Թալանի ընկերները կամ Էռնեկյանի աջակցությունը Քոչարյանին.
 
Հանրապետության հրապարակում՝ ԱԳՆ նախկին շենքի գլխամասում, հայտնվել է մեծ պաստառ «Ազատություն նախագահին» վերտառաությամբ։ Գուցե զարմանալի թվա, սակայն պաստառը զորակցություն է Ռոբերտ Քոչարյանին, որի բողոքն այս ժամերին քննարկվում է Վերաքննիչ դատարանում։ Շենքը, որի վրա փակցվել է պաստառը, պատկանում է սփյուռքահայ գործարար, անցած տարի ազգային հերոսի կոչմանն արժանացած Էդուարդո Էռնեկյանին։
 
Արդյո՞ք զարմանալի չէ, թե ինչպես կարող է էռնեկյանը՝ այս երկրի ազգային հերոսը, իր պաշտպանության տակ առնել մի մարդու, ով մեղադրվում է երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ ու առանց չափազանցության՝ Հայաստանում նրա կալանավորման փաստն ընդունվեց հասարակական մեծ խանդավառությամբ։ Իհարկե, զարմանալի է, սակայն հարցի ոչ թե այս, այլ մեկ այլ ձևակերպում՝ այդ ո՞ր արժանիքի համար Սերժ Սարգսյանը Էռնեկյանին արժանացրեց ազգային հերոսի կոչման։ Համենայն դեպս՝ չենք հիշում որևէ արժանիք, որն այս գործարարին, որը Հայաստանում թաթախված է կոռւպցիոն մի քանի գործարքների մեջ, կարող էր արժանացնել նման բարձր կոչման՝ նրան հավասար հարթության վրա դնելով Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի, Մովսես Գորգիսյանի ու Թաթուլ Կրպեյանի, Վազգեն Առաջին Վեհափառի ու Ալեք Մանուկյանի հետ։
 
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն՝ իրենց նախագահությունների շրջանում, անասելի հարված են հասցրել պետական բոլոր մարմինների, ինստիտուտների, խորհրդանիշների հեղինակությանը՝ դրանք ծառայեցնելով իրենց անձնական շահերին, կոռուպցիոն հետաքրքրություններին։
 
Էռնեկյանին հերոսի կոչում տալը ասվածի լավագույն դրսևորումներից մեկն է, ինչն, ի դեպ, վկայում է նաև նրա մասին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տրամաբանական շարունակությունն է ու՝ ոչ միայն Մարտի 1-ի արյունոտ իրադարձություններով պայմանավորված։
 
Որպեսզի պարզ լինի Քոչարյանի հանդեպ Էռնեկյանի «անսահման նվիրվածության» պատճառը, միանգամից արձանագրենք՝ նա Ռոբերտ Քոչարյանի բիզնես գործընկերն է, որի կառավարման տարիներին մասնակից է եղել երկրորդ նախագահի մի քանի աղմկոտ կոտուպցիոն գործարքների։
 
«Կոնվերսբանկը» պատկանում է Էդուարդո Էռնեկյանին, որտեղ պատկառելի մասնաբաժին է ունեցել Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ով, ըստ արժանահավատ աղբյուրների, ավելի ուշ օտարել է բանկում ունեցած իր ակտիվները։
 
Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնվել Էդուարդո Էռնեկյանին։ Ռուսական և միջազգային մամուլում հրապարակումներ եղան, որ Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն այս բիզնեսում:
 
Ընդ որում՝ ուշագրավ է, որ սա Քոչարյանի նախագահության շրջանի կոռուպցիոն գործարքներից մեկն է։
 
Քոչարյանի կառավարման շրջանում «Հայփոստ» ընկերությունը նույնպես կոնցեսիոն կառավարման է հանձնվել Էդուարդո Էռնեկյանին, և ըստ ռուսական աղբյուրի’ այս բիզնեսում էլ Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեին: Ի սկզբանե «Հայփոստի» կառավարումը հանձնված էր հոլանդական «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը, որի ներկայացուցիչ Հանս Բոոնը, 2008 թվականին դեռևս չպարզված անձանց կողմից Երևանում դաժան ծեծի ենթարկվելով՝ փախավ Հայաստանից։
 
 
 
 
Փաստորեն՝ Էդուարդո Էռնեկյանն այսօր Ռոբերտ Քոչարյանին վարձահատույց է լինում՝ համատեղ թալանի, կոռուպցիոն գործողությունների համար։ Հայաստանը Էռնեկյանի համար նույնպիսի խոպան է՝ ինչպես Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար։ Նրանց բոլորի համար Հայաստանը եղել է թալանի օբյեկտ ու բնավ զարմանալի չէ, որ Քոչարյանն ու Էռնեկյանը համատեղ բիզնես ունեն․ թերևս դրանում ստացած փայի դիմաց Սերժ Սարգսյանը հերոսի կոչում տվեց Էռնեկյանին, իսկ հիմա էլ՝ սփյուռքահայ գործարարը երախտապարտ է լինում իր հայաստանյան «տանիքին։
 
 
 
 
 
Խնդիրն ունի բարոյական բաղադրիչ։ Հայաստանում լիակատար հասարակական կոնսենսուս է առկա Քոչարյանի կալնավորման հարցում ու Երևանի հենց կենտրոնում փակցված պաստառը կարող է թյուր կարծիք ստեղծել Հայաստան ժամանող հազարավոր զբոսաշրջիկների մոտ։ Կասկածից վեր է, որ Քոչարյանի թիմը հատուկ է գնացել քարոզչական այս մանիպուլյացիային՝ կեղծ պատրանք ստեղծելով, թե Հայաստանում կան Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ։
 
 
 
 
Էռնեկյանի շենքի վրա փակցված այս պաստառն, անշուշտ, լարվածություն է առաջացնելու՝ շարժելով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների արդար զայրույթը։ Քոչարյանի գրասենյակն ու փաստաբանները պարբերաբար ահազանգում են, թե սոցիալական ցանցերում իրենց վիրավորում և սպառնում են։ Բնավ մտադիր չենք արդարացնել մեր հայրենակիցների նման վարքագիծը, մյուս կողմից՝ դա հետևանք է այն տոտալ զզվանքի, որ մեր հասրակությունն ունի Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։ Իսկ վերջինիս փաստաբանները ճիշտ կանեն՝ հասարակության վերաբերմունքից բողոքելու փոխարեն, Ռոբերտ Քոչարյանի թիմին հորդորեն՝ ձեռնպահ մնալ սադրանքներից, հասարակությանը ծաղրելուց, նրան մարտահրավեր նետելուց։ Հանրապետության հրապարակում Քոչարյանին աջակցող պաստառի հայտնվելը՝ հենց մարտահրավեր է մեր հասարակությանը, նրա արժանապատվությանն, անարգանք է Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
 
 
 
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի