Ռոբերտ Քոչարյանը փակեց դաշտը. ընտրություն չի լինելու, ով է համարձակը
 
Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը դարձրել է երկբևեռ, թեև վերադարձն ինքնին դեռևս չի դրսևորվել որևէ շոշափելի ձևաչափով: Ձևաչափի հարցը, թերևս, ամենաբարդն է, որովհետև դա Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերից պահանջելու է, այսպես ասած՝ լիարժեք բացահայտում և դիրքավորում: Իսկ այդ ուժերն առայժմ պատրաստ են դրան, և անգամ Հանրապետականը, որ ամենից բաց տեքստով է սատարել Քոչարյանին այս օրերին, չի շտապում միարժեք հայտարարել նրա հետ գործակցելու կամ դաշնակցելու մասին:
 
Պատճառներն այստեղ տարբեր են, և յուրաքանչյուր ուժ ունի զգուշանալու կամ չշտապելու իր ոչ միայն պատճառը, այլ հենց պատճառները: Սակայն մյուս կողմից էլ Ռոբերտ Քոչարյանի միայն անունը, իբրև գործոն, արդեն բավարար է, որպեսզի որևէ այլ ֆորմատ, որը չի ենթադրում նրա մասնակցություն և առաջնորդություն, ունենա դրսևորվելու դժվարություն: Ընդ որում` անկախ, թե այդ ֆորմատը ինչ դիրքավորման է պատրաստվում:
 
Այդպիսով, ունենք երկբևեռացող իրավիճակ, որտեղ, սակայն, բևեռներից մեկը ավելի շատ իր բնույթով ստատիկ է, ոչ ճկուն: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի շուրջ գոյացող բևեռի մասին է: Քաղաքական իմաստով այդ իրավիճակը բխում է նոր իշխանության շահից, քանի որ այդ իշխանության հնարավոր մեծ ու փոքր մրցակիցները կամ կանգնած են «լյուստրացիայի» անխուսափելիության առաջ որևէ հաջորդ քայլի պարագայում, կամ քաղաքական այլ գործունեության և քայլերի հարցում չափազանց նեղացված տարածության առաջ, որը նրանց թույլ չի տալիս շարժվել և թողել է, ըստ էության, մի ճանապարհ՝ դեպի Ռոբերտ Քոչարյան: Այդ ճանապարհով չգնալու դեպքում քաղաքական հավակնություն ունեցող սուբյեկտները կանգնում են խնդրի առաջ՝ ուր գնալ, որովհետև դատելով համենայն դեպս առայժմ արվող ուղերձներից և հաղորդագրություններից, Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ «ընդունել», այսպես ասած՝ զինակիցների կամ գործընկերների, ինչի վառ վկայությունն էր օգոստոսի 17-ի հանրահավաքը:
 
Թվում է, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձը նրան պետք է դներ հակառակ անհրաժեշտության առաջ, որպեսզի դիմագրավեր «հակահեղափոխության» բևեռին: Սակայն իրականում ամեն ինչ հակառակն է, և ստատիկ բևեռի ձևավորումը մանևրի ավելի մեծ տեղ է տվել Փաշինյանին, որը այժմ ավելի ու ավելի բաց տեքստով է մերժում «օգնության» հայտերը, որ հնչում են բաց կամ անուղղակի տեքստերով: Իրականում, իհարկե, դրանք օգնության հայտեր չեն, այլ ավելի շուտ օգնության կանչեր, որ ուղղված են Նիկոլ Փաշինյանին՝ օգնության հայտի ներքո:
 
Բանն այն է, որ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ գործնականում բոլոր քաղաքական ուժերն ունեն խորհրդարան անցնելու խնդիր, անգամ եթե նվազեցվի անցողիկ շեմը: Նախ, եթե Նիկոլ Փաշինյանը չի գնում այսպես ասած լայն կոալիցիայով, ապա բնական է, որ մյուս ուժերը ստիպված են խորհրդարանում տեղ ունենալու համար մասնակցել ընտրությանն առնվազն առանձին: Մի կողմից դա նշանակում է մեծ ռիսկ, մյուս կողմից՝ գործնականում խաղասեղանին քաղաքական գործընթացներից դուրս մնալու հարցն է: Այստեղ ահա հարկավոր է թերևս փոքր-ինչ հանգամանալի կանգ առնել հենց այդ խնդրի վրա: Սովորաբար այս համատեքստում դիտարկումների հիմնական ծավալը բաժին է ընկնում այս կամ այն ուժի հնարավորությունների, Նիկոլ Փաշինյանի հետ չգնալու դեպքում այլ դաշնակիցներ գտնելու, այլ դաշինքների իրատեսականության, մրցունակության շուրջ: Սա, այսպես ասած, ստանդարտն է:
 
Իսկ արժե՞ արդյոք դիտարկել իրավիճակը ստանդարտից դուրս, օրինակ` խորհրդարանի ընտրությանը չմասնակցելու համատեքստում: Եթե քաղաքական ուժը ունի անցողիկության խնդիր և փորձում է ինտենսիվ կերպով գտնել որևէ ֆորմատ, որը կապահովի տեղ խորհրդարանում, դա էլ այն պարագայում, որ այդ տեղն ակնհայտորեն լինելու է խիստ փոքրամասնություն: Երևի թե որևէ մեկի մոտ չի հարուցում կասկած, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը արտահերթ ընտրության արդյունքում խորհրդարանում կստանձնի մեծամասնություն, իսկ մնացյալ մասը, մեծ հավանականությամբ, կբաժանվի, այսպես ասած՝ փոքր կտորներով, այսինքն` բազմաթիվ ուժեր կստանան որոշակի քանակի ձայներ, առանց որոշիչ չափաքանակի: Այդպիսով, եթե քաղաքական ուժն այս դասավորության մեջ մեծամասնություն չէ, ո՞րն է խճանկարային փոքրամասնություն լինելու իմաստը, եթե անգամ հաջողվում է տեղ ունենալ խորհրդարանում: Փոխարենը, արդյո՞ք որևէ քաղաքական ուժ դիտարկում է խորհրդարանի արտահերթ ընտրությունը, այսպես ասած՝ աշխուժորեն բաց թողնելու տարբերակը: Ինչի՞ մասին է խոսքը: Խոսքը քաղաքական աշխույժ բանավեճի մեջ լինելու մասին է՝ ժամանակակից տեղեկատվական հնարավորությունները լիովին թույլ են տալիս անել դա առանց նախընտրական արշավի, միաժամանակ հրաժարվելով գործնականում առանց ընտրության ընտրությանը մասնակցելու հնարավորությունից:
 
Ինքնախաբեություն է կարծել, որ խորհրդարանի արտահերթ ընտրությանը լինելու է քաղաքական մրցակցություն: Երկրորդ բևեռի ձևավորումը մեկընդմիշտ փակում է այդ հարցը: Քաղաքական մրցակցությունը կարող է զարգանալ այդ երկբևեռ դիմակայությունից դուրս և առնվազն հաջորդ ընտրության հեռանկարով: Կգտնվի՞ քաղաքական ուժ, որը համարձակորեն բաց կթողնի խորհրդարանի գալիք ընտրությունը՝ աշխուժորեն զբաղվելով նոր քաղաքականությամբ և հավակնելով խորհրդարանի հաջորդ ընտրությանը ներկայանալ որպես հանրայնորեն սպասված խաղացող:
 
 
Հեղինակ՝ Արամ Ամատունի
 
Աղբյուրը՝ 1in.am