«Փյունիկ» հիմնադրամը Սերժ Սարգսյանին Այվազովսկու գողացված նկարն է նվիրել.
 
 
«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքում տեղեկատվություն է հրապարակվել այն մասին, որ հիմնադրամի ղեկավարներին ընդունել է Սերժ Սարգսյանը, որի ժամանակ հիմնադրամի անունից նրան նվեր է հանձնվել աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկու հեղինակած «Նավը ծովում» նկարը: Հաղորդագրության մեջ, սակայն նշված չէ, թե ե՞րբ է տեղի ունեցել այդ հանդիպումը եւ որտեղի՞ց է ձեռքբերվել «Նավը ծովում» կտավը: «Փյունիկ»-ի հայտարարության մեջ ասված է նաեւ, որ «երկրի նախագահն արժեքավոր նվերը հանձնեց պատմության թանգարանին»: Ի դեպ, այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանն է, որը նախորդ տարի Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է:
 
 
 
Բանն այն է, 2011 թվականի հունվարին ռուս հայտնի գործարար Ալեքսանդր Տարանցեւի առանձնատնից խոշոր չափի գողություն էր կատարվել: Գողացել էին բազմաթիվ արժեքավոր իրեր, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու «Նավը ծովում» եւ Իլյա Ռեպինի «Կազակը» նկարները: Գործարարի ընդհանուր կորուստը գնահատվել էր մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլար:
 
Պատմության թանգարանից մեզ ուղղորդեցին Ազգային պատկերասրահ, որտեղից էլ տեղեկացանք, որ «Նավը ծովում» անվանումը կրող նկար պատկերասրահում չկա:
 
 
 
 
 
«Փյունիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Նալջյանն Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ նվիրատվությունը եղել է 3 կամ 4 տարի առաջ: «Նախագահի աշխատակազմ որ զանգեք, հստակ կասեն ձեզ»,- ասաց Սուրեն Նալջանը:
Դիտարկմանը, որ «Նավը ծովում» նկարը պատկերասրահում չէ, նա այսպես արձագանքեց. «Կներեք՝ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, թե հետո ինչ է եղել, դրա մասին ոչ մեկ տեղյակ չի պահել»:
Սուրեն Նալջյանը մեծ զարմանքով արձագանքեց այն փաստին, որ նկարը գողացվել է 2011 թվականին: «Ես այդպիսի տեղեկություն չունեմ, եթե նման բան լիներ, պատկան մարմիններն անձամբ կզբաղվեն այդ հարցով, մանավանդ, որ այդ կտավը գիտեք ում է նվիրվել, թաքցնելու ոչ մի բան չկար: Ես խնդրում եմ` այդ հարցին շատ լուրջ վերաբերվեք, որովհետեւ դուք տվյալ մարդուն գող եք անվանում»,- ասաց «Փյունիկ» հիմնադրամի գործադիր տնօրենն ու կտրականապես հրաժարվեց ասել, թե ով է ձեռքբերել Այվազովսկու այդ կտավն ու տվել հիմնադրամին, որն էլ իր հերթին նվիրել է Սերժ Սարգսյանին:
«Ինքը լավ մարդ է, երկրի համար շատ բան է անում, այդ մարդուն այնպես չանենք, որ այդ մարդը թողնի գնա այս երկրից, ով ասենք առել բերել է: Ուշադիր լինենք, թե ինչ վտանգավոր հարց է: Այդ մարդը Հայաստանում չի ապրում, դրսի մարդ է, որը գնել եւ բերել, տվել է: Դրա համար եմ խնդրում, եթե ես լինեի, կասեի իմ մասին ինչ ուզում եք գրեք: Ինքը մեր երկրի համար շատ բան է անում, հանկարծ ամոթով չմնանք էլի, մենք ամոթով կմնանք, եթե չապացուցվի այդ հարցը»,- ասաց Սուրեն Նալջյանը՝ նշելով, որ այդ մարդը չէր կարող գողացված ապրանք գնել:
Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանից փորձեցինք տեղեկանալ՝ որտեղ է նկարը, արդյո՞ք նախագահականում տեղյակ են, թե ինչ նվեր են ստացել, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Ի դեպ, նախագահականի պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարների մեջ բացակայում է «Նավը ծովում» կտավը, մինչդեռ նախագահականի ցուցասրահում առկակտավները հրապարակված են: