Փետրվարի 3-ին «Չորրորդ իշխանություն» թերթը հրապարակեց տեղեկություն այն մասին, որ Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում՝ ԴԱՀԿ-ում, և առանձնապես խոշոր չափերի՝ հարյուրավոր միլիոն դրամի հասնող խախտումներ հայտնաբերել։ Թերթի հրապարակմանը հաջորդեց մեկ այլահազանգ՝ այս անգամ ԴԱՀԿ նախկին աշխատակցից։ Վերջինս պնդում էր, թե ցանկացած ՃՈ-ի հետ կապված արգելանք կարելի է 50 տոկոս վճարելով «ջրել»: Բացի այդ, տեղեկություններ էին շրջանառվում, որ ԴԱՀԿ հաշիվների վրա իրականում գումար չկա․․․
 
Կարճ ժամանակ անց այս տեղեկությունները պաշտոնապես հաստատվեցին։
 
Այս պարագայում Հ1-ի եթերում ԴԱՀԿ արդեն նախկին պետ Արմեն Հարությունյանի «գեներալ-գնդապետով» ներկայանալը միանգամայն կարելի է խորհրդանշական համարել։ «Բարդակը» նույնիսկ ենթագիտակցության մակարդակում էր։ Մարդ, ով լեյտենանտից հանկարծ դառնում է փոխգնդապետ, փոխգնդապետից էլ ավելի անհասկանալի՝ գեներալ-մայոր, կամ բացարձակապես չէր տիրապետում իրավիճակին, կամ էլ բռնել էր պետական փողերն ուտելու ուղին։ Փոխարենը «գառան մորթով» ապաշնորհ ղեկավարն իրեն կարող էր թույլ տալ գրչամանը նետել աշխատակցի դեմքին։
 
 
Բախտի բերմամբ պատասխանատու պաշտոնին հայտնված ցանկացած ոք պատուհաս է։ Ավելին՝ խաղում է տվյալ կառույցի անվան հետ։ Սա ավելի ակնառու դարձավ թավշյա իշխանափոխության օրերին։ Ի դեպ, հանրապետության համար նույն այդ բեկումնային օրերին Արմեն Հարությունյանը 100 հազար դոլարով նշեց Ծառայության կազմավորման 20-ամյակը։ Չնայած իր ղեկավարությամբ բացահայտված հարյուր միլիոնավոր դրամի չարաշահումների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներին, թքած ունենալով տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ Արմեն Հարությունյանը 100 հազար դոլարանոց քեֆ արեց։ Քեֆ արեց ու հրաժեշտ տվեց պաշտոնին։ Իսկ ո՞վ պետք է պատասխան տա պետությանը ահռելի չափի վնասներ հասցնելու համար։ Իշխանափոխության հեղինակները այս առումով միանշանակ հայտարարություններ են անում։
 
 
 
Տեսնենք։
 
 
Որպես հիշեցում՝ դերասան Սերգեյ Դանիելյանն ասուլիներից մեկում հայտարարել էր․ «Ուզում եմ տեղեկացնել իշխանությանը, որ ես գող եմ բռնել: ԴԱՀԿ-ի այլանդակություններից վարչապետն ու նախագահը, իհարկե, խաբար չեն, ուստի ես որոշեցի նրանց օգնել»։
 
Եվ այսպես՝ ո՞ւր է անհետացել շուրջ 1 միլիարդ դրամը։ Ավելին՝ ըստ ՎՊ հաշվետվության` 2016 թ. և 2017թ. ԴԱՀԿ-ն բազմաթիվ անհարկի ծախսեր է կատարել և միլիոններ է վատնել տարբեր ուղղություններով: ԴԱՀԿ-ի պահպանման ծախսերի մեջ պարգևատրման ծախսերը կազմել են գրեթե նույնքան, որքան եղել են աշխատողների վարձատրության ծախսերը` համապատասխանաբար` 83.4% և 84.3%: 724 մլն դրամ ուղղվել է պայմանագրային հիմունքներով աշխատող ավելի քան 200 անձանց վարձատրությանը, որը չի համապատասխանում ՀՀ կառավարության որոշմանը: ՃՈ 47145 վարչական ակտերով վարույթների հարուցումը մերժվել է ծառայության էլեկտրոնային համակարգի կողմից, վարչական ակտերն անհիմն մերժելու արդյունքում հարկադիր կատարողները չեն հարուցել 645 կատարողական վարույթ` գրեթե 5.5 մլն դրամ բռնագանձման գումարով, նաև խախտել են օրենքի պահանջը` պարտապանների ավտոմեքենաների վրա բռնագանձում չեն տարածել: Հայտնաբերված խախտումների ցանկը կարելի է շարունակել․․․
 
Ո՞վ էր ԴԱՀԿ-ում ստեղծված իրավիճակի, հանցավոր անգործության կամ գործուն հանցավորության պատասխանատուն։ Տրիվիալ հարց է։ Պատասխանն ակնհայտ է։ Սակայն, իրավիճակը շտկելու համար հստակ «վիրահատական» քայլեր են պետք։
 
«Вор должен сидеть в тюрьме!»։ Այլ տարբերակ չկա։ Հակառակ դեպքում, ստավում է, որ իշխանափոխության գլխավոր պոստուլատները ընտրողաբար են կյանքի կոչվում, իսկ 1 մլրդ գռփած ԴԱՀԿ նախկին պետը շարունակում է վայելել կյանքը։