Հովիկ Աբրահամյանի հակագրո՞հ, թե մութ ամպեր ՊԵԿ նախագահի գլխին.
 
Օգոստոսի 13-ին բողոքի ակցիա են իրականացրել Արտաշատ քաղաքի փոքր ու միջին առեւտրով զբաղվող ձեռնարկատերերը, որոնք դժգոհել են, իրենց խոսքով՝ «հարկային տեռորից», որ իրականացնում է ՊԵԿ տարածքային կառույցը:
 
   
 
Առեւտրականները սպառնացել են, որ իրենց բողոքը չլսելու դեպքում կփակեն ընդհուպ Արտաշատով անցնող միջպետական ճանապարհը:
 
ՊԵԿ գործունեությունը վերջին շրջանում սկսել է հարուցել բազմաթիվ գործարարների դժգոհությունը, հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների: Ասել, թե բոլորի դժգոհությունն է հիմնավոր, կլինի սխալ: Կան բազմաթիվ անհիմն դժգոհություններ, երբ շատերը պարզապես չեն ցանկանում աշխատել օրենքով: Միեւնույն ժամանակ, ներկայում գործող օրենքով աշխատելու դեպքում շատերն ունենում են նաեւ խնդիրներ եւ նորություն չէ, եթե արձանագրվի, որ նախորդ համակարգում օրենքները գրվել են ավելի շատ բիզնեսի գլխին կախած թրի տրամաբանությամբ, որպեսզի այդ բիզնեսը «կամովին» ներքաշվի կոռուպցիոն պայմանավորվածությունների դաշտ:
 
Խնդիրները անշուշտ բավական շատ են ու խրթին, եւ հստակ է, որ կա օրենսդրության արմատական վերանայման հարց: Նոր կառավարությունը հայտարարել է, որ սեպտեմբերին պետք է պատրաստ լինի Հարկային օրենսգրքի փոփոխության փաթեթը եւ դրանով շատ հարցեր կստանան իրենց լուծումը:
 
Այդ մասին Արտաշատի բողոքող առեւտրականներին ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, հայտարարելով, թե մինչ այդ կկարգադրի Արտաշատում իրականացնել այսպես ասած թույլ վարչարարություն, իսկ տեղի ունեցած գործունեության մասով էլ կսկսի ծառայական քննություն: Անանյանը հայտարարել է, որ խնդիրների դեպքում թող անմիջապես դիմեն իրեն կամ տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին:
 
Այն, որ Արտաշատում բողոքին արձագանքել ու այնտեղ է մեկնել հենց ՊԵԿ նախագահը, վկայում է, որ խնդրին տրվել է հույժ կարեւոր նշանակություն: Միեւնույն ժամանակ, կա թերեւս մի հարցի տեղիք՝ իսկ արդյոք դա պայմանավորված չի եղել նաեւ քաղաքական նշանակությամբ: Ընդ որում, հնարավոր է երկու ասպեկտով:
 
Նախ, հետաքրքիր է, որ Արտաշատում «հարկային տեռորի» դեմ զանգվածային բողոքն ու ճանապարհ փակելու սպառնալիքը համընկնում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ իրավապահների գործողությունների հետ, ում եղբայրը կալանավորվել է, տարածքից հայտնաբերվել է զենք զինամթերք, որն ըստ տեղեկության կարող է կապ ունեցած լինել Մարտի 1-ի հետ: Հովիկ Աբրահամյանը հերքել է իր կապն այդ ամենի հետ, բայց հենց դրանից հետո է կայացվել նրա եղբորը կալանավորելու որոշում՝ օգոստոսի 11-ին: Ու հետաքրքիր է, որ օգոստոսի 13-ին Արտաշատում սկսում է փոքր ու միջին ձեռնարկատերերի զանգվածային բողոքը: Ու նկատի ունենալով այն, որ Արտաշատը Աբրահամյանների «ոստանն» է, եւ նրանք բավական ուժեղ են այդ շրջանում եւ քաղաքում, ժամանակագրական հաջորդականությունը դառնում է հետաքրքիր: Արդյոք Հովիկ Աբրահամյանն օգտագործում է իր ազդեցությունը Արտաշատում, նոր կառավարության վրա ճնշում բանեցնելու համար: Ու հետաքրքիր է, ինչպե՞ս է արձագանքում՝ հանրության մոտ եղած ազդեցության, թե՞ հնարավոր է ՊԵԿ տարածքային կառույցի աշխատակիցների, ընդհուպ այդ կառույցի ղեկավարության վրա ունեցած ազդեցության կամ կապերի միջոցով:
 
Ու այդ համատեքստում է նաեւ ուշագրավ դառնում խնդրին միանգամից ՊԵԿ նախագահի մակարդակով արձագանքելն ու Արտաշատ մեկնելը:
 
Մյուս կողմից, Դավիթ Անանյանն ըստ երեւույթին ստիպված է լինելու առաջիկայում անձամբ արձագանքել ՊԵԿ գործունեության հետ կապված թերեւս բոլոր հնարավոր բողոքի ակցիաներին, որոնք դառնում են ավելի ու ավելի հաճախակի եւ սպառնում են աճել ոչ միայն հաճախականության, այլ նաեւ ծավալների առումով:
 
Լրագրողների հետ վերջին ճեպազրույցում Դավիթ Անանյանը բավական նյարդային էր: Իհարկե, նրան հնարավոր է նաեւ հասկանալ: Նա մի կողմից ունի հարկային եկամուտների ոչ միայն նվազում թույլ չտալու, այլ ավելացնելու խնդիր, մյուս կողմից էլ դա պետք է զուգորդի համակարգի էական վերափոխումով: Դա չափազանց բարդ խնդիր է, հաշվի առնելով այն, թե ինչպիսի «բազային վիճակի» հետ գործ ունի Անանյանը:
 
Այդուհանդերձ, հարկատուներին եւ հանրությանը դա չի հետաքրքրում, որովհետեւ նրանք ուզում են փոփոխություն եւ հնարավորինս արագ: Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը բավական թափանցիկ ակնարկ արեց Դավիթ Անանյանին, որ հանրությունը պետք է զգա փոփոխությունը: Այստեղ է, որ առաջանում է հակասականությունը: Հիմնարար փոփոխության համար կամ պետք է օրենսդրության հեղափոխական փոփոխություն՝ ինչից կառավարությունը ձեռնպահ է մնում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, կամ պետք է արմատապես փոխվի ՊԵԿ կադրային բազան: Սա էլ հենց իր հերթին կարող է սպառնալ զուտ հավաքագրման արդյունավետության նկատելի անկումով, ինչին կառավարությունը եւս պատրաստ չէ:
 
Միեւնույն ժամանակ, հարկավոր է լուծում, հնարավոր չէ գտնել անվերջ բացատրություններ, որքան էլ դրանք լինեն հիմնավոր: Այդտեղ հասունանում է կամ իրավիճակի, կամ ՊԵԿ նախագահի փոփոխություն: Դա է պատճառը, որ Դավիթ Անանյանը ստիպված է աշխատել բազմապատկված օպերատիվությամբ, հատկապես որ ներկառավարական քաղաքական համատեքստից բացի, կա նաեւ հենց ներքին քաղաքական համատեքստը կապված նոր եւ նախկին համակարգի հարաբերությունների այն դաշտի հետ, որի մի օղակ էր Հովիկ Աբրահամյանի գործը: