Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2017 թվականի քվեարկության արդյունքները:
 
Հավաքելով 190 միավոր` Հայաստանի անցնող տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ազգային հավաքականի ավագ, անգլիական «Ման. Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս մրցանակին Մխիթարյանն արժանանում է 7-րդ անգամ անընդմեջ, իսկ ընդհանուր առմամբ՝ 8-րդ անգամ:
 
«Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում են Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհավորել հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի և ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաև բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար, և Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու», - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ զրույցում նշել է Մխիթարյանը:
 
35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և մակեդոնական «Վարդար»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, իսկ երրորդը 25 միավորով Վարազդատ Հարոյանն է («Ուրալ»):