Այն, ինչ երեկ անհնար էր թվում.
 
 
 
Երեկ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հաստատել է այն տեղեկությունը, որ Երևանի ավագանու ընտրություններում ինքն է ղեկավարելու «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համամասնական ցուցակը։ Միևնույն ժամանակ, հարցին՝ այսպիսով «Ելք» դաշինքը դադարո՞ւմ է գոյություն ունենալ, Զեյնալյանը պատասխանել է, որ «Ելքը» կա ու շարունակելու է գործել Ազգային ժողովում, քանի դեռ խորհրդարանը չի արձակվել: Զեյնալյանի վերջին ձևակերպումը մամուլին հիմք է տվել եզրակացնելու, որ «Ելքը» մարտավարական նպատակով է երկու թևերով մասնակցում ընտրություններին՝ հետագայում ավագանիում կոալիցիա կազմելու ծրագրով։
 
 
Իհարկե, կարծում ենք՝ տեղին չէ խոսել հատուկ մարտավարության մասին. այն, ըստ ամենայնի, գոյություն չունի, և գործընթացները զարգանում են առանց կոնկրետ սցենարի՝ բնական ճանապարհով։
 
 
Զեյնալյանի խոսքի մեջ ուշագրավը հատկապես այն հատվածն էր, որտեղ նա խոսում էր «Ելքի» գոյության մասին՝ մինչև նոր ընտրությունները։ Իրականում սա ոչ միայն արձանագրում է, որ կապված է գործող խորհրդարանում այդ անունով խմբակցության գոյության ֆորմալ հանգամանքի հետ, այլև հստակ քաղաքական ուղերձ է, որ «Ելքի» կուսակցությունները՝ անկախ ընթացիկ հակասություններից, միասնական են հեղափոխության պլատֆորմի հարցում, տվյալ դեպքում՝ հեղափոխության արդյունքները ֆորմալիզացնելու խնդրում։ Քանի դեռ հեղափոխությունը չի ավարտվել, այսինքն՝ տեղի չեն ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, «Ելքը» պահպանելու է կոնսոլիդացված դիրքորոշումները սկզբունքային հարցերում՝ կառավարությանը հարվածի տակ չդնելու համար։ Սա էր Զեյնալյանի երեկվա խոսքի հիմնական քաղաքական ուղերձը։
 
 
Մյուս կողմից՝ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենա, եթե ՔՊ-ն ու «Հանրապետություն»-«Լուսավոր Հայաստան» դաշինքը նոր ավագանիում և խորհրդարանում կոալիցիա ձևավորի. նրանք գործում են հեղափոխության պլատֆորմի վրա և քաղաքական դաշտում բնական դաշնակիցներ են, նոր Հայաստանի քաղաքական խճանկարն ամբողջացնող սուբյեկտներ։ ՔՊ-ն ու նորաստեղծ դաշինքը կարող են ունենալ հակասություններ, սակայն դրանք վերաբերում են ոչ թե հեղափոխությանը ու դրանից ածանցվող հարցերին, այլ ընթացիկ քաղաքականությանը կամ Հայաստանի զարգացման հեռանկարներին։
 
 
«Հանրապետության» և «Լուսավոր Հայաստանի» դաշինքը հետհեղափոխական Հայաստանում դեմոկրատական հակակշիռ ստեղծելու առաջին փորձն է, որի հաջողությունը հեղափոխության հաղթանակի համար նույնքան կարևոր է, որքան կառավարության որակը կամ գործունեության արդյունավետությունը։
 
 
 
Եթե առաջիկայում սպասվող ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն կարողանա ձևավորել խորհրդարանական մեծամասնություն և քաղաքային իշխանություն, իսկ նորաստեղծ դաշինքը ապագա խորհրդարանում և ավագանիում ունենա ծանրակշիռ ներկայություն՝ դեմոկրատական հակակշռի իր առաքելութոյւնը կատարելու համար, ապա Հայաստանում կունենանք միանգամայն նոր քաղաքական համակարգ, որը զուրկ կլինի անտագոնիզմից, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կոնսոլիդացված կչեզոքացնի մարտահրավերները։
 
 
 
Նման վարքագիծ ունեն քաղաքակիրթ աշխարհի քաղաքական համակարգերը։ Օրինակ՝ Ֆրանսիայում պահպանողականները, սոցիալիստները, Մակրոնի ցենտրիստները կարող են լինել սուր մրցակցության մեջ, սակայն նրանց կոնսոլիդացնում է աջ արմատականների հաղթանակի ռիսկը։ Անցած տարվա նախագահական ընտրությունների երկրորդ փուլում բոլոր պարտված թեկնածուները կոնսոլիդացվեցին Մակրոնի շուրջը՝ Լե Պենի հաղթանակը կանխելու նպատակով։ Նույնը կարող է լինել Հայաստանում. ՔՊ-ն ու «Ելքի» մյուս երկու կուսակցությունները միասնական ճամբարում են հակահեղափոխության մարտահրավերներին դիմագրավելու հարցում, սակայն նրանք մրցակիցներ են, երբ խոսքը երկրի զարգացման ուղիների մասին է։
 
 
 
Արդեն այն հանգամանքը, որ «Ելք» դաշինքի փաստացի լուծարումը տեղի ունեցավ քաղաքակիրթ, գործընկերային մթնոլորտում՝ հուշում է, որ Հայաստանում գործ ունենք քաղաքական նոր իրողությունների հետ։ Երբ ընտրական ինստիտուտների գործունեությունը վերականգնվի ամբողջ ծավալով, ապա նախընտրական դաշինքները կկորցնեն իրենց ակտուալությունը։ Նախընտրական դաշինքները հրատապ են ավտորիտար ռեժիմների պարագայում, երբ անհրաժեշտ է ռեսուրսների առավելագույն կոնսոլիդացիա՝ իշխանությունների ճնշումներին դիմակայելու համար։
 
 
Դեմոկրատական համակարգերում կուսակցությունների քաղաքական կամ գաղափարական ընդհանրությունները բերում են խոշորացումների կամ միասնական կուսակցության ստեղծման, իսկ կոալիցիաները սովորաբար լինում են հետընտրական՝ կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու համար։ Հայաստանն ըստ ամենայնի գնում է այդ ճանապարհով. դրան նպաստում է ոչ միայն հեղափոխությունը, այլ նաև կառավարման խորհրդարանական մոդելը։
 
 
Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումն ապահովելու նպատակով, բայց ստացավ հեղափոխություն։ Հիմա խորհրդարանական համակարգը կարող է գործել լիարժեքորեն։ Մի բան, որ դեռ ամիսներ առաջ անհնար էր թվում։
 
 
Հեղինակ՝ Սարգիս Արծրունի