Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի այսօր, ժամը 14-ին։ Երեկ դատական նիստը տևել է շուրջ ութ ժամ, որին մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը, որը, նրա պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով, փայլուն ելույթ է ունեցել։

Վերաքննիչ դատարանում քննվում է երկու միջնորդություն, մեկը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով, մյուսը փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն է՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Ենթադրելի է, որ այսօր դատական նիստը կավարտվի, և Վերաքննիչ դատարանը կհրապարակի իր վճիռը՝ չնայած տեսականորեն դա կարող է տեղի ունենալ անգամ երկուշաբթի օրը։
 
Հիմա դուրս գանք գործի զուտ դատավարական ձևաչափից և փորձենք հասկանալ, թե ինչ խնդիր է լուծում Ռոբերտ Քոչարյանի թիմը։ Նա գլոբալ հարթության վրա փորձում է վիճարկել, որ երկրորդ նախագահի քայլերը 2008-ին հանգեցրել են սահմանադրական կարգի տապալմանը՝ այդ նպատակով մեծ հանցագործության տարբեր դրվագներ լոկալացնելով ու փորձելով կորցնել ամբողջ շղթայի պատճառահետևանքային կապը։ Մյուս խնդիրը, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունն է, որովհետև երկրորդ նախագահի անազատությունը էապես կաշկանդում է նրա, այսպես կոչված, կանխարգելիչ գործողությունների հնարավորությունը։
 
Հատուկ ուզում ենք անդրադառնալ սահմանադրական կարգի տապալման գործընթացին, որը, ի հեճուկս տարածված տեսակետի, չի սկսվել մարտի 1-ին ու նույնիսկ չի ավարտվել հենց այդ օրը։

Սահմանադրական կարգի տապալման գործողությունները սկսվել են դեռ նույնիսկ մինչև ընտրությունները. հաճախ անտեսվում է այն փաստը, որ մինչև փետրվարի 19-ն արդեն շինծու մեղադրանքներով կալանավորվել էին Տեր-Պետրոսյանի թիմի վեց ակտիվիստներ։ Ընտրությունների օրը տեղ գտած զանգվածային խախտումներն են եղել պատճառը, որ հենց հաջորդ օրվանից Երևանում անցկացվել են բողոքի զանգվածային ակցիաներ։

Սահմանադրական կարգի տապալման հաջորդ կարևոր հանգրվանը եղել է բազմիցս հիշատակված թիվ 0038 գաղտնի հրամանը, որը պաշտպանության նախարարի կողմից արձակվել է արյունոտ իրադարձություններից ութ օր առաջ՝ փետրվարի 23-ին։ Եթե նախորդ իշխանությունները վստահ չլինեին, որ այս հրամանն իրապես սահմանադրական կարգի տապալման հիմք է, ապա տասը տարի շարունակ այն թաքուն չէր պահվի քննությունից։

Սահմանադրական կարգի դեմ ոտնձգության մյուս դրսևորումը փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Մարուքյանի թիվ 52200600 քրեական գործ հարուցելու մասին որոշումն է, որով կեղծ հիմքեր են ստեղծվել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների զանգվածային ձերբակալությունների համար։
 
Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետի խախտումով. այդ ժամանակ գոյություն չի ունեցել համապատասխան օրենք, այսինքն՝ խնդիրն օրենսդրորեն կարգավորված չի եղել։
 
Մարտի 1-ն ու տասը զոհերը եղել են սահմանադրական կարգի տապալման ամենաողբերգական հետևանքը, սակայն Ռոբերտ Քոչարյանի հանցագործության շղթան նույնիսկ այդ օրը չի ամփոփվել։ Գործընթացի վերջին ակորդը եղել է մարտի 9-ին, երբ Սահմանադրական դատարանը Բաղրամյան 26-ի ակնհայտ ճնշման ներքո կայացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի հայցը մերժելու որոշում։ ՀՔԾ-ն այս դրվագով նույնպես արդեն հարուցել է քրեական գործ։

Այս փաստերի համակցությունը հուշում է, որ Ռոբերտ Քոչարյանն ունեցել է սահմանադրական կարգը տապալելու հաշվենկատ ծրագիր, որն իրականացրել է սառնասիրտ ցինիզմով։ Ի դեպ, երկրորդ նախագահը իր դեմ առաջին ցուցմունքը տվել է ողբերգական իրադարձությունների հենց հաջորդ օրը՝ մարտի 2-ին, երբ խոստովանել է, որ երկրում կարգուկանոնը վերականգնվել է բանակի միջոցով։ Փաստորեն Ռոբերտ Քոչարյանն այս ինքնախոստովանությամբ ինքն է իր դեմ կայացրել «դատավճիռ»։

Անկասկած է, որ Ռոբերտ Քոչարյանն անցած տասը տարիների ընթացքում անմիջականորեն, նաև՝ Սերժ Սարգսյանի միջոցով, պարտակել է Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը։ Եվ այսօր էլ կորդեգրի նույն վարքագիծը, եթե հայտնվի ազատության մեջ, մանավանդ, որ հավաստի տեղեկատվության համաձայն՝ իր կուտակած ապօրինի գումարներն այս օրերին շռայլորեն ծախսում է՝ տարբեր մարդկանց հավաքագրելու նպատակով։ Այս համատեքստում խիստ սկզբունքային է, որ այսօր Վերաքննիչ դատարանը մերժի Քոչարյանի պաշտպանների դիմումը։
 
Լուսանկարը՝ 2rd.am-ի