«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության եւ, հատկապես, վարած տնտեսական քաղաքականության շուրջ զրուցեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի հետ:

-Պարո՛ն Ասատրյան, Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը շատ է քննադատվում հատկապես այն առումով, որ կարծես թե կենտրոնացած են միայն օլիգարխների գումարները բյուջե բերելով եւ հարց են բարձրաձայնում` այդպես որքա՞ն, հետո ի՞նչ է արվելու: Դուք ի՞նչ եք կարծում:

 -Խնդիրն այն է, որ, այո, դա տնտեսական քաղաքականության կարեւոր հատվածներից մեկն է` կոռուպցիայի վերացումը, իշխանության սերտաճումը: Բայց դա ընդամենը նախադրյալ է: Այսինքն` խնդիրների մի հատվածն է, եւ ակնհայտ է, որ դրանով հարցերը չեն լուծվելու: Այնպես որ, պետք է նստեն, լուրջ աշխատեն. արտաբյուջետային, հարկային համակարգի բարեփոխումների խնդիրն է: Սոցիալական բեւեռացման ամենաբարձր մակարդակը Հայաստանում է: Ինչի արդյունք է. դա պետության կողմից իրականացվող նաեւ հարկային քաղաքականության արդյունքն է: Ամբողջովին հիմնական փոփոխություններ պետք է լինեն: Անցնենք մյուս հատվածին` անիմաստ ծախսեր: Մենք այնքան հարուստ չենք, որ նման շռայլություն թույլ տանք, այնքան անխելք չենք, որ այդպիսի ավելորդություններ մեզ թույլ տանք: Պետք է ամեն ինչ համակարգվի: Փոփոխությունների պետք է ենթարկվի նաեւ դրամավարկային քաղաքականությունը` դրամահավաքը: Այստեղ ինչ-որ մոդել է ձեւավորվել, որը այն պայմաններում աշխատեց արդյունավետ, բայց այսօր, այս պայմաններում ժամանակները փոխվել են, եւ էստեղ էլ պետք է փոփոխություններ լինեն: Այսօրվա կառավարության թիվ մեկ գրավականն այն է, որ ունի ժողովրդի վստահությունը: Դա ամենաթանկ բանն է:

 -Իսկ թիմի առումո՞վ: Շատ խոսվեց, որ տնտեսական բլոկի առումով կառավարությունը կաղում է եւ չունի համապատասխան կադրեր:

 -Չեմ ուզում անհատների մասին խոսել: Իրականում պետք է հասկանալ, որ այս կառավարությունը ձեւավորվել է` ելնեով այս իրավիճակից, այս ապականված քաղաքական դաշտի արդունքն էր, որտեղ կար մի պայծառ կետ` հեղափոխություն, իսկ մնացածը հինն է մնացել: Պառլամենտը, որտեղ հաստատվում էր այս կառավարությունը, հին անորակ, անիմաստ բան էր, եւ ակնհայտ էր, որ ինչ-որ կոմպրոմիս պետք է լիներ, եւ ամեն դեպքում ես ընդունում եմ, որ առաջնային խնդիրներից մեկը ընտրությունն է:
 
-Խորհրդարանական ընտրությունների՞ մասին եք խոսում:

-Այո՛, անպայման: Ես հուսով եմ, որ օրինական, արդյունավետ ընտրություններ կանցկացվեն առաջիկայում:

 -Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական գործունեությունը բավարա՞ր եք համարում:
 
-Ես չեմ կարող ասել, որ ճիշտ կամ սխալ, էական վճիռներ են կայացրել, բայց մթնոլորտի առողջացումը, հասարակական ընկալումների վերափոխումները, այո, բերել են այսպիսի, եթե անկեղծ լինենք, սա մեծ արդյունք է:

-Այսինքն` նախորդ կառավարության քաղաքականությո՞ւնն է դեռ շարունակվում:

 -Միանշանակ, այո՛: Հենքն է փոխվել:

 -Կատարողնե՞րն են փոխվել:

 -Կատարողներն էլ շատ չեն փոխվել, եթե տնտեսական բլոկի մասին եք խոսում, ապա ասեմ, որ այստեղ էական փոփոխություններ չկան: Ի դեպ, անկեղծ ասեմ, ես ապրիլի վերջին, որ իշխանափոխություն եղավ, եւ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, ես ասում էի, որ տնտեսական բլոկի հարցում ավելի պահպանողական պետք է լինել: Ըստ էությամբ, այդ մոտեցումն է աշխատում, որովհետեւ հիմնականում այն մարդիկ են, որոնք պահուստներ են ղեկավարել, այդտեղ պատմություն ունեն. շատ ժամանակ մարդիկ չեն փոխվել: Կարծում եմ՝ իրական փոփոխությունները պետք է լինեն նաեւ քաղաքական միջավայրն ամբողջացնելուց հետո: Այդ ժամանակ հնարավոր է մեկ ամբողջական թիմ ձեւավորել` նոր ստեղծված քաղաքական իրավիճակին համարժեք:

-Մշտապես խոսվում է ներդրումների մասին: Որքանո՞վ է այժմ Հայաստանի ներդրումային միջավայրը նպաստավոր:

 -Տեսանելի է այդ վստահությունը: Իհարկե, հուզական մակարդակով: Ինստիտուցիոնալ տրամադրությունների փոփոխությունն առաջիկայում է: Էմոցիոնալ առումով, փոքր բիզնեսի առումով տեսանելի տեղաշարժ կա: Մեզ պետք են նաեւ ինստիտուցիոնալ, համակարգային լուծումներ, այն, որ ասում են` պայքար կոռուպցիայի դեմ: Կոռուպցիան հո՞ չի վերացել… Այսօր լավ է, որ անձեռնմխելիներ չկան, ամենաայլանդակ երեւույթներից մեկն արմատախիլ է արվում: Բոլորն էլ գիտեն, որ Սերժի կողքին մեկը կա՝ եղբայրը, հետո Վաչոն, որն ամեն տեղ իր քյարը պիտի ունենար: Այս երեւույթն արդեն չկա, բոլորը վախեցել են: Մենաշնորհները՝ բանան եւ այլն, արդեն չկան, մարդիկ հոգնել էին, չի կարելի այդպես: Ամբողջ հասարակությունը քսան տարի շարունակ բարձրաձայնում էր, որ շատ թանկ ենք վճարում: Այս ամենը փոխվել է, սա առողջացման առաջին քայլն է: Հետագան կտեսնենք… Մենք պետք է ունենանք ավելի թափանցիկ տնտեսական քաղաքականություն:

 Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը