ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը վերադարձել է Մոսկվա և շուտով կանցնի իր պարտականությունների իրականացմանը, ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
 
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 4-ին վերադարձել է Երևանից և անցել իր պարտականությունների լիակատար իրականացմանը»,- հայտնել է նա։
 
Զայնետդինովը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մեկնաբանելու իր նկատմամբ իրականացվող քննության ընթացքը, քանզի այն կարող է վնասել իր երկրի իմիջին։ «Քննության ընթացքի մասին ՀԱՊԿ քարտուղարությունում պաշտոնական տեղեկատվություն չկա, գլխավոր քարտուղարը կարծում է, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Եվ այս մասին նա այլ մեկնաբանություններ չի տալու, որպեսզի վնաս չպատճառի Հայաստանի իմիջին»,– մանրամասնել է մամուլի քարտուղարը։
 
Ինչպես հայտնի է, Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել այն նույն հոդվածով, ինչով որ այժմ մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ներկայացվել էր նաև նաև կալանքի վերցնելու միջնորդություն, սակայն դատարանը նրա նկատմամբ կիրառեց 5 մլն դրամի գրավը:
 
Խաչատուրովին մեղադրանք ներկայացվելուց հետո Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել էր, թե պաշտոնական Երևանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց: «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»,- ասել էր Բալայանը: Նկատենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով մինչև 2020 թվականը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը: Խաչատուրովն այս պաշտոնում է 2017 թվականից:
 
Ինչևէ, հայկական կողմը այդպես էլ չհստակեցրեց, թե ում է պատրաստվում առաջարկել Խաչատուրովի տեղում: Փոխարենը սրան հաջորդեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովի բավականին կոշտ գնահատականը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ. «Հայաստանում իրադարձությունները ընթանում են Հայաստանի նոր իշխանությունների` իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին հակառակ»,- նշել է ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը:
 
«Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ, քանի որ այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաև ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնցում մասնակցում է Հայաստանը»,- ասել է նա և ավելացրել, որ իրենք մի քանի անգամ մտահոգություն են փոխանցել հայկական ղեկավարությանը:
 
Այս ամենից հետո Խաչատուրովը վերադարձավ Մոսկվա, իսկ Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխելու խոսակցությունները դադարեցին: Փաստացի Խաչատուրովի հարցը լուծվեց Կրեմլի միջամտությամբ: Նրան վերադարձնելով՝ Մոսկվան Հայաստանի հեղափոխական իշխանություններին հստակ ցույց տվեց, որ երբ հարցը վերաբերում է ռուսական կառույցներում աշխատող պաշտոնյաներին, իսկ ՀԱՊԿ ՌԴ-ի ռազմական կառույցն է, բոլոր տեսակի քայլերը պետք է համաձայնեցված լինեն իր հետ: Թերևս Խաչատուրովին ետ կանչելու հարցը պետք է լուծված լիներ մինչև Հատուկ քննչական ծառայության կողմից մեղադրանքի առաջադրումը:
 
Հայաստանի իշխանությունն այժմ, Խաչատուրովի հարցով, իսկապես անելանելի վիճակում է հայտնվել: Փաստորեն Հայաստանում Խաչատուրովին կարող են դատել, եթե Կրեմլը թույլ տա: Վստահաբար կարելի է պնդել, որ Խաչատուրովը չի դատապարտվի, քանի դեռ զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Մյուս կողմից էլ  այդ նույն հոդվածով մեղադրվող Քոչարյանն այժմ բանտում է: Իսկապես տարօրինակ վիճակ է:
 
 
 
 
Հեղինակ՝ Հայկ  Դավթյան