Ուղիղ մեկ տարի առաջ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցում գտնվող այգում՝ սալորի ծառի տակ, իգական սեռի նորածնի հայտնաբերման գործով շուրջ մեկ տարի տևած նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն արդեն դատարանում է:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նորածնին հայտնաբերումից կարճ ժամանակ անց իրավապահները պարզեցին՝ նորածնին մայրն էր թողել անմշակ այգում՝ մերկ, անօգնական վիճակում:

37-ամյա կինը 2017թ. օգոստոսի 12-ին երեխային ծննդաբերել էր տան պայմաններում՝ պետքարանում, և ցանկանալով նորածնի գոյության փաստը քողարկել հանրությունից, որոշել է երեխայից ազատվել:
 
Քննությամբ հայտնի է դարձել, որ կինը երեխային հիշյալ վայրում է թողել գործով ինքնությունը չպարզված անձի հետ:
 
Նորածնին անօգնական վիճակում հայտնաբերելուց հետո անմիջապես տեղափոխել էին Երևան՝ «Նաիրի» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Սուրբ աստվածամայր» ԲԿ:

Կատարված հետազոտություններից հետո պարզ դարձավ նաև, որ երեխան ունի սրտի արատ, մակերիկամների կիստաներ:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրություն։

Հիշեցնենք, որ 2017թ. մայիսի 15-ին էլ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել էր արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:
 
Երեխան 30-ամյա կնոջ երրորդ զավակն է եղել և ծնվել էր առողջ, սակայն ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ՝ հենց մայրն էլ նորածնին թողել էր խոտերի վրա՝ արկղի մեջ։
Աղբյուր` Փաստինֆո