Փաշինյանը հանում է «ականները».
 
ՊԵԿ-ում արշալույսները կրկին խաղաղ չեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս կոմիտեի նախագահի պաշտոնից ազատել է Արա Գաբրիելյանին: Վերջինս այս պաշտոնին նշանակվել էր հունիսի 22-ին: Այն ժամանակ մամուլում տեղեկություն եղավ Գաբրիելյանի «մութ» անցյալի մասին: Պարզվել էր, որ ժամանակին նա ԱՄՆ-ում դատապարտվել է GPS-ի միջոցով 35-ամյա նախկին ընկերուհուն հետապնդելու համար: Նախքան դատապարտվելը, ԱՄՆ-ում նա իր կեցությունը երկարաձգել էր կեղծ փաստաթղթերի հիման վրա: Արա Գաբրիելյանի պաշտոնանկությանը զուգահեռ տեղեկություն է հրապարակվել, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի նկատմամբ առաջիկայում քրեական գործ է հարուցվելու: Նրա նշանակումը նույնպես մեծ աղմուկ էր բարձրացրել, իսկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Կարեն Կարապետյանին բանիմաց ու պատրաստված կադր էր որակել: Մամուլում այսօր տեղեկություն է տարածվել, որ պաշտոնանկ են արվել նաև օրեր առաջ նշանակված Գուգարքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ Արթուր Անտոնյանը եւ մաքսայինի եւս երկու աշխատակից՝ մաքսանենգության դեմ պայքարի Սյունիքի եւ Շիրակի տարածաշրջանային բաժինների պետերը։ 
 
 
ՊԵԿ-ում տեղի ունեցող իրադարձությունները փաստում են, որ վարչապետ Փաշինյանը, այնուամենայնիվ, որոշել է չբավարարվել կառույցում տարվող կադրային քաղաքականության մասին իր մտահոգությունները բարձրաձայնելով և անցել է գործի: Ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս ականատես կլինենք նոր պաշտոնանկությունների, հատկապես, որ վերջին օրերին Արտաշատում գրանցված դեպքը ՊԵԿ նախագահ Անանյանի համար կարծես թե առաջին լուրջ, մտահոգիչ զանգն էր: Հիշեցնենք, օրեր առաջ մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա էին նախաձեռնել ՊԵԿ տեսուչներին մեղադրելով հարկային տեռորի մեջ: Շատերը այս ակցիայի հետևում նկատեցին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «ականջները», ով որոշ կարծիքների համաձայն փորձել է գործի դնել ՊԵԿ-ում դեռևս պաշտոնավարող իր կադրերին՝ Արտաշատում իրավիճակը լարելու և պատեհ առիթից օգտվելով՝ քաղաքը իր վերահսկողության տակ վերցնելու նպատակով:
 
 
Այդպես է դա թե ոչ՝ դժվար է ասել, հատկապես Աբրահամյանների ընտանիքի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների ֆոնին: Սակայն, իրավիճակը բավական լուրջ էր, եթե Դավիթ Անանյանը ներկայությունը անհրաժեշտ եղավ հենց տեղում: Հասկանալի է, որ նախկին իշխանությունների մնացորդները Նոր Հայաստանի պետական կառույցներում, անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից դանդաղ գործողության ռումբեր են՝ դրված Փաշինյանի կառավարության տակ: Եվ ՊԵԿ-ը այսօր ձեռնամուխ է լինում դրանց վնասազերծմանը: Սակայն արդյո՞ք ուշ չէ…