավոր ներկայացրել է, և այդ պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է վճարի 500 հազարական դրամ: