Նիկոլ Փաշինյանը խուսափեց իրավա-քաղաքական ծուղակից.
 
 
Նիկոլ Փաշինյանը նախօրեին Տավուշի մարզում պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ լրագրողների հարցերին ասել է, որ ճիշտ չի լինի արտահայտվել այդ կապակցությամբ, քանի որ դա կդիտվի միջամտություն գործի ընթացքին: Նիկոլ Փաշինյանն առաջին հայացքից տվել է միանգամայն ստանդարտ ու տրամաբանական պատասխան: Այդ պատասխանը, սակայն, հատկանշական է դառնում, օրինակ, Ռոբերտ Քոչարյանի ու նրան պաշտպանող փաստաբանների, քաղաքական գործիչների, ուժերի այն պնդումների ֆոնին, թե նրա հանդեպ իրականացվում է քաղաքական պատվեր, հետապնդում, վենդետա: Հատկանշականությունն այն է, որ նույն Ռոբերտ Քոչարյանը, օրինակ, երբ զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, այդօրինակ դեպքերում ոչ թե զերծ էր մնում միջամտությունից կամ ազդեցության համար կասկածներ առաջացնելուց, այլ խրոխտ հայտարարություններ էր անում ապացույցների մասին:
 
 
Օրինակ՝ նույն Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր ավտոբուսի հետևից կրակող ցուցարարների մասին: Այն դեպքում, երբ այդպես էլ չներկայացվեց որևէ հիմնավոր ապացույց, որ ցուցարարները ավտոբուսի հետևից կրակում էին իրավապահների վրա: Նույն Ռոբերտ Քոչարյանը չերկնչելով գործին միջամտելու, ազդեցություն թողնելու ռիսկից, հայտարարում էր, որ դատարանում կներկայացվեն այնպիսի ապացույցներ, որ մարդիկ կամաչեն Մարտի 1-ին ընդդիմության կողքը կանգնած լինելու համար: Բացի ոստիկանական ցուցմունքներից, որևէ այլ ապացույց այդպես էլ չի ներկայացվել: Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ներկայումս ուներ Քոչարյանի գործով խոսելու շատ ավելի ծանրակշիռ հիմքեր, սակայն նա մնում է օրինականության ու իրավականության տրամաբանությանը հավատարիմ և, ընթացող իրավական գործընթացի պայմաններում, որպես քաղաքական թիվ մեկ դեմք, ձեռնպահ է մնում գնահատական հնչեցնելուց և այդպիսով իրավական գործընթացի վրա, կամա թե ակամա, ազդելուց:
 
 
 
Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանի որդեգրած այդ դիրքորոշումը իրավական ճշգրտությունից բացի՝ երբ հստակ ցույց է տրվում, որ կա արդարադատության գործընթաց, և վարչապետը չունի դրան որևէ կերպ միջամտելու իրավունք, ունի նաև բավականին հետաքրքիր մարտավարական ուրվագծեր քաղաքական իմաստով: Փաշինյանը գրեթե ցուցադրաբար է տարածություն պահում այդ գործից, ինչում իհարկե իրավական բարեխղճությունից զատ, կա նաև այլ շարժառիթ: Բանն այն է, որ արդարադատությունը տվյալ պարագայում սկզբունքային հարց է նաև քաղաքական իմաստով: Որքան էլ Մարտի 1-ի խնդիրը հանրային գիտակցության մակարդակում ունի շատ հստակ «դատավճիռ», այդուհանդերձ, իրավական որևէ գործընթաց ինքնին բավականին բարդ և ինչ-որ իմաստով նաև անկանխատեսելի է, առավել ևս, եթե այն առնչվում է չափազանց խրթին ներքին ու արտաքին քաղաքական երանգներ ունեցող գործընթացներին, որոնք ուղեկցվել են նաև արյունահեղությամբ և մարդկային զոհերով:
 
 
Այստեղ բուն իրականությունը ամենևին ենթակա չէ հանրային հույսերին ու «վճիռներին», եթե իրապես գտնվում է բյուրեղյա արդարադատության տիրույթում: Իսկ այդ տիրույթն էլ իր հերթին կարևոր է, որովհետև Հայաստանում արդարադատության ձևավորումը շատ ավելի ռազմավարական խնդիր ու նպատակ է, քան որևէ նախկին հանցանքի համար ամեն գնով շուտափույթ պատասխանատվությունը: Եվ այս տեսանկյունից, որևէ աղմկոտ գործ, այդ թվում՝ Մարտի 1-ի գործը, պետք է բացահայտվի լիարժեք, միաժամանակ իրավական անթերիությամբ: Դա շատ կարևոր է հանրային առողջության և պետական ապագայի ամրության տեսանկյունից: Իսկ եթե խնդիրը գտնվում է այդ տիրույթում, ապա Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է դառնում «կողմ չդառնալը», որպեսզի գործընթացը հնարավորինս քիչ կապվի նրա անմիջական քաղաքական գործունեության հետ: Առավել ևս, որ ընդհանրապես չկապել չի լինելու, անկախ նրա ցանկությունից: Բայց լայնորեն այդօրինակ ընկալման տեղիք չտալը նրա համար ոչ միայն կարևոր է հենց իրավականության տառը և ոգին պահելու համար, այլ նաև գործընթացի հարաբերականության հնարավոր հետևանքներից ապահովագրվելու համար:
 
 
Փաշինյանի համար պետք է կարևոր լինի իր քաղաքական ճակատագրի և Մարտի 1-ի գործի, այսպես ասած՝ նույնականացումը, որպեսզի քաղաքական վարկը կախված չլինի, կապիտալը չչափվի իրավական այդ գործընթացի դինամիկայով և այնտեղ հանրության համար տարակուսելի կամ թեկուզ անընդունելի որևէ զարգացում անմիջականորեն չդիտարկվի որպես Փաշինյանի անհաջողություն, նահանջ կամ որևէ այլ բացասական նշանի դրսևորում: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի համար, ու նաև ընդհանրապես նրա առաջնորդած թավշյա հեղափոխության օրակարգի համար՝ իրավականության և արդարադատության աներկբա հաստատման հույժ կարևոր խնդրով հանդերձ, շատ կարևոր է նաև Մարտի 1-ից կամ որևէ այլ աղմկոտ իրավական գործընթացից «քաղաքական անկախությունը», և, խոշոր հաշվով, նաև դա էլ բերելու է այդ գործընթացների «անկախությանը» քաղաքական զարգացումներից: Գործնականում այդպես են ձևավորվում անկախ դատական և իրավական համակարգերը և կայանում պետական ամուր կարգերը:
 
 
 
 
 
Հեղինակ՝ ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ