Դատարանը ՀՀԿ-ին գցեց ծուղակը. նոր կորուստ.
 
Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը, որ կայացրել է Վերաքննիչ դատարանը, իրավական ասպեկտներից ու նրբերանգներից դուրս՝ անկասկած ունի իր քաղաքական ահռելի նշանակությունն ու ազդեցությունը ներքաղաքական իրավիճակի վրա: Այդ առումով, սակայն, առավել ուշագրավ վեկտորները ոչ թե հեղափոխություն-հակահեղափոխություն տիրույթում են, որքան էլ դա կարող է այդպիսին թվալ առաջին հայացքից, այլ նախորդ իշխանության, նախորդ համակարգի սուբյեկտային հարաբերությունների տիրույթում, ինչը ոչ միայն ոչ պակաս, այլ նաև չափազանց կարևոր նշանակության հարց է հեղափոխության օրակարգում: Դա կարող է թվալ առաջին հայացքից բավականին պարադոքսալ, սակայն իրականում հակահեղափոխության կամ ռևանշիզմի հեռանկարները շատ ավելի չափազանցված են, քան նշմարվում են գործնական հարթության մեջ:
 
Նախկին իշխանության, նախկին համակարգի սուբյեկտային որևէ դրսևորում անմիջականորեն հեղափոխության հետ կապելը ուղղամտություն է, մինչդեռ քաղաքական պրոցեսները շատ ավելի բարդ ու բազմաշերտ են: Այդ իմաստով դեռևս 2018-ի ապրիլի 23-ից, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, իշխանության ներսում սկսվել է հարաբերությունների պարզման լրջագույն գործընթաց, որտեղ առաջնային նպատակը ամենևին դիրքերը վերականգնելը չէ՝ դրա անհնարինությունը հասկանում են բոլորը, այդ թվում՝ աշխարհաքաղաքական համատեքստի բերումով, այլ կորուստներից կամ զոհաբերությունից հնարավորինս հեռու մնալը: Եվ այս իմաստով այն միասնականությունը, որ դրսևորվում է հեղափոխության հանդեպ, իրականում ոչ թե խորքային երևույթ է, այլ, այսպես ասած, այսբերգի տեսանելի մասն է, իսկ խորքում շարունակվում է հարաբերությունների պարզման բավական թեժ գործընթացը, որովհետև կոռուպցիոն սխեմաներն ու այդ համատեքստում արտաքին հարաբերությունների կառուցումը ենթադրել են փոխադարձ երաշխիքներ, որոնք այժմ ուղղակի չեն գործում:
 
Ահա այս տեսանկյունից, երբ, օրինակ, ՀՀԿ-ն միանգամից ձեռնամուխ է լինում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանը, երբ նրան կալանավորում են և մեղադրում, իրականում դա ոչ թե Քոչարյանին պաշտպանելու բուռն ցանկությունն է, այլ ըստ էության նրա վրա միավոր հավաքելու ձգտումը, այն իմաստով, որ Քոչարյանը ՀՀԿ-ի համար այլևս զոհաբերվող ֆիգուր է: Ավելին՝ ՀՀԿ հաշվարկը նաև այն էր, որ ինչքան կուսակցությունը բուռն պաշտպանի Քոչարյանին՝ իհարկե, ոչ զավեշտի հասնող մասշտաբի, այնքան Քոչարյանի վիճակն ավելի կբարդանա, քանի որ նրա վրա կգումարվի նաև ՀՀԿ-ի հանդեպ հանրային այն ամբողջ նեգատիվը, որ առկա է: Այդ իմաստով դատարանի որոշումը՝ երկրորդ նախագահին կալանքից ազատելու վերաբերյալ, ըստ էության ծուղակ է Հանրապետականի համար, իհարկե այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի զբաղվել քաղաքականությամբ:
 
Խնդիրն այստեղ այն է, որ այդ իրավիճակում Հանրապետականի համար ընտրությունն ավելի բարդ է: Ի վերջո՝ մի բան է Քոչարյանին կալանավորելուց հետո պաշտպանելը, մեկ այլ բան՝ նրա քաղաքական գործունեության հանդեպ դիրքավորվելը: Այլ կերպ ասած՝ դատարանը Ռոբերտ Քոչարյանին «նվիրել» է ՀՀԿ-ին, և եթե Քոչարյանը որոշի զբաղվել քաղաքականությամբ, իսկ նա կարծես թե այլ ելք չունի, ապա ՀՀԿ-ն ինքնաբերաբար դուրս կմնա խաղից կամ խաղի մեջ մնալու համար ստիպված մի կողմ կհրի Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին կդարձնի առաջնորդ:
 
Բայց այստեղ, իհարկե, հարց է, թե արդյո՞ք Քոչարյանը կհենվի ՀՀԿ-ի վրա, եթե զբաղվի քաղաքականությամբ: ՀՀԿ-ն նրա ինչի՞ն է պետք, ունենալով հանրային խիստ բացասական վարկ: Մի բան է, երբ այդ վարկով ուժը պաշտպանում է նրան կալանքի պայմաններում, թեկուզ, այսպես ասած, հակառակ էֆեկտի ակնկալիքով՝ ավելի բարդացնել Քոչարյանի դրությունն ու հանրությանն ավելի տրամադրել նրա դեմ, բազմապատկել նրա հանդեպ հանրային բացասական վերաբերմունքը: Երբ նա այլևս ազատության մեջ է, ՀՀԿ աջակցությունը նրան պետք չէ ընդհանրապես: Երկու մինուսը՝ Քոչարյան և ՀՀԿ, այս դեպքում չեն դառնա պլյուս: Մյուս կողմից՝ առանց ՀՀԿ-ի Ռոբերտ Քոչարյանն ավելի մեծ մանևրի տեղ ունի, քան ՀՀԿ-ն՝ առանց Քոչարյանի, թեկուզ, իհարկե, մանևր՝ այդ բառի հարաբերական իմաստով, որովհետև դժվար է պատկերացնել, թե հանրային ինչպիսի աջակցություն պետք է ակնկալեն նրանք որպես քաղաքական ուժ՝ միասին, թե առանձին:
 
Այդուհանդերձ, համեմատության մեջ Քոչարյանն անկասկած ավելի «մրցակցային» է ՀՀԿ-ի համեմատ՝ մի շարք գործոններ հաշվի առնելով: ՀՀԿ-ն այս իմաստով իշխանությունը կորցնելուց երեք ամիս անց կորցնում է նաև ընդդիմությունը:
 
Հեղինակ՝ ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Աղբյուրը՝ 1in.am