Hayeli.am-ը գրում է. «Ես այդ զենքի և տարածքի հետ որևէ առնչություն չունեմ և տեղյակ չեմ, թե զենքը, որի մասին Ազգային Անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց, ինչպես է հայտնվել այնտեղ»,  հարցին ի պատասխան նման պարզաբանում  ներկայացրեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով նախօրեին Մարտի 1-ի գործի  հետաքննության շրջանակներում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից հայտնաբերված ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին:
 
Հովիկ Աբրահամյանը հերքեց ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշված այն պնդումը, թե տարածքը, որտեղից հայտնաբերվել է ապօրինի զենքը, փաստացի  ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին է պատկանում, սակայն Ամբիկ Գևորգյանի անվամբ է  ձևակերպված:
 
Նախկին վարչապետի պնդմամբ՝ այն Ամբիկ Գևորգյանին է պատկանում, և ինքը դրա փաստացի սեփականատերը չէ:

«Ես ոչ այդ տարածքի, ոչ էլ այդ զենքի հետ որևէ առնչություն չունեմ»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:
 
Նա նաև հաստատեց հրապարկված այն տեղեկատվությունը, թե ինքը Մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության.

«Այո, հարցաքննություն եղել է, բայց ես տեղյակ չեմ, թե այդ զենքն ինչպես է հայտնվել այդ տարածքում»:
 
Հովիկ Աբրահամյանը նաև հավելեց, որ որոշ շահագրգիռ անձանց ևս խորհուրդ է տալիս չշտապել և չոգևորվել, սպասել քննության արդյունքներին:
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետՀովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գեւորգյանի անվամբ ձեւակերպված՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք: Հովիկ Աբրահամյանի եղբայրը ձերբակալվել է։