Ռոբերտ Քոչարյանի ստեղծած օլիգարխը՝ Գագիկ Ծառուկյանը, այս օրերին հետևողականորեն փորձում է իրեն սահմանազատել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանից, այլ նաև ամբողջ քրեաօլիգարխիայից։ Նոր Հայաստանն անշուշտ նոր էջ է բացում բոլորի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի համար։ Սակայն հեղափոխության հաղթանակի համար «նվիրաբերված» 31 մանդատները չեն կարող այն գինը լինել, հանուն որի հնարավոր լինի մոռացության մատնել պատմական ակնհայտ փաստեր, ԲՀԿ առաջնորդի բացառիկ դերը երկրում քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորման գործում։
 
Գագիկ Ծառուկյանը սկսել է «բարգավաճել», երբ բիզնես է սկսել Ռոբերտ Քոչարյանի հանգուցյալ եղբոր՝ Վալերի Քոչարյանի հետ, ում մահից հետո դարձել է երկրորդ նախագահի հիմնական բիզնես հենարանը, հայկական քրեաօլիգարխիայի հենասյունն ու խորհրդանիշը։ Նույնիսկ կարելի է վստահաբար պնդել, որ օլիգարխիկ բոլոր սխեմաները փորձարկվել են հենց Գագիկ Ծառուկյանի վրա. նա եղել է յուրօրինակ փորձարկման օբյեկտ, որի միջոցով ստուգվել է համակարգի քրեական գործիքակազմի «արդյունավետությունը»։
 
Գագիկ Ծառուկյանի դեմքով ու ակտիվ մասնակցությամբ Ռոբերտ Քոչարյանն անցանկալի մարդկանցից խլել է բիզնեսներ, բուծել է բանդաների ինստիտուտը, որն ակտիվորեն ներգրավված է եղել ոչ միայն տնտեսական, այսպես կոչված՝ «ռազբորկաներում», այլ նաև այն դեպքերում, երբ պետք էր ահաբեկել ընդդիմադիր գործչի կամ լրագրողի։ Հիշենք Շահեն Պետրոսյանի դաժան ծեծը կամ Նիկոլ Փաշինյանի մեքենայի պայթեցման պատմությունը։
 
Ռոբերտ Քոչարյանը Ծառուկյանից մարմնավորել է «թագավորի» անպատժելիության կերպար՝ անգամ այն դեպքերի համար, երբ օլիգարխի մերձավորները մարդ են սպանել։ Ընթերցողի ուշադրությունը բազմաթիվ դեպքերով չծանրաբեռնելու համար հիշենք մեկը։ 2007թ. օգոստոսի 6-ի գիշերը Կոտայքի մարզի Առինջ գյուղում «Մուլտի գրուպ» կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ Գ. Բալյանը և Ա. Անդրիասյանը սկզբում ծեծել, իսկ այնուհետև հրազենից կրակել և սպանել են Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի սպա Դենիս Երմոլովին։ ««Մուլտի գրուպ» կոնցեռնի պահակային ծառայության աշխատակիցներ» քաղաքակիրթ ձևակերպման տակ իրականում թաքնված են Գագիկ Ծառուկյանի թիկնապահները։
 
2000-ականների կեսերից սկսած՝ Ծառուկյանն ու նրա ստեղծած ԲՀԿ-ն դառնում են նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանը, որը խորհրդանշում էր երկրորդ նախագահի իշխանության երկարաձգումը կամ հարթակ էր նախապատրաստոմ նրա հնարավոր վերադարձի համար։
 
Ընթերցողին ուզում ենք հիշեցնել մեր նորագույն պատմության մի քանի կարևոր դրվագներ՝ հիմնավորելու համար, որ Գագիկ Ծառուկյանը որևէ պարագայում չի կարող ինտեգրվել հեղափոխության համատեքստին։ 2006-ին կուսակցություն ստեղծելու նպատակ է ունեցել նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը։ Ավարտին էր մոտենում Քոչարյանի տասնամյա նախագահությունը, ու Թումանյանը թերևս որոշել էր հավակնել նրա քաղաքական ժառանգությանը կամ սկսել ինքնուրույն խաղ։ Սակայն Թումանյանը Քոչարյանի քաղաքական ծրագրերում տեղ չուներ ու ավելորդ ինքնագործունեության համար պաշտոնանկ արվեց՝ փոխարինվելով Արմեն Գևորգյանով, ով 2007-ի խորհրդարանական ընտրություններում անձամբ է զբաղվել ԲՀԿ-ի նախընտրական արշավի համակարգմամբ։ Ընդ որում՝ սկզբնապես պլանավորված է եղել ԲՀԿ գործուղել նաև ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին՝ վերջինիս դարձնելով 2008-ի նախագահական ընտրություններում իշխանության թեկնածու։ Քոչարյանն այս կերպ փորձել է մարիոնետ նախագահի համատեքստում ստանձնել վարչապետությունը՝ իր ձեռքում պահելով փաստացի իշխանությունը։
 
2007-ի խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն համոզիչ հաղթանակ տարավ՝ ի դերև անելով Քոչարյանի այդ ծրագրերը։ Այն բանից հետո, երբ 2007-ի աշնանը նախագահական հայտով քաղաքականություն վերադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանի ընտրությունը վերջնականապես կանգ առավ Սերժ Սարգսյանի վրա։ Գագիկ Ծառուկյանը ևս հավատարմորեն լծվեց «Սերժ Սարգսյան՝ նախագահ» օպերացիային՝ դառնալով Քոչարյանի արյունոտ ծրագրերի հիմնական դերակատարներից մեկը։
 
Փաստահավաք խմբի հինգերորդ զեկույցում նկարագրված է, որ Գագիկ Ծառուկյանն այն ինը օլիգարխներից մեկն է, ում թիկնազորը մասնակցել է Մարտի 1-ի իրադարձություններին՝ իշխանությունից զինվորական հանդերձանք ու հրաձգային զենք ստանալով։ Փաստաթղթերը պահպանված են, ու կասկածից վեր է, որ շուտով ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործի շրջանակներում զբաղվելու է նաև այս դրվագով՝ թակելով Ծառուկյանի տան դուռը։
 
Ինչքան էլ այսօր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով սառը լինեն Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները, նրանք կապված են ճակատագրով՝ Մարտի 1-ի ոճրագործությամբ։ Ավելին՝ այսօր «հերոսաբար» Քոչարյանի «ինտերվենցիային» դիմադրող Գագիկ Ծառուկյանը մինչև 2015-ի սկիզբն ասոցացված է եղել հենց Քոչարյանի հետ՝ լինելով վերջինիս քաղաքական շահերի կրողը ու այն հարթակը, որը պետք է ապահովեր երկրորդ նախագահի վերադարձն իշխանություն։
 
Գագիկ Ծառուկյանը ժամանակին ինքնակամ է «տրվել» Քոչարյանին՝ հանուն մեծ հարստության ու արտոնությունների, ու հիմա զուր է նեղանում, որ երկրորդ նախագահը պահանջում է զինվորի պես աջակցել իրեն կամ համատեղ պատիժ կրել «ԿԳԲ-ի պադվալում»։ Ծառուկյանի ընտրությունն իրականում մեծ չէ, եթե նույնիսկ որոշի հեռանալ քաղաքականությունից։