Քոչարյանը օգնեց Փաշինյանին, «մաքրեց» Սերժ Սարգսյանին.
 
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը հասարակության վրա ունեցավ նույն ներգործությունը, ինչ երրորդ ժամկետում պաշտոնավարելու Սերժ Սարգսյանի ցանկությունը կամ նրա հրաժարականից հետո Կարեն Կարապետյանի վարչապետական հայտը։ Ցանկացած նախաձեռնություն, որն ասոցացվում է քրեաօլիգարխիկ համակարգի դիրքերի ամրապնդման կամ ռևանշի հետ, արժանանում է հասարակության ակտիվ հակազդեցությանը։
 
Ռոբերտ Քոչարյանի ազատության մեջ հայտնվելը թեև հարուցել է հասարակության բուռն զայրույթը, սակայն, մեծ հաշվով, ձեռնտու է քաղաքական դաշտի բոլոր սեգմենտներին՝ բացառությամբ հենց երկրորդ նախագահի։
 
Իհարկե, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը հասարակության որոշ խմբերի մոտ որոշակի դժգոհություն ծնեց Նիկոլ Փաշինյանի իշխանության հանդեպ։ Այսպես կոչված՝ հեղափոխական զանգվածը ցավոտ է արձագանքում ցանկացած երևույթի, որտեղ զիջում է տեսնում համաժողովրդական պայքարի օրակարգից։ Սա շատ բնական ռեակցիա է, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, որը ոչ միայն նախկին համակարգի սիմվոլն է, այլ նաև նույնանում է առնվազն երկու արյունոտ հանցագործության հետ։
 
Մյուս կողմից՝ հասարակության ավելի ինտելեկտուալ շերտերին առավելապես մտահոգում է այն հանգամանքը, որ նոր իշխանությունը, պետական ինստիտուտները չեն փայլում պրոֆեսիոնալիզմով, ու Քոչարյանի հետ կապվածը, մեծ հաշվով, պետական համակարգի թափթփվածության, դիլետանտիզմի հետևանք է։ Թերևս հասարակությունից եկող ազդակները որոշակի մտահոգություններ էին ծնել նաև Նիկոլ Փաշինյանի մոտ, որն այսօր ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմեց ժողովրդին։ Փաշինյանն իր խոսքում որևէ անգամ չհիշատակեց Քոչարյանի անունը, սակայն բոլորի համար ակնհայտ էր, որ հենց երեկվա իրադարձությունն է ձևավորել վարչապետի այսօրվա խոսքի անհրաժեշտությունը։
 
Նիկոլ Փաշինյանի խոսքում չկար բովանդակային նոր ասելիք. շեշտը դրված էր հեղափոխական օրակարգի, նույնիսկ կարգախոսների վրա։ «Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանություն, և չկա ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, կանգնեցնել ժողովրդի հեղափոխության ճանապարհը, ով կփորձի կանգնել այդ ճանապարհին՝ կհայտնվի պատմության աղբանոցում»,- ասել է վարչապետը։ Սակայն փաստ է, որ Քոչարյանի հետ կապված հասարակական դժգոհությունը Փաշինյանը հմտորեն օգտագործեց՝ օգոստոսի 17-ին նախատեսված իր հանրահավաքի մարդաշատությունն ապահովելու համար։
 
Առհասարակ՝ հեղափոխության հաղթանակից երեք ամիս անց Նիկոլ Փաշինյանի թիմը մի տեսակ նոր մոտիվների անհրաժեշտություն ուներ. կոռուպցիոն բացահայտումները, նույնիսկ աղմկոտ ձերբակալությունները դարձել էին սովորական, ու դժվար էր հասարակությանը կոնսոլիդացնել այդ իրադարձություններով, մանավանդ, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարծես թե նախատեսված են մյուս տարվա սկզբին։ Երբ կառավարությունը, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, չունի ռացիոնալ օրակարգ, խիստ անհրաժեշտություն է թիրախի առկայությունը, որը դառնում է հեղափոխության «կենսունակությունն» ապահովող գործոն։ Տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանը, իր կամքից անկախ, կատարում է այդ «առաքելությունը». հասարակությունը կոնսոլիդացվում է Նիկոլ Փաշինյանի շուրջը, որովհետև նրա այլընտրանքի դերում հանդես է գալիս ազատության մեջ հայտնված Ռոբերտ Քոչարյանը։ Մեր տիպի հասարակությունների համար սա շատ լուրջ արգումենտ է՝ մինչև խորհրդարանական ընտրությունները հեղափոխական կոնսոլիդացիան ապահովելու համար։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտը Նիկոլ Փաշինյանին, ըստ էության, զրկում է այլընտրանքից, առաջիկայում լուրջ ընդդիմություն ունենալու հեռանկարից։
 
Ինչքան էլ պարադոքսալ հնչի՝ Քոչարյանի քաղաքական նոր հայտը «մաքրվելու» շանսեր է ստեղծում անգամ Սերժ Սարգսյանի համար։ Երկրորդ նախագահը քաղաքական բևեռի առաջնորդ է դառնում Մարտի 1-ի գործոնով պայմանավորված, ինչը Սերժ Սարգսյանին թույլ է տալիս մնալ այդ արյունոտ իրադարձությունների ստվերում, առնվազն այս պահին հեռու լինել հասարակական թիրախավորումից։ Իհարկե, այս փաստն ինքնին չի ենթադրում, թե Սերժ Սարգսյանն անպատճառ ազատվելու է պատասխանատվությունից, կամ նրա համար բացվելու են քաղաքական հեռանկարներ, սակայն աներկբա է, որ երրորդ նախագահը առնվազն ժամանակ շահելու հնարավորություն է ստանում, ինչը նրան թույլ է տալիս խույս տալ ցայտնոտային իրավիճակում սխալներ թույլ տալու ռիսկերից։
 
Ստեղծված իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը հարկադրված է խաղալ բոլորի դեմ՝ նրանց խաղի կանոններով։ Նա հայտնվել է քաղաքական, հասարակական շրջափակման մեջ, որտեղ անհավատալի թվացող հաղթանակի միակ այլընտրանքը երկարատև բանտային կյանքն է։
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի