Կալանավորված Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօրվա նիստին էլ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում էր, նաև ելույթ է ունեցել: Բոլոր արգումենտները քննարկվել են, նիստը հարթ է ընթացել:

«Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ պետք է բավարարվի բողոքը»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով, սենսացիոն հայտարարություններ չեն եղել, հնչել են պարզաբանումներ, որոնք լույս են սփռում որոշակի գործընթացների վրա:
 
«Պարոն Քոչարյանը շարունակում է պնդել, որ ինքն անմեղ է»,-ասաց Օրբելյանը:

Նրա կարծիքով, Քոչարյանի նկատմամբ խափանման որևէ միջոց չպետք է կիրառվի:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու  որոշման դեմ բողոքի վերաբերյալ դատարանը ակտ կհրապարակի երկուշաբթի օրը ժամը 16:00-ին:
 Աղբյուր` Panorama.am