Նիկոլ Փաշինյանի կանխարգելիչ հարվածը.
 
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում արած մի քանի հայտարարություններով Նիկոլ Փաշինյանն ուրվագծեց Հայաստանի ներքաղաքական «աշուն-ձմեռ» նորաձևության հիմնական ուղղությունները կամ միտումները: Փաշինյանը Տավուշում հստակ արձանագրեց, որ ինքն է լինելու քաղաքական նորաձևություն թելադրողը կամ, ավելի շուտ, շարունակելու է լինել այդպիսին: Ընդ որում, բավականին հստակ էին մեսիջները բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում՝ կառավարության կազմում ներառված «Բարգավաճ Հայաստան»-ին ու Դաշնակցությանը:
 
Հատկանշական է, որ Փաշինյանն այդ մեսիջը հղում է Տավուշից՝ չսպասելով օգոստոսի 17-ի հանրահավաքին, դրանով թերևս ցույց տալով, որ հանրահավաքը հրավիրել է ոչ թե, այսպես ասած, անվստահությունից, որոշակի լարվածությունից կամ ճնշումներից դրդված, այլ պարզապես որպես ինքնավստահության ու դիրքերի ամրության կարևոր վկայություն կամ «կնիք», իսկ դիրքերն ամուր են այնքան, որ նույնիսկ Տավուշի այցի բնականաբար ոչ հարյուր հազարանոց հավաքների ընթացքում կարող է թելադրել քաղաքական աշնան միտումները:
 
Փաշինյանի այդ քայլը նաև կանխարգելիչ է որոշակի իմաստով, քանի որ նկատելի էին այլ միտումներ՝ նրան աստիճանաբար ճնշման տակ բերելու միտումներ, որոնց համար առիթ դարձավ Քոչարյանի գործը, ինչը զգալիորեն սկսեց տարբեր կողմերից մեկնաբանվել և մատուցվել իբրև հակահեղափոխության ուժեղ և բռնկուն մի օջախ: Ակնհայտ է, որ այստեղ ավելի շուտ ոչ թե իրական քաղաքականության հենք է, որքան իրական քարոզչության, որով տարբեր քաղաքական ուժեր բաց կամ քողարկված համատեքստով ու տեքստով փորձեցին Նիկոլ Փաշինյանին դնել որոշակի անկյունում: Այստեղ խոսքը ՀՀԿ-ի մասին չէ. այդ ուժի մասով խնդիրներն ու իրողությունները լիովին այլ են, և մենք ունեցել ենք դրան անդրադառնալու առիթներ, նաև Քոչարյանի գործի համատեքստում: Այստեղ ՀՀԿ-ն ավելի շատ Քոչարյանի հետ է հարաբերություններ պարզում՝ թվացյալ գործակցության համատեքստում, քան Նիկոլ Փաշինյանի:
 
Խնդիրը մյուս ուժերի տիրույթում է, որոնց համար առանցքային է առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրության անցողիկ շեմի հարցը, իսկ այդ համատեքստում էլ՝ ընդհանրապես հետագա քաղաքական գոյության: Խորհրդարանից դուրս մնալը որևէ քաղաքական ուժի համար հավասարազոր է լինելու քաղաքականությունից դուրս մնալուն, կամ այլ կերպ ասած՝ հարցը դրված է «մահ կամ քաղաքականություն» համատեքստում:
 
Ի դեպ, խորհրդանշական է, որ այդ հարցում բավականին աշխույժ է հենց Դաշնակցությունը՝ մահ կամ ազատության նշանաբանակիր ուժը, որը մի կողմից՝ փորձում է վիճակը չհանգեցնել այնպիսի սրության, որ հարկ լինի արդեն դուրս գալ կառավարությունից, մյուս կողմից՝ փորձում է ճնշում բանեցնել Փաշինյանի հանդեպ Ռոբերտ Քոչարյանի գործի առումով՝ թերևս տողատակում նկատի ունենալով այն, որ կմիանա Քոչարյանին, եթե Փաշինյանը չերաշխավորի տեղ ապագա խորհրդարանում:
Նիկոլ Փաշինյանն այդ մասով, սակայն, Տավուշում բավականին հստակ հայտարարեց, իհարկե՝ ոչ ուղիղ տեքստով, որ չի պատրաստվում որևէ ուժի տալ այդ երաշխիքը, և ըստ այդմ՝ աշնանը եթե լինեն իր հանդեպ ճնշումն ուժգնացնելու փորձեր, ապա դրան կհետևի կոշտ հակազդեցությունը:
 
Տավուշի այցն ու հայտարարությունները այդ իմաստով էին կանխարգելիչ, հատկապես Դաշնակցության համար, որը փաստորեն կանգնեց իսկապես դժվար ընտրության առաջ՝ կա՛մ դադարեցնել Քոչարյանի գործով վատ քողարկված շանտաժի քաղաքականությունը Փաշինյանի հանդեպ, կա՛մ գնալ մինչև վերջ և հակադրվել նոր կառավարությանը՝ դուրս գալով կառավարության կազմից և արդեն, ինչպես ՀՀԿ-ն, բացահայտորեն սատարելով Ռոբերտ Քոչարյանին՝ դրանից բխող հետևանքներով:
 
 
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի