ՀՀԿ-ն հիշեց «ծռերին»՝ Քոչարյանին պաշտպանելու համար>
 
 
 
ՀՀԿ-ն հրապարակել է պատգամավորների ցանկը, որոնք ստորագրել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու երաշխավորագիրը: Այդ փաստաթուղթը գործնականում ստորագրել է ՀՀԿ ամբողջ խմբակցությունը, որ մնացել է քաղաքական վերադասավորումներից հետո: Կարելի է ասել, որ ՀՀԿ, այսպես կոչված, քաղաքական թևը կոնսոլիդացված է. համենայնդեպս՝ հրապարակված ցուցակում անակնկալներ չկան։
 
 
Դեռ օրեր առաջ կանխատեսել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պարագայում ՀՀԿ-ն, որպես փաստարկ, օգտագործելու է «ծռերի» նախադեպը։ Նման սցենարը կանխատեսելն ըստ էության բարդ չէր, որովհետև Քոչարյանին սատարողները նրա խափանման միջոցը փոխելու այլ ռացիոնալ փաստարկ, որպես այդպիսին, չունեն։
 
 
«Ազգային ժողովի պատգամավորն իրավունք ունի միջնորդություն ներկայացնել խափանման միջոցը փոխելու համար, և եթե ոմանք միջնորդություն են ներկայացնում «Սասնա ծռերին» ազատ արձակելու համար, և այդ միջնորդությունը բավարարվում է, ապա երկրորդ նախագահի միջնորդությունը պետք է բավարարվի ու բավարարվի»,- երաշխավորագիրը ստորագրելու իր որոշումն այսպես է հիմնավորել խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
 
 
Խնդիրն իրականում բազմաշերտ է, ու այս դեպքում ՀՀԿ-ն հմտորեն փորձում է օգտվել այն սխալից, որը գործել են Հայաստանի նոր իշխանությունները։ «Ծռերի» պարագայում իրականում թույլ է տրվել կոպիտ սխալ, որը նույնիսկ կարելի է ասել ական է՝ դրված Հայաստանի արդարադատության հիմքում։ «Սասնա ծռեր» խմբի անդամների խափանման միջոցն ըստ էության փոխվել է հեղափոխական պոպուլիզմի ու ամբոխի ճնշման ներքո։ Հայաստանի կառավարությունն իրապես չի միջամտել արդարադատությանը, սակայն «կանաչ լույս» է վառել պատգամավորական երաշխավորությունների համար, որոնք հաճախ դատավորների մոտ ասոցացվել են, այսպես կոչված, «վերևի զանգի» հետ։ Թե՛ «ծռերի», թե՛ Ռոբերտ Քոչարյանի պարագայում սկզբունքորեն սխալ ենք համարում արդարադատության նկատմամբ քաղաքական ճնշման որևէ դրսևորում, իսկ նոր իրավիճակում այդպիսին ենք համարում հենց պատգամավորական երաշխավորությունները։
 
 
Եթե «ծռերի» պարագայում արդարադատությունը թույլ է տվել ակնհայտ սխալ, չի նշանակում, որ այն, շտկելու փոխարեն, պետք է դարձնել նախադեպ՝ դատական համակարգը վերածելով քաղաքական կոնյունկտուրայի կամ ամբոխի պահանջի պատանդի։
 
 
 
Միով բանիվ, բովանդակային հարթության վրա Շարմազանովի բերած համեմատությունը, մեղմ ասած, այնքան էլ համարժեք չէ։ Ազատության մեջ հայտնված «ծռերն» ըստ էության չունեն սոցիալական ազդեցիկության որևէ հատկանիշ ու չեն կարող ազդել ընթացող դատավարության, կայացվելիք դատավճռի վրա։ Նույնիսկ գործում է հակառակ էֆեկտը՝ անազատության մեջ «ծռերը» միֆականացվում էին, նրանց շուրջն արհեստականորեն ստեղծվում էին հերոսների կերպարներ։ Սրանք հանգամանքներ էին, որ արհեստականորեն քաղաքականացնում էին գործընթացը, նպաստում էին հասարակության բևեռացմանը և որոշակի առումով կաշկանդում էին դատարաններին։ Հիմա «ծռերի» շուրջ միֆը կոտրվել է, ու անկասկած դատարանը կարող է ավելի անկաշկանդ գնահատական տալ նրանցից յուրաքանչյուրի կատարած քրեական հանցագործությանը՝ սահմանելով կոնկրետ պատժաչափ։
 
 
 
Միանգամայն այլ իրավիճակ է Ռոբերտ Քոչարյանի պարագայում, որը ազատության մեջ ոչ միայն կարող է էապես ազդել գործընթացի մյուս սուբյեկտների վարքագծի վրա, այլև կատարել կոնկրետ գործողություններ, որոնք կարող են առհասարակ վիժեցնել Մարտի 1-ի հանցագործության բացահայտման գործընթացը։ Ավելորդ չենք համարում հիշեցումը, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին տարբեր հանգամանքներում մահացել են Հոկտեմբերի 27-ի հետ առնչություն ունեցող կարևոր վկաներ, նախկին մեղադրյալներ։ Կարծում ենք՝ ավելորդ է հիմնավորել, որ այս «խորհրդավոր» մահերը չէին կարող տեղի ունենալ առանց Ռոբերտ Քոչարյանի իմացության։
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի