«Ազատ խոսք». «Տրոյկաների» ստեղծումը չարյաց փոքրագույնն է.
 
 
 
 
 
Հայաստան 24-ի եթերում այսօր կխոսենք անցումային արդարադատության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների և հանրապետականների բավականին կոշտ և նյարդային արձագանքների մասին:
 
Հանրապետականների (և ընդհանրապես՝ քոչարյանամերձ շրջանակների) արձագանքն իսկապես նյարդային էր, տեղ-տեղ նույնիսկ սրտաճմլիկ: Եվ դա միանգամայն հասկանալի է. անցումային արդարադատության մարմինները կարող են չտրվել նախկին իշխանությունների ճնշումներին և, ասենք, մի քանի միլիարդ դրամի գրավի դիմաց կամ հենց այնպես չփոխել մեղադրյալների խափանման միջոցը: Բայց խնդիրը միայն նախկին իշխանությունները չեն, հասարակության տարբեր շերտեր նույնպես այնքան էլ չոգևորվեցին անցումային արդարադատության գաղափարից և դրանում որոշակի վտանգներ են տեսնում: Անգամ զուգահեռներ են անցկացնում ստալինյան տխրահռչակ «տրոյկաների» հետ ու նույնիսկ կատակում, թե մեր ժամանակների «տրոյկաներում», երևի, ներգրավված կլինեն մեկական ներկայացուցիչներ «ՔՊ»-ից, ԱԱԾ-ից և, ասենք, Սորոսի հիմնադրամից: Այո, անցումային արդարադատության մարմիններ ստեղծելն իսկապես լավագույն լուծումը չէ և կարող է իր մեջ լուրջ վտանգներ պարունակել: Բայց Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ այդպիսի մարմիններ չստեղծելը կարող է շատ ավելի վտանգավոր լինել:
 
Եթե մի կողմ թողնենք իրավական բարդ ձևակերպումներն ու զանազան միջազգային կոնվենցիաներով սահմանված խուճուճ ընթացակարգերը և իրերը կոչենք իրենց անուններով, ապա Հայաստանում այսօր ունենք հետևյալ պատկերը.  20 տարի առաջ մարդկանց մի խումբ Հայաստանում տիրել է իշխանությանը,  20տարվա ընթացքում թալանել երկիրը, ոտնահարել Սահմանադրության հնարավոր բոլոր հոդվածները, վիթխարի անձնական հարստություն կուտակել, գնդակահարել կամ երկրից քշել բոլոր մրցակիցներին, ու հիմա էլ՝ իշխանափոխությունից հետո, փորձում է օգտագործել այդ միլիարդները, օգտագործել ընտրակեղծիքներով ձեռք բերված այդ միլիարդները և վերադարձնել իշխանությունը: Իսկ դատարաններն այդ մարդկանց ազատ են արձակում, և վերջ: Այնպես չէ, որ այդ մարդկանց արածը թաքուն է եղել: Ոչ: Այդ մարդիկ ընտրակաշառքը բաժանել են բոլորի աչքի առաջ, ցուցարարների վրա կրակել են բոլորի աչքի առաջ, միլիարդները կուտակել են բոլորի աչքի առաջ, և այլն: Ցանկացած երևանցու հարցրեք, մեկ առ մեկ կասի, թե Երևանի այսինչ բանկի, այնինչ հյուրանոցի, հիվանդանոցի կամ ռեստորանի իրական սեփականատերը որ նախկին պաշտոնյան է, որդին, եղբայրը, փեսան, խնամին և այսպես շարունակ:
 
Հիմա ո՞րն է ավելի վտանգավոր՝ անցումային արդարադատության մարմիններ ստեղծե՞լը, թե՞ այդ կազմակերպված հանցախմբի անդամներին ազատության մեջ թողնելը: Առաջին դեպքում՝ այո, տեսականորեն վտանգ կա, որ Հայաստանում կարող է ստեղծվել իշխանական կոշտ ավտորիտար համակարգ, բայց երկրորդ դեպքում հետևանքներն ավելի ծանր են լինելու՝ 20-ամյա մղձավանջը կարող է վերադառնալ, և այն էլ՝ շատ ավելի կոշտ դրսևորումներուվ: Այդ դրան Հայաստանն արդեն հաստատ չի դիմանա: