Այն, ինչ պահանջվում էր ապացուցել. Ինչից զրկվեց Քոչարյանը.
 
 
Ռոբերտ Քոչարյանի հրավիրած ասուլիսը տապալվեց: Քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին կազմակերպել ասուլիսի վայրի դիմաց, մուտք գործեցին շենք, ասուլիսի սրահ և թույլ չտվեցին, որպեսզի այն տեղի ունենա՝ հայտարարելով, որ Քոչարյանը կալանավայրից բացի՝ այլ տեղ չունի Հայաստանում և պետք է պատասխան տա իր նախագահության տարիներին տեղի ունեցած սպանությունների և Մարտի 1-ի տասը զոհերի համար:
 
Ասուլիսի տապալմանը կարելի է նայել տարբեր կերպ: Ի վերջո՝ արժե՞ր թույլ տալ Քոչարյանին արտահայտվել, պատասխանել հարցերին: Մյուս կողմից՝ եթե նա ունի արտահայտվելու խնդիր և ասելիք, առարկայական, ոչ թե այն, ինչ արդեն ասել է բացառիկ հարցազրույցում, և ասել են նրա փաստաբաններն ու այլ պաշտպաններ, ապա ժամանակակից աշխարհում անհնար է չգտնել այդ ասելիքը ասելու ձևը: Հետևաբար խոսքի ազատության սահմանափակման մասին տվյալ դեպքում հազիվ թե հնարավոր է լրջորեն խոսել:
 
 
Մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիների գործողությունների տեսքով արժանացավ այն վերաբերմունքին, ինչը հենց ինքն է փաստացի առաջացրել իր նախագահության տարիների ընթացքում հանրության հանդեպ ունեցած, հենց նույն քաղաքացիների հանդեպ ունեցած վերաբերմունքով: Այդ տարիներին Հայաստանում տեղ ունեին նրանք, ովքեր ընդունում էին Քոչարյանի և իշխանության անվերապահ իրավացիությունը: Տեղ, իհարկե, ոչ ֆիզիկական իմաստով՝ ֆիզիկապես տեղ ունեին շատերը, թեև ոչ միշտ անվտանգ, իսկ ահա բովանդակային առումով Հայաստանում տեղ ունենալը կախված էր հենց գերազանցապես իշխանության հանդեպ վերաբերմունքից:
 
Մյուս կողմից՝ անշուշտ դա միայն Քոչարյանի նախագահության ընթացքում չէր, սակայն տվյալ դեպքում խոսքը հենց նրա գործի մասին է: Իրավիճակը ուշագրավ է անշուշտ իր քաղաքական բաղադրիչով, որ նոր երանգ ստացավ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու արդյունքում: Ինչպես և կանխատեսել էինք, այդ նոր իրավիճակը երկրորդ նախագահի համար ամենևին առավել հանգիստ և հարմարավետ պայմաններ չի խոստանում, քան խափանման նախկին միջոցը, որ նա փորձում էր հաղթահարել: Ասուլիսի շուրջ տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ կարող է հայտնվել առավել «անազատ» իրավիճակում, քան կալանքի պայմաններում:
 
 
 
Ռոբերտ Քոչարյանի կարգավիճակը չի փոխվել, նա շարունակում է լինել մեղադրյալ: Գործի ընթացքը շարունակվելու է: Ռոբերտ Քոչարյանը կա՛մ պետք է գործակցի քննության հետ, կա՛մ հրաժարվի դրանից: Մյուս կողմից՝ նա պետք է հստակեցնի քաղաքականության մեջ լինել-չլինելու հարցը: Բայց մինչ նա դա կհստակեցնի, քաղաքացիները, ակտիվիստները հստակեցրին նրա համար որոշակի բաներ: Ինչպե՞ս է նա զբաղվելու հրապարակային քաղաքականությամբ, եթե բոլոր հրապարակներում, հանրային տարածություններում կարող է բախվել նույն իրավիճակին:
 
 
Ըստ էության, տապալված ասուլիսը ցույց տվեց խորքային առումով այն լուրջ ծուղակը, որում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանը՝ որոշելով իր հանդեպ գործընթացում պաշտպանական մեթոդաբանության բաղադրիչների մեջ ներառել քաղաքականությունը: Ռոբերտ Քոչարյանը խոսքի իրավունքից չէ, որ զրկվել է օգոստոսի 14-ին, մեծ հաշվով՝ նա զրկվել է քաղաքականության իրավունքից, թեև մյուս կողմից՝ այդ հանգամանքը նաև սրել է նրա նահանջի ճանապարհի հարցը: Այս խնդիրն է, որ հիմք տվեց մեզ կանխատեսել, որ Քոչարյանը ֆորմալ, ֆիզիկական առումով հայտնվելով ազատության մեջ՝ քաղաքական-հոգեբանական տեսանկյունից գործնականում կանգնել է չափազանց բարդ մի իրավիճակի առաջ, այսպես ասած՝ ոչ իր ափսեի մեջ, որտեղ իրավիճակը նրան մղում է քայլերի՝ միաժամանակ սահմանափակելով դրանց համար անհրաժեշտ կամ հնարավոր տարածությունը:
 
 
Մյուս կողմից՝ Քոչարյանը, հայտնվելով անկյուն քշված վիճակում, արդյոք չի՞ դառնում ավելի վտանգավոր: Այդ հարցը տալիս են շատերը, ընդ որում՝ դեռևս նրան մեղադրանք առաջադրելուց և կալանավորելուց սկսած: Իրականում, սակայն, այդօրինակ հարցերը խիստ հիպոթետիկ են, որովհետև այդ տրամաբանությամբ որևէ մեկը չպետք է ենթարկվի արդարադատության, չպետք է կանգնի որևէ քրեաիրավական պատասխանատվության առաջ, որովհետև դա կնշանակի անկյուն քշել և դարձնել վտանգավոր:
 
 
Ավելին՝ իրականում հենց Ռոբերտ Քոչարյանի համար է թերևս ավելի ու ավելի տեսանելի դառնում այն վտանգը, որ իր մեջ պարունակում է հանրային ու պետական նշանակության հարցերում եթե ոչ՝ անօրինականության համար ուղիղ պատասխանատվությունը, ապա պատասխանատվության հարցերում առնվազն մի շարք կարևոր հարցերի պատասխանների բացակայությունը: Եվ եթե Քոչարյանն ունի համոզիչ և հավաստի պատասխաններ, որոնք կարող են մի փոքր թեթևացնել իր անձնական պատասխանավությունը, ապա ոչինչ չի խանգարում հրապարակել դրանք:
 
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի