Հայաստանում հնարավոր է աջ ղեկով մեքենաների ներկրման թույլատրությունը երկարաձգվի: Հիմա քննարկվում է աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը մինչեւ 2020 թվականը երկարաձգելու հարցը: Հնարավոր է նաեւ թույլատրվի ներկրել աջ ղեկով մեքենա, բայց ղեկի տեղը հետագայում փոխելու պայմանով:

 Աջ ղեկով մեքենաների ներկրման ու հետագա շահագործման մասին այս խոսակցությունները մեծ ոգեւորություն է առաջացրել վարորդների մոտ: Թե այս հարցում ինչ որոշում կկայացնի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, պարզ կդառնա աշնան ամիսներին: Անգամ այս հարցով վերջերս տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մասնագետների հետ հանդիպել է Հայաստանում «Autocom Japan» ընկերության մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Դավթյանը: Նրանք նախարարության ներկայացուցիչներից պահանջել են թույլ տալ ներկրումը ղեկը հետագայում փոխելու պայմանով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս ընթացքում նախարարությունում քննարկում են` թույլ տալ աջ ղեկով մեքենաներ ներկրել, թե թույլ տալ ներկրել` այն հետագայում փոխելու պայմանով: Իսկ մինչ այդ այս ընթացքում հայաստանցի վարորդներն իրենց աջ ղեկով ավտոմեքենաների ղեկը փոխում են Վրաստանում, քանի որ այնտեղ այդ ծառայությունը մատչելի է: Բայց պարզվում է` վրացի մասնագետները, առիթից օգտվելով, զգալի բարձրացրել են ղեկը տեղափոխելու աշխատանքի գները:
 
Տեղեկացնենք նաեւ, որ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն` մինչեւ 2020 թվականը ԵԱՏՄ անդամ բոլոր երկրներում արգելվելու է աջակողմյան տեղաբաշխմամբ մեքենաների ներկրումը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս տարվա ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբեր արգելել է աջ ղեկով մեքենաներ ներկրել Հայաստան: Սյունէ Համբարձումյան