Հիմա, երբ բանտի ճանապարհին են, զանգում են ՌԴ. Իզուր մի՛ զանգեք, Մոսկվայում միամիտ մարդիկ չկան. Նիկոլ Փաշինյան
 
 
Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն էությունն ազգային շահերի պաշտպանությունն է: Այս մասին օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Իշխանությունները նախորդ տարիներին իրենց կեցվածքով այնպես են արել, որ տեղի ունեցած բազմաթիվ նեգատիվ երևույթներ՝ այդ իշխանության նաև պասերով, կապվել է ՌԴ-ի հետ: Ինչո՞ւ, որովհետև ուզել են իրենց գործողությունների պատասխանատվությունը դուրս գցել, իբր՝ դրսում ուժեր կան, որոնք թույլ չեն տալիս, որ կոռումպացված չլինեն: Հիմա, երբ բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում՝ ձեր դեմ են պայքարում. իզուր մի՛ զանգեք, որովհետև Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երևանում նույնպես միամիտ մարդիկ չկան»,- նշեց վարչապետը:
 
 
«Այսօր ՀՀԿ ներկայացուցիներից մեկը համարյա արցունք էր թափում՝ վա՜խ, ինչ վատ են հայ-ռուսական հարաբերությունները: Այս ընթացքում երկու անգամ հանդիպել եմ Վլադիմիր Պուտինի հետ և երեք անգամ հեռախոսազրույց եմ ունեցել: Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, լավ են, գնալով ավելի լավանալու են: Մենք ասել ենք՝ արտաքին քաղաքական ռևերանսներ չեն լինելու: Մեր նպատակը հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելն է: Երեք ամիս առաջ խոստանում էի, որ կբարձրանան: Համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո կիմանաք հայ-ռուսական մի հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է Հայաստանի անկախության պատմությունում: Դա լինելու է կոնկրետ ապացույցը, որ մենք հետևողականորեն գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ», ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում:
 
 
«Հայաստանի Հանրապետությունը ոչ մի տեղ չի գնում, Հայաստանը ուղիղ ողնաշարով կանգնած է, հպարտ քաղաքացիներով և արժանապատիվ կեցվածքով և հայ-ռուսական ռազմավարական բարեկամությունը խորանալու է ու զարգանալու է: Մենք զարգացնելու ենք հարաբերությունները Եվրամության հետ: Բա ինչի՞ չեք ասում, որ ՀՀ-ԵՄ հարաբերուըթյունները վատ են: Մեր արտաքին քաղաքականության էությունը մեր ազգային շահերի պաշտպանությունն է», ասել է նա, անդրադառնալով արտաքին քաղաքականության խնդիրներին:
 
 
«Երբ բանտի ճանապարհին են, զանգում են Ռուսաստան, ասում՝ տեսեք կոռուպցիայի դեմ պայքարը ձեր դեմ է: Մոսկվայում միամիտ մարդիկ չկան, Երևանում էլ չկան», ասել է նա: