Բռնապետության արյունոտ դեմքը․ թե ինչպես «բոմժի» կարգավիճակում Հայաստան եկած Քոչարյանը դիզեց $4 մլրդ կարողություն.
 
 
 
Շատերը կարող են տարակուսել, թե Ռոբերտ Քոչարյանի ինչին էր պետք Մարտի 1-ի ոճրագործությունը, եթե, միևնույն է, նա մեկ ամիս հետո թողնելու էր Հայաստանի նախագահի պաշտոնը։ Հենց այս գործոնն էլ խաղարկում են Քոչարյանի այսօրվա աջակիցները։ Սակայն դա պարզունակ, պրիմիտիվ ալիբի է․Քոչարյանին անհրաժեշտ էր քրեաօլիգարխիկ ստատուս-քվոյի կայունություն, որպեսզի կարողանա պահպանել իր «անձեռնմխռելի» կարգավիճակը, վայելել արյունոտ հարստությունը, որը դիզել է դիակների վրայով՝ մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու կամ բռնությունների ենթարկելու եղկելի եղանակներով։ Սա էր հիմնական մոտիվը, որ Ռոբերտ Քոչարյանին դրդեց կազմակերպել Մարտի 1-ի ոճիրը։ Նույն մոտիվներով են սպանդին մասնակից դարձել բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, օլիգարխներ․յուրաքանչյուրն ապահովելու է իր գողոնի «անձեռնմխելիությունը», թալանի իրավունքը։
 
 
 
 
Դեռ 2010թ-ին ռուսական մամուլում հրապարակումներ հայտնվեցին հայ պաշտոնյաների աստղաբաշխական ունեցվածքի, կոռուպցիոն գործունեության մասին։ Դրանք, ի դեպ, հասարակական բուռն քննարկումների տեղիք տվեցին, սակայն այդպես էլ չարձագանքվեցին կոնկրետ պաշտոնյաների, իրավապահ մարմինների կողմից։
 
 
 
 
 
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահությունների ժամանակ «պաշտոնյա» բառը Հայաստանում սկսել է նույնացվել «թալանչի», «ավազակ» բառերի հետ: Հակառակ պարագայում անբացատրելի է, որ տասը տարի նախագահի պաշտոնում աշխատած Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը այդ ժամանակահատվածում կարող էին չորս միլիարդ դոլարի կապիտալ կուտակել: Ռուսական «Վերսիա» կայքը ու նաև միջազգային այլ պարբերականներ հենց այսքան են վերագրում Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին։ Ռուսական և հայկական մամուլի հրապարակումների հիման վրա փորձենք ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մի մասը։ Իսկ ցանկն առավել, քան տպավորիչ է․
 
 
 
1. «Արցախբանկ»-բանկը ստեղծվել է Քոչարյանի իշխանության առաջին տարիներին և հանրության շրջանում հայտնի է որպես ղարաբաղցիների կլանին պատկանող բանկ:
 
 
 
2. «Առեքսիմբանկ»-ըստ ռուսական կայքէջի՝ Քոչարյանների ընտանիքը այս բանկի համասեփականատերերից է:
 
 
 
 
3. «Յունիբանկ»-ըստ ռուսական կայքէջի՝ Քոչարյանների ընտանիքը այս բանկում էլ համասեփականատիրոջ կարգավիճակ ունի: Ի դեպ, «Յունիբանկի» ղեկավարները հաճախ են արտասահմանյան ուղևորությունների մեկնում Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակի հետ:
 
 
 
 
4. «Հայբիզնեսբանկ»-բանկը ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի գործուն աջակցությամբ։
 
 
 
 
5. «Կոնվերսբանկ»-ժամանակին «Կոնվերսբանկում» է աշխատել Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակը, որը եղել է բանկի բաժնետերերից մեկը, սակայն, ըստ հավաստի լուրերի, հետո իր բաժնեմասը վաճառել է:
 
 
 
 
6. ՄԱՊ ընկերություն-ըստ ռուսական կայքէջի՝ այս ընկերությունում Քոչարյանների բաժինը հասնում է 50 տոկոսի: Ընկերության հիմնադիրը ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանն է, որը մշտապես հովանավորություն է փնտրել իշխանության առաջին դեմքերի մոտ։
 
 
 
 
7. «Ռենկո կոսնտրակշըն»-սա այն ընկերությունն է, որը Երևանում կառուցեց «Կոնգրես» հյուրանոցը: Բացման արարողության ժամանակ Քոչարյանը այս հյուրանոցը համեմատեց «բոնբոներկայի» հետ:
 
 
 
 
8. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ըստ ռուսական կայքէջի՝ այս ընկերության բաժնետոմսերի շուրջ 90 տոկոսը պատկանում է Քոչարյանների ընտանիքին: Հայաստանի ազգային հարստություն հանդիսացող այս ընկերությունը սեփականաշնորհվել է «ջրի գնով»՝ փաստացի 45 միլիոն դոլարով (իրական արժեքը գնահատվում է 800 միլիոն դոլար)։ Գործունեության առաջին տարում նրա հասույթը կազմել է 190 միլիոն դոլար: Պատկերացրեք, թե միայն այս գործարքից ինչ գումարներ է աշխատել Ռոբերտ Քոչարյանը։
 
 
 
 
9. «Արդշինինվեստբանկ»-ըստ ռուսական կայքէջի՝ Քոչարյաններին է պատկանում այս բանկի բաժնետոմսերի 50 տոկոսը:
 
 
 
 
10. «Կապուտակ Սևան» հանգստյան տուն-ըստ ռուսական կայքէջի՝ այս ընկերության 100 տոկոսի ֆորմալ սեփականատերը ոմն Արտակ Ոսկանյան է, որն իրականում Քոչարյանների կառավարիչն է: «Կապուտակ Սևանը» համարվում է Սևանի ափի էլիտար հանգստյան տներից մեկը և դե ֆակտո պատկանում է երկրորդ նախագահի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին:
 
 
 
11. «Նաիրի» բժշկական կենտրոն-Քոչարյանների փայաբաժինը այստեղ, ըստ ռուսական կայքի, 50 տոկոս է: Երևանում շատերը գիտեն, որ բժշկական կենտրոնը հիմնադրել է առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, որը Բելլա Քոչարյանի բիզնես-պարտնյորն է։
 
 
 
 
12. «SAS» սուպերմարկետների ցանց-ըստ ռուսական կայքէջի՝ այստեղ էլ Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի միջոցով: «SAS» սուպերմարկետների ցանցը հիմնադրվել է ՀՀ պետական եկամուտների նախկին նախարար, վարչապետի նախկին խորհրդական Գագիկ Պողոսյանի կողմից, որը 2001 թվականին սպանվեց իր տան մուտքի դռանը ամրացված նռնակի պայթյունից: Սուպերմարկետների ներկայիս սեփականատերը Պողոսյանի փեսան է, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը: Աներոջ սպանությունը թերևս ուղերձ է հանդիսացել, որ Արտակ Սարգսյանը բիզնեսը կիսի Քոչարյանի մերձավորների հետ։
 
 
 
 
13. «Հ2» հեռուստաընկերություն-ռուսական կայքը պնդում է, որ այստեղ Քոչարյանները 50 տոկոս փայատեր են Արմեն Գևորգյանի միջոցով: Մյուս փայատերը Սամվել Մայրապետյանն է, որը նաև էլիտար շինարարության ոլորտում է ներգրավված՝ երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանի հետ միասին։
 
 
 
 
14. «Սթար» խանութների ցանց-«Վերսիա»-ի պնդմամբ՝ այս ցանցում Քոչարյանի որդի Սեդրակը 30 տոկոս փայաբաժին ունի:
 
 
 
 
15. «Նոյ» կոնյակի-գինու գործարան-ռուսական կայքէջը պնդում է, որ այստեղ էլ Քոչարյանների չափաբաժինը 50 տոկոս է: Մնացած մասի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է: Կարծիք կա, որ Քոչարյանները փայ ունեն Ծառուկյանի բոլոր բիզնեսներում: Ինչպես հայտնի է, Քոչարյանի եղբայրը՝ Վալերին, Ծառուկյանի բիզնես-գործընկերն է եղել: 1999 թվականին, սակայն, նա դժբախտ պատահարի զոհ դարձավ: Ենթադրվում է, որ նրա փայաբաժինները հօդս չեն ցնդել ու դրանց տեր է կանգնել Քոչարյանների ընտանիքը:
 
 
 
16. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան- Էդուարդո Էռնեկյանին 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնված այս բիզնեսում, ըստ նույն աղբյուրի, Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն: Հիշեցնենք, որ օդանավակայանը հենց Քոչարյանի կառավարման տարիներին է կոնցեսիոն կառավարման հանձնվել՝ կոռուպցիոն սխեմաների արդյունքում:
 
 
 
 
17. «Հայփոստ» ընկերություն-նույնպես կոնցեսիոն կառավարման է հանձնված Էդուարդո Էռնեկյանին, և ըստ ռուսական աղբյուրի՝ այս բիզնեսում էլ Քոչարյանները 50 տոկոս փայաբաժին ունեն: Ի սկզբանե «Հայփոստի» կառավարումը հանձնված էր հոլանդական «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը, որի ներկայացուցիչ Հանս Բոոնը, 2008 թվականին դեռևս չպարզված անձանց կողմից Երևանում դաժան ծեծի ենթարկվելով՝ փախավ Հայաստանից:
 
 
 
18. Բջջային հեռախոսների ներկրում-այս շուկայի 80 տոկոսն է, ըստ ռուսական կայքի, պատկանում Քոչարյաններին: Այստեղ հայ հանրության համար նորություն չկա էլ. Սեդրակ Քոչարյանը վաղուց է հայտնի որպես «NOKIA» հեռախոսների վաճառքի մենաշնորհի տիրակալ: Նախագահի պաշտոնում իր վերջին այցելություններից մեկը Ռոբերտ Քոչարյանը Ֆինլանդիա կատարեց և որդու՝ Սեդրակի ուղեկցությամբ այցելեց նաև «NOKIA» ընկերության կենտրոնակայան։
 
 
 
19. Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն-այս բիզնեսում Սեդրակ Քոչարյանի փայաբաժին ունենալը հաստատվել է նույնիսկ պաշտոնական մակարդակով. Քոչարյանի գրասենյակն է հանդես եկել փաստը հաստատող հայտարարությամբ: Այստեղ Սեդրակ Քոչարյանի բիզնես-պարտնյորը այդ նույն Սամվել Մայրապետյանն է, որը Սեդրակի բիզնես-գործընկերն է էլիտար շենքերի բիզնեսում։
 
 
 
 
20. «Գոլդեն փալաս» հյուրանոց-ըստ ռուսական լրատվամիջոցի՝ Քոչարյանների փայաբաժինը այս հյուրանոցում կազմում է 83 տոկոս: Այս հյուրանոցը կառուցվել է «Հաղթանակ» զբոսայգու մի հատվածի ոչնչացման հաշվին: Այս հյուրանոցի ֆորմալ սեփականատերը ի սկզբանե կապի և տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանն էր, որ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի աներորդին է: Ի դեպ, ըստ արժանահավատ լուրերի՝ Քոչարյանը 2001-ի հունվարին Երևանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանին պաշտոնանկ է արել նաև այն պատճառով, որ վերջինս մինչև վերջ դիմադրել է հյուրանոցի կառուցմանը։
 
 
 
 
21. «Ղ-տելեկոմ» («Վիվասել» առևտրային ապրանքանիշ)-այս ընկերությունը բջջային կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացավ մի մրցույթում, որը կապի և տրանսպորտի նախարարության կողմից հայտարարվեց և անցկացվեց մի գիշերվա ընթացքում: Նման բան հնարավոր էր միայն Ռոբերտ Քոչարյանի ուղղակի միջամտության դեպքում։ Ի դեպ, պաշտոնաթողությունից հետո Ռոբերտ Քոչարյանը «Վիվասելի» փայատեր ռուսական «Սիստեմա» ընկերությունում ազատ տնօրենի կարգավիճակ ստացավ:
 
 
 
22. «Արարատցեմենտ» գործարան-ըստ «Վերսիա»-ի՝ այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Այս գործարանը նույնպես ծիծաղելի գներով սեփականաշնորհվեց, և ֆորմալ սեփականատեր հռչակվեց Գագիկ Ծառուկյանը: Հետագայում պարզվեց, որ այստեղ փայաբաժին ունեն նաև Հովիկ Աբրահամյանը, Ռոբերտ Քոչարյանը, որոշ տեղեկություններով՝ նաև Սերժ Սարգսյանը:
 
 
 
 
Հայաստանի նախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը, ըստ հավաստի տեղեկությունների, ակտիվ բիզնես գործունեություն է ծավալում Ռուսաստանում՝ մի քանի նախագծերում հանդիսանալով Սամվել Կարապետյանի (Տաշիր Սամոյի) բիզնես-գործընկերը, իսկ Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակի բիզնեսի աշխարհագրությունը հասել է աֆրիկյան երկրներ, որտեղ նա հիմնել է խաղատների մեծ ցանց։
 
 
 
 
Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի ընտանիքը չէր կարող այս ունեցվածքը կուտակել օրինական ճանապարհով: Սա պաշտոնական դիրքը չարաշահելու, ապօրինի հարստացման տեսանելի, առարկայական հետևանք է։ Կարծում ենք՝ հեռու չէ այն օրը, երբ ՀՔԾ-ն Քոչարյանի դեմ քրգործ կհարուցի ապօրինի հարստացման բազմաթիվ դրվագներով։
 
 
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի