Հայաստանի ժողովուրդը կայացրեց Քոչարյանի դատավճիռը. Փաշինյանի կոշտ պատասխանը հակահեղափոխությանը
 
Այսօրվա աննախադեպ մարդաշատ հանրահավաքում հեղափոխությունը գտնվում էր իր բարձրության վրա: Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչեց նույնիսկ սենսացիոն բացահայտում. նա ներկաներին տեղեկացրեց, որ նախկին պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր բանկային հաշիվներից մեկի վրա հայտնաբերվել է 30 միլիոն դոլար գումար: Փաշինյանը անուններ չտվեց, բայց բոլորը հասկացան, որ բացահայտվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի, այսպես կոչված, «50-50»-ի կոռուպցիոն սխեմայի կծիկը:
 
Սակայն Նիկոլ Փաշինյանի ելույթում հատկապես ուշագրավ էր կոռուպցիայի ու մյուս ծանր հանցագործությունների դեմ պայքարի հատվածը, որտեղ վարչապետը, ըստ էության, առաջարկեց ինստիտուցիոնալ լուծումներ:
 
Կոռուպցիայի դեմ պայքարին ու ապօրինի հարստացման դեպքերի բացահայտումներին ակնհայտորեն խանգարում է այսօրվա դատական համակարգը՝ իր բարոյական մաշվածության, նաև օրենսդրական բացերի հետևանքով, որոնք նախկին իշխանությունը թերևս հատուկ է ստեղծել՝ իր ապահովագրության նպատակով: Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ստեղծել անցումային արդարադատության մարմիններ, որոնք, մի կողմից, պետք է կարողանան շրջանցել դատական կոռումպացված համակարգը, մյուս կողմից՝ ինստիտուցիոնալ նախադրյալներ ստեղծել հակակոռուպցիոն պայքարն ավելի արդյունավետ դարձնելու, ապօրինի հարստացման դեպքերը իրավական հարթության վրա հանգուցալուծելու նպատակով: Վարչապետի առաջարկությունը ոչ մի կապ չունի, այսպես կոչված, արտակարգ դատարանների կամ հեղափոխական գիլիոտինների հետ. անցումային արդարադատության ինստիտուտը լայնորեն կիրառվում է քաղաքակիրթ աշխարհում՝ կարևոր գործիք դառնալով որոշակի հանցագործությունների բացահայտման համար:
 
Սակայն Նիկոլ Փաշինյանի խոսքի առանցքային հատվածներից մեկը վերաբերում էր Մարտի 1-ի գործին: Սա, ըստ էության, շեշտակի հարված էր Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, նրա գրասենյակի ու փաստաբանների հայտարարություններին: Վարչապետը հստակ ու ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ Մարտի 1-ի ոճրագործությունը, ըստ էության, բացահայտված է՝ փաստելով, որ սահմանադրական կարգի տապալման ու Հայաստանի տաս քաղաքացիների գնդակահարության ոչ մի պատասխանատու չի կարող անպատիժ մնալ: Փաշինյանի այս հայտարարությունն արժանացավ հրապարակում հավաքված մի քանի հարյուր հազար քաղաքացիների բուռն ծափահարությանը. այսպիսով, ըստ էության, հասարակությունը կայացրեց Ռոբերտ Քոչարյանի դատավճիռը: Իհարկե, այստեղ խոսքը գնում է ոչ թե ամբոխի ճնշմամբ իրականացվող արդարադատության, այլ Մարտի 1-ի նոր բացահայտումների շուրջ հանրային լայն կոնսոլիդացիայի մասին: Յուրաքանչյուր դատավոր, ով այսուհետև կհանդգնի դեմ գնալ արդարադատությանը և կամայական որոշումներ կայացնել Մարտի 1-ի գործով, կարծում ենք՝ հետագայում խնդիրներ կունենա ոչ միայն իրավունքի, այլ նաև հասարակության, նրա վերաբերմունքի հետ:
 
Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ու նրա հանցակիցներին խորհուրդ տվեց չապավինել Մոսկվայի աջակցությանը: Վարչապետի նման ինքնավստահությունը հուշում է, որ գոնե այս հարցում որոշակի փոխըմբռնում է ձևավորվել Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև: Չի բացառվում, իհարկե, որ գոյություն ունի մի սահման, որից այն կողմ Փաշինյանը սկզբունքորեն անընդունելի է համարում որևէ արտաքին միջամտություն ու չի էլ պատրաստվում Հայաստանում օրինականության հաստատման հարցը սակարկության առարկա դարձնել արտաքին հարաբերություններում:
 
Ընդ որում՝ Մարտի 1-ի գործին Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց անդրադառնալ երկու անգամ՝ հատուկ շեշտելով, որ ոչ մի ոճրագործ պատասխանատվությունից խուսափել չի կարող: Հավելենք նաև, որ այսօր Գլխավոր դատախազությունը ստացել է Վերաքննիչ դատարանի որոշումը և օրերս մտադիր է վճռաբեկ բողոք ներկայացնել, ու գրեթե կասկածից վեր է, որ Վճռաբեկ դատարանը Քոչարյանին դարձյալ կալանավորելու որոշում է կայացնելու, մանավանդ որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ինչպես պարզվեց երեկ, այս հարցում անկողմնակալ որոշում կայացնել չէր կարող՝ հենց Մարտի 1-ի գործով տաս տարի առաջ իր կայացրած սուբյեկտիվ ու տենդենցիոզ վճիռների բերումով:
 
Սակայն հակահեղափոխական ռևանշի ճանապարհը Փաշինյանը մտադիր է փակել ոչ միայն իրավական, այլ նաև օրենսդրական ճանապարհով. նա հանրահավաքում քիչ առաջ հայտարարել է, որ սահմանադրական փոփոխություն են նախատեսում, ըստ որի՝ խորհրդարանը կարող է լուծարվել ոչ միայն վարչապետի հրաժարականի ու նոր վարչապետ ընտրելու անհնարինության հետևանքով, այլ նաև սեփական որոշմամբ:
 
Սահմանադրական այս փոփոխությունների հետևանքով անգամ գործող՝ քրեաօլիգարխիկ խորհրդարանում բացառվում է հակահեղափոխության հնարավորությունը: Օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար հավաքվել էր ֆորմալ մեծամասնության շեմն ընդամենը յոթով զիջող պատգամավորական ստորագրություն, և շատերը կարծիք էին հայտնում, որ քրեաօլիգարխիան՝ երկրորդ նախագահի գլխավորությամբ, հակահեղափոխության փորձ է անելու, երբ Փաշինյանը փորձի արտահերթ ընտրություններ նախաձեռնել՝ իր հրաժարականի քայլով:
 
Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքից հետևում է, որ խորհրդարանը կլուծարվի իր կամքով կամ հասարակության ճնշմամբ՝ առանց վարչապետի հրաժարականի:
 
Ռոբերտ Քոչարյանի ռևանշի ձգտումներն այլևս զրկվում են բոլոր քաղաքական և իրավական հիմքերից՝ նրա համար անխուսափելի դարձնելով երկարատև ազատազրկման հեռանկարը:
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի