Նիկոլ Փաշինյանը միայնակ է մնացել իշխանության մեջ. խմբագրական 
 
 
 
 
Ե՛ւ խորհրդարանի, ե՛ւ կառավարության ներկա կազմը հիշեցնում է հայտնի ֆիլմը՝ «Յուրայինների մեջ օտար, եւ օտարների մեջ՝ յուրային»: Օրենսդիր իշխանությունը ղեկավարում են ՀՀԿ-ականները՝ ԱԺ նախագահը, երկու տեղակալները, մշտական հանձնաժողովներից մի քանիսի ղեկավարները ՀՀԿ-ից են. այս կուսակցությունն ԱԺ-ում դեռ ամենաշատ պատգամավոր ունեցող խմբակցությունն է, չնայած քաղաքական դաշտում ՀՀԿ-ն գնալով ավելի ու ավելի է զիջում դիրքերը` հարմարավետորեն տեղավորվելով քաղաքական լուսանցքում:
 
 
 
 
    Բայց եւ ՀՀԿ-ն չի համակերպվում նոր դերի հետ` փորձելով հակահեղափոխության գնալ: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն էլ թեեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության մաս են, բայց իրականում նրանք էլ վարչապետի կողքին չեն: Ավելին` սխալված չենք լինի, եթե ասենք, որ իրականում ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀՅԴ-ն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ են գործում` պարզապես ոչ թե բացահայտ սաբոտաժի ենթարկելով կառավարության գործունեությունը, այլ ներքին կարգով: Նման դրսեւորումների պարբերաբար ականատես ենք եղել. ՀՅԴ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո երկու հայտրարություն տարածեց` ակնարկելով «ընտրովի արդարադատության եւ կողմնակալ քննության» իրենց տպավորությունների մասին: ՀՅԴ-ական պատգամավորներից երեքը միացել են Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին: Ավելի վաղ էլ կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի ու վարչապետ Փաշինյանի դիրքորոշումերը բախվեցին:
 
 
ԲՀԿ-ի դեպքում ամեն ինչ ավելի քողարկված է. ԲՀԿ-ականներն իշխանությունների գործողությունների դեմ հրապարակավ դժգոհել են միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի կալանավորման առթիվ նրա դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում` հայտարարելով, թե քաղաքական հետապնդում է իրականացվում: Չնայած այդ գնահատականներին` ԲՀԿ-ն շարունակում է մաս կազմել նույն այն իշխանության, որն այդ հետապնդումներն իրականացնում է: Բայց դժվար չէ կռահել՝ ԲՀԿ-ն ցանկացած հարմար պահի չի վարանի Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ դուրս գալու, պարզապես դեռեւս վստահ չեն, որ այս պահին նման քայլ անելու դեպքում հաղթանակած դուրս կգան: 
Փաշինյանի թիմը չունի հենարան նաեւ «Ելք» դաշինքում, թեեւ ՔՊ-ն «դե յուրե» դեռեւս «Ելք»-ի կազմում է: Ժամանակը ցույց տվեց՝ «Ելք»-ի մյուս անդամներն անվստահելի գործընկերներ են, հետեւաբար որեւէ կերպ չարժի նրանց վստահել:
 
ՈՒ հիմա Նիկոլ Փաշինյանին այլ բան չի մնացել, քան աջակիցներ փնտրել խորհրդարանական ուժերից դուրս, թեկուզ եւ նախկին զինակիցների շրջանակներում: