Ադրբեջանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին.
 
Արցախի պաշտպանական բանակը տեղեկություն է տարածել արցախա-ադրբեջանական սահմանի հայկական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձի մասին: Ըստ տեղեկության՝ հայկական զինուժը կանխարգելիչ հարվածով ընդհատել է հարձակումն ու ստիպել նահանջել: Մեր կողմը կորուստ չունի, ադրբեջանցիների կորուստը ճշտվում է:
 
Վերջին շրջանում հրադադարի խախտումների փորձերի, առավել ևս մարդուժով հարձակումների փորձերի հաճախակիությունը էապես նվազել է, և այդ իմաստով տեղի ունեցածը նույնիսկ բացառիկ է, թեև, իհարկե, ընդհանրապես հնարավոր չէ երկու խրամատավորված բանակների և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության պայմաններում բացառել այդօրինակ իրողությունները: Համենայնդեպս, տեղի ունեցածը հատկապես ուշագրավ է Հայաստանի ներքաղաքական իրողությունների ֆոնին և առավել հետաքրքիր, որ դա տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին հայտարարությանը զուգահեռ: Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերադարձի առումով շոշափում է հենց Արցախյան խնդրի ու անվտանգության ասպեկտները, և այդ իմաստով ադրբեջանցիների հարձակումը կարծես թե ստացվում է «պատվերով»՝ որպես Քոչարյանի հայտարարությունների «հավելում»: Իհարկե, հասկանալի է, որ խոսքը համատեքստային, ֆոնային գնահատման մասին է, ոչ ուղիղ պատճառահետևանքային կապի:
 
 
Սակայն մյուս կողմից՝ երկրորդ նախագահի հայտարարությունների մեջ ու նաև նրան սատարող ուժերի հռետորաբանության մեջ նկատվում են այդ իմաստով բավականին վտանգավոր երանգներ՝ Արցախյան հարցը քաղաքական նեղ նկատառումներով շահարկելու երանգներ: Այդ հարցում, իհարկե, անսպասելի ոչինչ չկա, որովհետև այդ շրջանակներն ու Ռոբերտ Քոչարյանը դա, այսպես ասած, գործիքակազմ են դարձրել շատ վաղուց, երբ դեռ իշխանություն էին: Այս տեսանկյունից այդ թիմի համար զարմանալի չէ «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքի կիրառումը:
 
Այստեղ առանցքային է դառնում մեկ այլ թիմի հարց՝ արցախյան կառավարության, արցախյան էլիտայի դիրքորոշման հարցը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Ռոբերտ Քոչարյանը բավականին թափանցիկ կերպով ակնարկեց, թե պատրաստվում է կամ, համենայնդեպս, ուզում է հանդիպել Բակո Սահակյանին և արցախյան էլիտային՝ իրավիճակը հասկանալու համար:
 
Կասկած չկա, որ Ռոբերտ Քոչարյանը նրանցից ոչ թե չեզոքություն, այլ «զինակցություն» է ակնկալելու: Ինչ խոսք, Արցախի իշխանությունը, արցախյան էլիտան միանգամայն իրավասու է լինել այս կամ այն տեսակետին, սակայն այս կամ այն տեսակետի կրող լինելը ամենևին չպետք է նույնանա այդ տեսակետի հայաստանյան կրող ուժերի զինակից լինել-չլինելու հետ: Դա պետք է լինի Արցախի՝ թեկուզ չճանաչված պետականության տեսակետը, պետական քաղաքականության դիրքորոշումը, և Հայաստանի քաղաքական ուժերը և շրջանակները պետք է ընտրեն, թե ինչ դիրքավորում ունեն դրա հանդեպ, ոչ թե Արցախի իշխանությունը, արցախյան պետական քաղաքականությունը պետք է հարմարվի Հայաստանի դիրքորոշումներին:
 
Այդ տեսանկյունից Արցախի ՊԲ հաղորդագրությունը դիտարկելով, այսպես ասած, հակառակ կողմից՝ կարող ենք ստանալ այլ լույսի ներքո առկա իրավիճակ, երբ Արցախի իշխանությունը, արցախյան գոտու անվտանգության անմիջական պատասխանատվություն կրող էլիտան հստակ կատարում է իր գործը, իր խնդիրը և անկախ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից՝ լուծում է իր խնդիրներն ու Ադրբեջանի սադրանքին ի պատասխան հստակ ցույց տալիս, որ Հայաստանի ներքին քաղաքական իրողություններից «օգտվելու» որևէ ջանք կամ ակնկալիք միանգամայն ապարդյուն է, քանի որ Արցախը կանգնած է ոչ թե այդ զարգացումների որևէ դիրքում, այլ արցախյան պետականության՝ այդ ամենից վեր գտնվող դիրքերում, ինչը նաև երաշխիքն է այն բանի, որ թե՛ Արցախը թույլ չի տա Հայաստանում որևէ մեկին քաղաքական նպատակներով շահարկման ենթակա դարձնել իրեն և թե՛ Հայաստանում Արցախի այդ բարձր դիրքային նշաձողի պայմաններում չի կարող թույլ տալ շահարկել խնդիրը, այլ ցանկացած ներքին քաղաքական շահի պայմաններում էլ կգտնվի Արցախի, ըստ այդմ՝ հայկական պետականության հանդեպ պարտքի գերակայության ներքո:
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի