ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ կառավարության գործունեության առաջին քայլերը բերում են նախադրյալներ, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունն ավելի մեծ տեմպերով կլինի։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տնտեսագետն ասաց, որ 2018թ. երկրորդ կիսամյակի ընթացքում բյուջետային մուտքերի աճն ավելի մեծ տեմպերով կլինի, ինչը հնարավորություն կտա տնտեսության մեջ էական բարեփոխումներ իրականացնել։
 
 
 
 
Գնաճի վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ գնաճի մակարդակն անհանգստացնող չէ, որևէ արհեստական բարձրացում չկա՝ ի տարբերություն այն ապրանքների, որոնց պարագայում նախորդ իշխանությունների ժամանակ չհիմնավորված գների բարձրացում էր լինում. «Այս պահին որևէ արհեստական գնաճ՝ գերշահույթի հաշվին այդ ոլորտներում, որոնք դեռևս մի քանի մասնակիցների մոտ են գտնվում, այլևս չկա»։
 
 
Վարչապետի խորհրդականի խոսքով՝ Հայաստանում հարկ վճարելն այլևս այլընտրանք չունի. «Իհարկե, տնտեսվարողները կարող են ասել՝ հարկ չվճարենք, դրա հաշվին ապրանքի գները կնվազեն, բայց դա որևէ քննարկման առարկա չի կարող դառնալ։ Հնարավոր է՝ հարկային փոփոխությունների արդյունքում տնտեսվարողների գործունեության մեջ որոշակի փոփոխություն նկատվի, որը որոշ չափով կարող է ապրանքների գների վրա էլ ազդել, բայց երկարաժամկետ կտրվածքում հարկային արդարությունը լինելու է այն գործիքը, որը նաև տնտեսության մեջ կբերի արդարության»։
 
 
Նրա խոսքով՝ Հարկային նոր օրենսգիրքը ենթադրում է նաև հարկային բեռի փոփոխություններ. «Բացի հարկային բեռի փոփոխությունը, նաև հարկային համակարգի պարզեցում է նախատեսվում, առաջին հերթին, փոքր բիզնեսի մոտ, որպեսզի նրանց համար հարկային վարչարարությունը լինի բավականին պարզ։ Փոքր բիզնեսի համար սահմանված տարատեսակ հարկատեսակների փոխարեն՝ փորձ է արվում ունենալ այնպիսի միասնական հարկային համակարգ, որն առավելագույնս պարզ կլինի, չի բացառվում նաև, որ հարկային բեռը թեթևացնենք»։
 
 
Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ բյուջեն դեռ քննարկման սկզբնական փուլում է, բայց կառավարության ծրագրում կենսաթոշակների և բյուջետային աշխատավարձերի բարձրացումն առաջնահերթություն է. «Արվելու է առավելագույնը, որ այդ բարձրացումը լինի պատշաճ։ Այսօր և՛ կենսաթոշակների, և՛ բյուջետային աշխատավարձերի դեպքում ունենք բավականին մեծ բևեռացում, օրինակ՝ նույն նվազագույն կենսաթոշակը միջին կենսաթոշակից երեք անգամ ցածր է։ Այսինքն՝ առաջին հերթին՝ ավելի խոցելի խմբերի, աղքատ մարդկանց եկամուտներին է ուղղվելու բարձրացումը»։