Մեկնարկը տրված է. Երևանի ընտրությունների ինտրիգները
 
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Այսօր այսպիսի որոշում է կայացրել ԿԸՀ-ն՝ թեև այս ամսաթիվը լրատվամիջոցների կողմից ամենահավանականն էր համարվում շատ վաղուց: ԿԸՀ-ն հաստատել է նաև ընտրական գործընթացի ժամանակացույցը, մասնավորապես՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է իրենց առաջադրման հայտը ներկայացնեն մինչև օգոստոսի 29-ը։ Հանձնաժողովը հայտերը կհաստատի մինչև սեպտեմբերի 3-ը: Արտահերթ ընտրությունների ժամանակ քարոզարշավի ժամկետը կրճատվում է. քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին և կավարտվի սեպտեմբերի 21-ին:
 
Այսօր քչերն են կասկածում, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները կլինեն օրինական. սա հետհեղափոխական Հայաստանի առաջին ընտրություններն են, հեղափոխության առաջին լուրջ փորձությունը ու կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանի թիմն անելու է առավելագույնը՝ օրինական ընտրությունների մոդելը ներդնելու համար:
 
Այնուամենայնիվ, ընտրությունների օրինականությունը չի երաշխավորում դրանց մրցակցային բնույթը: Ֆորմալ առումով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը գուցե նույնիսկ գերազանցի մեկ տասնյակը, բայց ակնհայտ է, որ սուր մրցակցություն չի սպասվում. առաջիկա մեկ ամիսը չի կարող փոխել ընտրական այս գործընթացի ֆավորիտին, որը կանխորոշված է հեղափոխական գործընթացով:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա բազմամարդ հանրահավաքում արդեն հնչեցրել է իր թեկնածուի անունը ու դատելով հանրության արձագանքից՝ դերասան Հայկ Մարությանն է դառնալու Երևանի 12-րդ քաղաքապետը: Դժվարանում ենք կանխատեսել, թե ինչպիսի քաղաքապետ կլինի Կարգին Հայկոն, որովհետև նրա առնչությունը քաղաքականությանը, կառավարման ոլորտին եղել է խիստ անուղղակի: Մարությանի հիմնական հաղթաթուղթն այն է, որ նրա կերպարը տեղավորվում է, այսպես կոչված, հակահամակարգային թրենդի մեջ, ինչն այսօր պոպուլյար է ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ ողջ աշխարհում: Այս ընտրությունների ակնհայտորեն բացասական հետևանքն այն է, որ երևանցիներն ընտրելու են քաղաքապետ, սակայն նրա գործունեության ուղղակի պատասխանատու համարելու են Նիկոլ Փաշինյանին. հենց հեղափոխության առաջնորդի բարձր վարկանիշն է հիմնական գործոնը, որը Երևանի ընտրությունները դարձնում է, ըստ էության, ոչ մրցակցային: Երկրում չկա որևէ այլ գործիչ, որն այսօր հանրային ավելի մեծ կոնսոլիդացիա ապահովելու պոտենցիալ ունենա:
 
Մյուս կողմից՝ արտահերթ ընտրությունների ռեժիմը ենթադրում է ընդամենը 12-օրյա քարոզարշավ, որը նույնիսկ տեսականորեն հնարավոր չի դարձնում, որպեսզի ընտրական գործընթացի որևէ այլ սուբյեկտ կարողանա մարտահրավեր նետել բարձր վարկանիշ ունեցող իշխանության ներկայացուցիչին: Իհարկե, այս հարցում իշխանությանը մեղադրել չի կարելի, որովհետև արտահերթ ընտրության ռեժիմը գրեթե նույնն է բոլոր երկրներում:
 
Մի հանգամանք էլ ակնհայտորեն առավելություն է ընձեռում իշխանության կուսակցությանը. դա, այսպես, կոչված բոնուսի մոդելն է, երբ 40% ստացած քաղաքական ուժը հնարավորություն է ստանում մեծամասնություն ձևավորել ավագանիում ու նրա ցուցակի առաջին համարն ավտոմատ դառնում է Երևանի քաղաքապետ: Սակայն օրենսդրական այս անհեթեթության հեղինակը նույնպես ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է, այլ նրան նախորդած հանրապետական իշխանությունը: ԸՕ-ն հիմա բարեփոխումների փուլում է և ուղղակի անհնար էր դրանք իրականացնել մինչև ավագանու ընտրությունները:
 
Սակայն ընտրությունները լինելու են հետաքրքիր՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց ֆավորիտը հայտնի է ու անակնկալներ չեն կարող լինել Երևանի նոր քաղաքապետի հարցում: Երևանի ընտրությունները դառնալու են խորհրդարանական առաջիկա ընտրությունների մանրակերտը, ու մենք հնարավորություն ենք ստանում հետևել քաղաքական համակարգի հիմնական դերակատարների վարքագծին, նրանց մարտավարությանը, նոր իրավիճակում ի հայտ եկած հնարավորություններին, նաև՝ նոր իրավիճակի հարուցած ռիսկերին:
 
Օրինակ՝ այս ընտրություններն առաջինն են «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ձևավորած դաշինքի համար, և ըստ էության, փորձարկվելու են նոր ձևաչափի հնարավորությունները, սահմանագծվելու է նրա էլեկտորալ բազան, հստակեցվելու են խորհրդարանական ընտրություններում այն ընդարձակելու մեխանիզմները:
 
Այս ընտրություններն առանձնահատուկ են նաև ԲՀԿ-ի համար, որովհետև առաջինն են, որոնց կուսակցությունը մասնակցում է համակարգային կոնստրուկցիայից դուրս, ըստ այդմ՝ զրկված է «10000 դրամ»-ի ռեսուրսն օգտագործելու ռեսուրսից: Հասարակությանը հետաքրքրում է, թե այդ վակուումն ինչպես է ծածկելու Գագիկ Ծառուկյանի թիմը. արդո՞ք գտնվել են գաղափարներ, որոնցով հնարավոր կլինի շահել երևանցիների մի մասի վստահությունը, մանավանդ, որ ԲՀԿ-ն, այսպես, կոչված երևանյան կուսակցություն չէ ու ավանդաբար թույլ դիրքեր է ունեցել մայրաքաղաքում:
 
ՀՅԴ-ն դեռևս պաշտոնապես չի հայտարարել իր թեկնածուի մասին, սակայն Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնի ակտիվացումից հետո առաջիկա ընտրական գործընթացում այս կուսակցության շուրջ ինտրիգը մեծանում է. արդյո՞ք հակահեղափոխության ճամբարը ՀՅԴ-ի միջոցով անուղղակիորեն փորձարկելու է իր էլեկտորալ հնարավորությունները, մոբիլիզացնելու է իր կազմակերպչական ու մարդկային ռեսուրսները, թե՞ ավանդական կուսակցությունն այս ընտրություններին մասնակցելու է, այսպես կոչված, ավտոնոմ ռեժիմում՝ դրանց արդյունքում գրեթե անխուսափելիորեն մղվելով քաղաքական լուսանցք:
 
Եվ վերջապես՝ ընտրական գործընթացի ընթացքում կարող են հրապարակ գալ նոր գաղափարներ, տեխնոլոգիաներ ու դրանք կլինեն մեր համակ ուշադրության կենտրոնում: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում որևէ նշանակալի իրադարձություն չի վրիպելու մեր տեսադաշտից, եթե անգամ այն կապված լինի ընտրական նվազագույն շանսեր ունեցող կուսակցության կամ թեկնածուի հետ:
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի