Ե՞րբ Պաշտոնանկ Կարվեն Դաշնակցական Նախարարները.
 
«Առաջին լրատվական»-ը գրում է.
 
Ազգային ժողովի ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների իրավունքն է պահանջել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, միանալ վերջինիս կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին․«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսին հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Այնուամենայնիվ, փոխվարչապետը հասկացրել է, թե կոալիցիոն գործընկերների այս գործողությունները վերլուծության կարիք ունեն որոշակի եզրահանգումների հանգելու համար։ Նա պարզաբանել է, որ խոսքը վստահության շեմը բարձրացնելուն կամ իջեցնելուն է վերաբերում։
 
Տիգրան Ավինյանը խոսել է հատկապես ՀՅԴ հայտարարության մասին՝ ասելով, թե դրա բովանդակությունն իր համար անհասկանալի է։ «ՀՅԴ-ն, կազմելով կառավարության մի մաս, պետք է հստակ իմանա՝ գործադիր և դատական իշխանությունների միջև ինչպիսի փոխհարաբերություններ են, արդյոք կան ճնշումներ դատական իշխանության վրա, թե ոչ»,- նշել է նա։ Ավինյանը հիշեցրել է՝ իրենք առաջին իսկ օրից ֆիքսել են, որ գործադիր իշխանությունը որևէ ճնշում չի գործադրելու դատական իշխանության վրա։
 
Նիկոլ Փաշինյանի թիմի առանցքային անդամի հայտարարությունը հուշում է, որ այս անգամ ՔՊ-ն, կարծես թե, մտադիր է լրջորեն անդրադառնալ ՀՅԴ-ի հետ կոալիցիոն գործընկերությունը պահպանելու նպատակահարմարությանը։ Իհարկե, դասական քաղաքականության կանոնը հուշում է, որ եթե կոալիցիոն կուսակցությունը խոսում է երկրում քաղաքական հալածանքների, ընտրողական արդարադատության մասին, ապա ինքը պետք է օր առաջ հեռանա այն իշխանությունից, որին փաստորեն ռեպրեսիվ է համարում։ ՀՅԴ-ն չի շտապում՝ թերևս տնտղելով, թե ինչքանով են իրական Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտնի հեռանկարները։
 
Այս պարագայում քայլ պետք է անի իշխանության հիմնական պատասխանատվությունը ստանձնած կուսակցությունը։ Ռոբերտ Քոչարյանի հարցով ՀՅԴ-ն հանդես է եկել երկու հայտարարությամբ և եթե դրան չի հետևել դաշնակցական նախարարների պաշտոնանկությունը, կարող է թյուր կարծիք ձևավորվել, որ Նիկոլ Փաշինյանն առնվազն ըմբռնումով է մոտենում նրանց տեսակետներին։ Այսօր Տիգրան Ավինյանը հասկացրել է, որ դա բնավ այդպես չէ ու չի թաքցրել, որ իրենց թիմի ներսում որոշակի քննարկումներ են տեղի ունենում, որոնք, ըստ ամենայնի, կավարտվեն քաղաքական որոշմամբ։
 
Մարտի 1-ի գործի շրջադարձը և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը միանգամայն նոր քաղաքական իրավիճակ են ստեղծել երկրում։ Իրավական հարթությունից զատ՝ խնդիրն ունի ընդգծված քաղաքական ենթատեքստ․ ձևավորվում է նոր հակահեղափոխական բևեռ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որը, բնականաբար, ազդել է քաղաքական ուժերի դիրքավորման վրա։ ՀՅԴ-ն հենց առաջին օրից ինտեգրվեց Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ճամբարին՝ իր հեռուստաընկերության եթերը բացելով երկրորդ նախագահի առաջ ու հանդես գալով երկու զորակցող հայտարարություններով։ ԲՀԿ-ն ի պատիվ իրեն արժանապատվորեն դիմադրում է Ռոբերտ Քոչարյանի թիմի ճնշումներին՝ թեև կուսակցությունը հայտնվել է պերմանենտ ցնցումների ռեժիմում։
 
Բնականաբար, նոր իրողությունները չեն կարող չանդրադառնալ կառավարության քաղաքական կազմի վրա՝ անկախ այն հանգամանքից, որ այն ժամանակավոր է։ Մի կողմից «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները Փաշինյանին անհրաժեշտ են՝ խորհրդարանում ԸՕ-ի բարեփոխումներն իրականացնելու և արտահերթ ընտրություններ նախապատրաստելու հարցերում, մյուս կողմից՝ վստահության մեծ պաշարը Նիկոլ Փաշինյանին թույլ է տալիս քաղաքական գործընթացում ապավինել հասարակության ճնշմանը։
 
Ամենևին չի բացառվում, որ օգոստոսի 17-ի տպավորիչ հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանն իր կոալիցիոն գործընկերներին ցույց տա իրենց քաղաքական սնանկությունը՝ նրանց առաջարկելով հեռանալ կառավարությունից և կապիտուլացվել հեղափոխության առաջ։
 
Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»