Մեր շոու աստղերը ճո՜խ են ապրում։ Մի երկու անգամ ինչ- ինչ պատճառներով առնչվել ու զարմացել եմ՝ այ մարդ «ինչ եք կպել» մոնումենտի դղյակներից․ մի աղքատ երկրում, որտեղ սիրողական երգիչը կամ շոումենը շքեղ դղյակում է ապրում, ապրելակերպը չասեմ, ինչու՞ ենք զարմանում, որ պաշտոնյաներն էլ են դղյակներում ապրում։
 
Ակամայից հիշում եմ Սիլվա Կապուտիկյանի, Օֆելյա Համբարձումյանի, Համո Սահյանի, մեր մյուս Մեծերի ապրելակերպը և զարմանում՝ մերօրյա լուսատտիկներն այդ ի՜նչ դարձան․․․
 
Մի քանի օր է՝ մամուլն աղմկում է՝ Ավետ Բարսեղյանը արտագաղթում է, հա արտագաղթում է։ Ըստ աղբյուրի, օրերս ԱՄՆ-ում տեսել են հաղորդավարին, ով Գլենդելի հայության «աստղային» թաղամասում առանձնատուն գնելու փնտրտուքների մեջ է եղել։ Այնպես էլ պաշտոնակա՜ն են գրում՝ ՀՀ մշակույթի Վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյան․․․ Վաստակավորն էլ քիչ է, մեծատառով՝ Վաստակավոր։
 
Որ ասես մեկի սիրտը ցավում է, որ Ավետը արտագաղթում է, այդպես չէ, ֆեյսբուքն աշխուժացել է՝ մի օր շուտ գնա։
 
Բայց հետաքրքիր է մամուլի տրամաբանությունը։ Նշվում է, որ հաղորդավարը Հայաստանում ամենաարտոնյալ և մեծ հնարավորություններ ունեցող արտիստների շարքում է (Արտի՜ստ)։ Փաստ է արձանագրվում, բայց այդ փաստի եզրահանգումը Ավետի արտագաղթելն է։ Հարգելի լրատվամիջոցներ, եթե Ավետը Հայաստանում արտոնյալ, առոք- փառոք ապրում է, էլ ինչու՞ է արտագաղթում Ամերիկա։
 
Տուն փնտրելը արտագաղթե՞լ է նշանակում, չեմ հասկանում։ Մեր պաշտոնյաների մեծ մասը արտասահմանում շքեղ տներ ունեն, բայց հո չե՞ն արտագաղթել։ Հայաստանը կթու կով է, կթու կովը կթողնեն գնա՞ն․․․ Որ ցամաքի, նոր կգնան, դեռ կաթ ու մածունից օգտվում են։ Տուն գնելը ապահովագրության նման մի բան է։
 
Մումուլի աղմուկից հետո Ավետը հայրենասիրական ակցիա կանի՝ առանց Հայաստանի իմ կյանքը չեմ պատկերացնում։ Ճիշտ է, այնտեղ լավ առաջարկներ ունեմ, բայց․․․
 
․․․Եթե Հայաստանը մարդ լիներ, կգոռար՝ ոսկորներս է մնացել, եկե՜ք․․․
 
Աղմուկից ընդամենը կարելի է եզրակացնել, որ Ավետն էլ վատ չի օգտագործել իր արտոնյալ լծակները և Գլենդելում առանձնատուն է փնտրել, որ գնի։ Եթե դեռ չի գնել։
 
Հայաստանից Ավետը ինչու՞ է արտագաղթում։
 
Այդքան շռայլ հունձ էլ որտե՞ղ կարող է անել։ Այդքան Վաստակավոր էլ որտե՞ղ կարող է դառնալ։
 
 
Հասմիկ Բաբաջանյան