Շուշան Պետրոսյանը վթարի է ենթարկվել և գանգուղեղային վնասվածք ստացել. Նրան տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն.
 
Այսօր կեսգիշերին ավտովթարի է ենթարկվել երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը. այս մասին հայտնել է shamshyan.com-ը` նշելով, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է “Նաիրի” բժշկական կենտրոն:
 
 
Պատահարը տեղի է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ. իրար են բախվել Toyota եւ Reno մակնիշի ավտոմեքենաները, Reno-ն, որն օգտագործվում է որպես տաքսի, եւ նրա ուղեւորն է եղել Շուշան Պետրոսյանը, հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին:
“Շուշանը վթարի հետեւանքով ստացել է գանգուղեղային վնասվածք: Հիմա նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն, բայց անվտանգության նկատառումներից ելնելով` դեռ որոշ ժամանակ կմնա բժիշկների հսկողության ներքո”,-քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում ասել է “Նաիրի” բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար, ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
 
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է նաեւ, որ վթարի հետեւանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղեւորը եւս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
BRAVO.am-ը փորձում է մանրամասներ պարզել նաեւ մյուս տուժածների առողջական վիճակի մասին: